«…Մեր քայլքը, եթե նրանում ներկա է Աստված, մեզ անշեղ առաջնորդում է դեպի մեր յուրաքանչյուր եղբոր և յուրաքանչյուր քրոջ սիրտը…»։
«Մարիամը վեր կացավ և շուտափույթ գնաց» (Ղկս 1, 39)
Թանկագին Երիտասարդներ,
Պանամայում կայացած ԵՀ Օրվա թեման էր. «Ահա՛ Տիրոջ աղախինն եմ. թող որ քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղկս 1, 38)։ Այդ իրադարձությունից հետո՝ կրկին ճանապարհ ընկանք դեպի նոր նպատակակետ, – Լիզբոն 2023, – թողնելով, որ մեր սրտերում արձագանքի Աստծո հրատապ հրավերը՝ ոտքի կանգնելու։ 2020 թվականին խորհրդածեցինք Հիսուսի այս խոսքի շուրջ. «Պատանի, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց» (Ղկս 7, 14)։ Անցյալ տարի մեզ ներշնչեց Պողոս Առաքյալի կերպարը, որին Հարուցյալ Տերն ասաց. «Վե՛ր կաց։ Քեզ վկա եմ կարգում այն բաների, որ տեսար» (հմմտ. Գրծ 26, 16)։ Այն ժամանակահատվածում, որը մեզ տակավին մնում է՝ Լիզբոն հասնելու համար, կքայլենք Նազարեթի Սուրբ Կույսի հետ, ով, Ավետումից անմիջապես հետո, «վեր կացավ և շուտափույթ գնաց» (Ղկս 1, 39) օգնելու իր զարմուհուն՝ Եղիսաբեթին։ Բոլոր այս երեք թեմաներին ընդհանուր բայը վեր կենալ-ն է. արտահայտություն, որը – լավ է հիշել սա – ստանձնում է նաև «հարություն առնելու», «կյանքի վերազարթոնքի» իմաստն ու նշանակությունը։
Այս վերջին ժամանակներում, այսքա՜ն դժվարին, մինչ մարդկությունը, որն արդեն խորը տառապանքի էր ենթարկվել համաճարակի պատճառով, այժմ էլ տառապում է պատերազմի ողբերգության հետևանքով, Մարիամը բոլորի և ի մասնավորի ձեր՝ իր նման երիտասարդների առաջ բացում է մերձավորության ու հանդիպման ճանապարհը։ Հուսով եմ, և հաստատապես հավատում եմ, որ փորձառությունը, որը ձեզնից շատերը Լիզբոնում կապրեն գալիք տարվա Օգոստոսին, նոր սկիզբ կհանդիսանա ձեր՝ երիտասարդներիդ համար, և ձեր հետ միասին՝ ողջ մարդկության համար։
Մարիամը վեր կացավ …
Մարիամը, Ավետումից հետո, կարող էր կենտրոնանալ ինքն իր վրա, իր նոր վիճակի հետ կապված մտահոգությունների ու վախերի վրա։ Մինչդեռ ո՛չ, նա անմնացորդ կերպով ապավինում է Աստծուն։ Նախընտրում է մտահոգվել Եղիսաբեթի համար։ Վեր է կենում և դուրս է գալիս արևի լույսին, այնտեղ՝ ուր կյանք ու շարժում կա։ Չնայած այն բանի, որ հրեշտակի կողմից իրեն տրված հոգեխռով ավետիսը մի ”երկրաշարժ” էր առաջացրել իր կյանքի ծրագրերում, երիտասարդ այդ աղջիկը չի անշարժանում, չի պարալիզացնում իր կյանքը, որովհետև իր մեջ կրում է Հիսուսին, հարության զորությունը։ Իր մեջ արդեն իսկ կրում է Մորթված Գառանը, որը սակայն միշտ ողջ է։ Վեր է կենում և շարժման մեջ է դնում իրեն, որովհետև վստահ է, որ Աստծո ծրագրերն են հնարավոր լավագույն ծրագիրն իր կյանքի համար։ Մարիամը դառնում է Աստծո տաճար, քայլող Եկեղեցու պատկեր, Եկեղեցու, որ դուրս է գալիս և իրեն դնում է ծառայության մեջ, Եկեղեցու, որը Բարի Լուրը կրողն է։
Սեփական կյանքում Հարուցյալ Քրիստոսի ներկայության փորձառությունն ունենալը, հանդիպելը Նրան «ողջ», հոգևոր ամենամեծ ուրախությունն է, մի լույսի ժայթքում, որ չի կարող «անշարժ» թողնել ոչ ոքի։ Իսկույն շարժման մեջ է դնում և մղում է ուրիշների տանելու այս լուրը, վկայելու այս հանդիպման ուրախությունը։ Այն է, ինչով ոգևորված էր առաջին աշակերտների փութկոտությունը՝ Հարությանը հաջորդած օրերի ընթացքում. «Գերեզմանից շուտափույթ դուրս գալով, երկյուղով ու մեծ ուրախությամբ՝ կանայք վազեցին Նրա աշակերտներին ավետիս տալու» (Մտթ 28, 8)։
Հարության պատմությունները հաճախ գործածում են երկու բայ. արթնանալ և վեր կենալ։ Դրանցով Տերը մեզ մղում է դուրս գալու դեպի լույսը, թույլ տալու, որ Ինքն առաջնորդի մեզ՝ մեր բոլոր փակ դռների շեմերից այն կողմ անցնելու համար։ «Նշանակալի պատկեր է Եկեղեցու համար։ Մենք էլ, որպես Տիրոջ աշակերտներ և որպես Քրիստոնեական Հասարակություն, կանչված են փույթով վեր կենալու՝ մտնելու համար Հարության դինամիզմի մեջ, և թույլ տալու, որ Տերն առաջնորդի մեզ այն ճանապարհներով, որոնք Ինքը կամենում է մատնացույց անել մեր առջև» (Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների տոնի քարոզից, 29 Հունիս 2022)։
Տիրամայրը բնօրինակ է շարժման մեջ ապրող երիտասարդների համար, որոնք անշարժացած չեն հայելու առաջ՝ դիտելու իրենց սեփական դիմագծերը, կամ ”բռնված”, ”որսացված” չեն համա”ցանցեր”ի թակարդների մեջ։ Նա ամբողջովին մղված է դեպի արտաքին աշխարհը։ Նա զատկական կինն է, որ ապրում է «ելք»ի մնայուն վիճակում, սեփական անձից ելքի՝ դեպի այն Մեծ Ուրիշը, որ Աստված է, և դեպի ուրիշները՝ եղբայրներն ու քույրերը, հատկապես՝ ամենակարիքավորները, ինչպիսին որ էր զարմուհին՝ Եղիսաբեթը։
… և շուտափույթ գնաց
Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացին Ղուկասի Ավետարանի իր մեկնության մեջ գրում է, որ Մարիամը շուտափույթ ճանապարհ ընկավ դեպի լեռնակողմը, «որովհետև ուրախ էր ստացած խոստման համար և կամենում էր բարեպաշտորեն մի ծառայություն մատուցել, այն սլացքով, որ բխում էր իր ներքին բերկրանքից։ Ո՞ւր այլևս, մինչ լիացած էր Աստծով, կարող էր նա փութալ գնալու, եթե ո՛չ՝ դեպի վերև։ Սուրբ Հոգու շնորհը դանդաղկոտություն չի պատճառում»։ Մարիամի փութկոտությունն, ուրեմն, ծառայության փույթն է, ուրախալի ավետիսի, Սուրբ Հոգու շնորհին տրված պատրաստակամ պատասխանի։
Մարիամը թույլ տվեց, որ իր տարեց զարմուհու կարիքը հասնի և հպվի իրեն։ Ետ չքաշվեց, անտարբեր չմնաց։ Ավելի ուրիշների մասին մտածեց, քան ինքն իր մասին։ Եվ սա դինամիզմ ու խանդավառություն հաղորդեց իր կյանքին։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. Ինչպե՞ս եմ հակազդում այն կարիքների դիմաց, որ տեսնում եմ իմ շրջապատում։ Իսկույն մտածում եմ ինչ որ մի արդարացում գտնելու մասի՞ն, պատասխանատվություն չստանձնելու համար, թե՞ հետաքրքրվում եմ և պատասխանատվություն եմ ստանձնում։ Անշուշտ, չեք կարող աշխարհի բոլոր խնդիրները լուծել։ Բայց վստահաբար կարող եք սկսել այն խնդիրներից, որոնք վերաբերվում են ձեր մերձավորներին, ձեր տարածքի խնդիրներից։ Մի անգամ ոմանք ասացին Մայր Թերեզային. «Այն, ինչ Դուք անում եք, սոսկ մի կաթիլ է օվկիանոսում»։ Եվ նա պատասխանեց. «Բայց եթե դա չանեմ, օվկիանոսը մի կաթիլով պակաս կլինի»։
Կոնկրետ ու անհապաղ կարիքի դիմաց հարկավոր է անհապաղ գործել։ Քանի՜ քանի՜ մարդիկ աշխարհում սպասում են այցելությանը ինչ որ մեկի, ով հոգատար կլինի իրենց հանդեպ։ Քանի՜ տարեցներ, հիվանդներ, բանտարկյալներ, գաղթականներ կարիքն ունեն մեր կարեկից հայացքի, մեր այցելության, մի եղբոր կամ մի քրոջ, ով կանցնի անտարբերության շեմից այն կողմ։
Ինչպիսի՞ «անհապաղություններ» են ձեզ շարժման մեջ դնում, թանկագին երիտասարդներ։ Ի՞նչն է ձեզ զգալ տալիս ձեզ շարժման մեջ դնելու անհապաղությունը, այն աստիճան, որ այլևս չկարողանաք անշարժ մնալ։ Բազմաթիվ մարդիկ – որոնք զգացել են հարվածն այնպիսի իրականությունների, ինչպիսիք են համաճարակը, պատերազմը, բռնի գաղթը, աղքատությունը, բռնությունը, կլիմայական աղետները – իրենց առջև հարց են դնում. ինչո՞ւ է սա պատահում ինձ, ինչո՞ւ հենց ինձ, ինչո՞ւ հիմա։ Եվ այդ ժամանակ մեր գոյության կենտրոնական հարցը դառնում է սա. Ո՞ւմ համար եմ ես (հմմտ. Առաք. Հորդոր «Քրիստոսն ապրում է», 286)։
Նազարեթի երիտասարդ կնոջ աճապարանքը բնորոշ դիրքորոշումն է նրանց, ովքեր արտակարգ պարգևներ են ստացել Տիրոջից և չեն կարող իրենց մեջ փակված պահել, չեն կարող չկիսվել, չեն կարող այնպես անել, որ իրենց միջից դուրս չհորդի այն վիթխարի շնորհը, որի փորձառությունն ունեցել են։ Աճապարանքն է նրա, ով ընդունակ է ուրիշի կարիքները գերադասել իր սեփական կարիքներից։ Մարիամը օրինակն է երիտասարդի, ով ժամանակ չի կորցնում ուշադրություն գրավել փնտրելով կամ ուրիշների համաձայնությունը, – ինչպես տեղի է ունենում, երբ կախումնավոր ենք դառնում սոցիալական ցանցերում հավաքվող ”հավանություններից”, – այլ՝ գործում է՝ գտնելու համար ամենավավերական կապը, այն կապը, որ տրվում է հանդիպման, բաժնեկցության, սիրո ու ծառայության մեջ։
Ավետման օրից ի վեր, երբ առաջին անգամ ճանապարհ ընկավ՝ այցելության գնալու իր զարմուհուն, Մարիամը չի դադարում կտրել անցնել տարածություններ ու ժամանակներ՝ այցելելու համար իր զավակներին, որոնք իր հոգատար օգնության կարիքն ունեն։ Մեր քայլքը, եթե նրանում ներկա է Աստված, մեզ անշեղ առաջնորդում է դեպի մեր յուրաքանչյուր եղբոր և յուրաքանչյուր քրոջ սիրտը։ Քանի՜ վկայություններ ենք մենք ստանում մարդկանցից, ովքեր Մարիամի՝ Հիսուսի Մոր և մեր Մոր ”այցելությունների” փորձառությունն են ունեցել։ Երկրագնդի քանի՜ կորսված անկյուններում, դարերի ընթացքում, – երևումներով կամ հատուկ շնորհներով, – Մարիամն այցելել է իր ժողովրդին։ Գործնականում, գոյություն չունի մի վայր այս երկրագնդի վրա, որ նա այցելած չլինի։ Աստվածամայրը քայլում է իր ժողովրդի հետ, մի հոգատար քնքշանքից մղված, և իր գիրկն է առնում մարդկանց տագնապներն ու նրանց առօրյա անցուդարձերը։ Եվ ուր որ կա իրեն նվիրված մի սրբավայր, մի եկեղեցի, մի մատուռ, իր զավակները բազմամբոխ հավաքվում են այնտեղ։ Ժողովրդական բարեպաշտության որքա՜ն արտահայտություններ։ Ուխտագնացությունները, տոները, աղերսանքները, սրբապատկերների հյուրընկալումը տներում և բազմաթիվ ա՛յլ բարեպաշտություններ կոնկրետ օրինակներ են այն կենդանի հարաբերության, որ գոյություն ունի Տիրամոր և իր ժողովրդի միջև, որ փոխադարձաբար այցելում են միմյանց։
Բարի աճապարանքը մեզ միշտ մղում է դեպի վեր և դեպի ուրիշը
Բարի աճապարանքը մեզ միշտ մղում է դեպի վեր և դեպի ուրիշը։ Կա, մինչդեռ, ոչ-բարի աճապարանքը, ինչպես օրինակ այն մեկը, որ հասցնում է մեզ ապրելու մակերեսային կերպով, ամեն ինչի թեթևամտությամբ նայելու, առանց հանձնառության ու առանց ուշադրության, առանց իսկապես մասնակցելու այն բաներին, որ անում ենք. աճապարանքն այն անգամների, երբ ապրում, ուսանում, աշխատում, ուրիշների հետ շփվում ենք առանց մեր միտքը, և է՛լ ավելի նվազ՝ սիրտը, ներգրավելու։ Սա կարող է պատահել մեր միջանձնային հարաբերություններում. ընտանիքում, երբ երբեք իսկապես ականջ չենք դնում մյուսներին և նրանց ժամանակ չենք ընծայում. ընկերություններում, երբ ակնկալում ենք, որ ընկերը կամ ընկերուհին մեզ զվարճացնի և համապատասխանի մեր պահանջներին, բայց իսկույն հեռանում ենք նրանից և ուրիշի մոտ ենք գնում, եթե տեսնում ենք, որ նա ինչ որ մի ճգնաժամի մեջ է գտնվում և մեր կարիքն ունի. և նաև գորովի հարաբերություններում, նշանվածների միջև, քչերը համբերությունն ունեն ճանաչելու և հասկանալու միմյանց մինչև վերջ։ Եվ սակայն, աճապարանքով ապրված բոլոր այս բաները դժվար թե պտուղ տան։ Վտանգը կա, որ ամուլ մնան։ Այսպես ենք կարդում Առակաց գրքում. «Ջանասեր մարդու ծրագրերը շահ են բերում, բայց ով չափազանց շտապում է, – ոչ-բարի աճապարանքով, – քայլում է դեպի չքավորություն» (Առկ 21, 5)։
Երբ Մարիամը վերջապես հասնում է Զաքարիայի ու Եղիսաբեթի տուն, մի հիասքանչ հանդիպում է տեղի ունենում։ Եղիսաբեթն իր կյանքում Աստծո հրաշալի միջամտության անձնական փորձառությունն է ունեցել, որով իրեն զավակ է տրվել տարեց հասակում։ Նա ամենայն իրավացիությամբ կարող էր առաջինը իր մասին խոսել, բայց լցված չէ իր սեփական անձով, այլ՝ իր կամքն է ընդունել իր երիտասարդ զարմուհուն և նրա որովայնի Պտղին։ Հազիվ լսում է նրա ողջույնի ձայնը, Եղիսաբեթը լցվում է Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգու այս անակնկալ ներխուժումները տեղի են ունենում, երբ ապրում ենք ճշմարիտ հյուրընկալությունը, երբ կենտրոնում դնում ենք հյուրին, ո՛չ թե ինքներս մեզ։ Այն է, ինչ տեսնում ենք նաև Զակքեոսի պատմության մեջ։ Ղուկաս 16, 9 տողում կարդում ենք. «Երբ այդտեղ հասավ, – տեղը, ուր գտնվում էր Զակքեոսը, – Հիսուսը հայացքը վեր բարձրացրեց և ասաց. ”Զակքեոս, իսկույն վար իջիր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ”։ Նա իսկույն վար իջավ և ուրախությամբ լի հյուրընկալեց Նրան»։
Մեզնից շատերին պատահել է, որ, անակնկալ կերպով, Հիսուսն ընդառաջ է եկել մեզ. առաջին անգամ լինելով՝ հանձինս Նրա փորձառությունն ենք ունեցել մի մոտիկության, մի հարգանքի, նախապաշարումների ու դատապարտությունների մի բացակայության, ողորմության մի հայացքի, որն երբեք չէինք տեսել ուրիշների մեջ։ Եվ ո՛չ միայն, այլ՝ լսել ենք նաև, որ Հիսուսին չէր գոհացնում մեզ հեռվից դիտելը, այլ՝ ուզում էր մեր հետ լինել, ուզում էր Իր կյանքը կիսել մեր հետ։ Այս փորձառության բերկրանքը մեր մեջ արթնացրել է Նրան հյուրընկալելու աճապարանքը, անհապաղության զգացումը՝ լինելու Իր հետ և ավելի լավ ճանաչելու Իրեն։ Եղիսաբեթն ու Զաքարիան հյուրընկալեցին Մարիամին ու Հիսուսին։ Այս երկու տարեցներից սովորենք հյուրընկալության նշանակությունը։ Հարցրեք ձեր ծնողներին և ձեր պապիկ-տատիկներին, և նաև ձեր հասարակությունների ամենատարեց անդամներին, թե իրենց համար ի՛նչ է նշանակում հյուրընկալ լինել Աստծո նկատմամբ և ուրիշների նկատմամբ։ Ձեզ օգտակար կլինի լսելը փորձառությունը նրա, ով ապրել է ձեզնից առաջ։
Թանկագին երիտասարդներ, ժամանակն է աճապարանքով կրկին ճանապարհ ընկնել դեպի կոնկրետ հանդիպումներ, դեպի իրական ընդունումը նրա, ով տարբեր է մեզնից, այնպես՝ ինչպես տեղի ունեցավ երիտասարդ Մարիամի և տարեց Եղիսաբեթի միջև։ Միմիայն այսպես կկարողանանք հաղթահարել հեռավորությունները – սերունդների, դասակարգերի, ցեղերի, խմբավորումների, ամեն տեսակ բևեռների միջև-, և նաև պատերազմները։ Երիտասարդները միշտ հույս են մի նոր միության՝ մասնատված ու բաժանված մարդկության համար։ Բայց միայն այն դեպքում, երբ հիշողություն ունեն. միայն այն դեպքում, երբ լսում են տարեցների ողբերգություններն ու երազանքները։ «Պատահական չէ, որ պատերազմը Եվրոպա վերադարձավ այն պահին, երբ անցյալ դարում պատերազմն ապրած սերունդը վերանալու մոտ է» (Տատիկ-Պապիկների և Տարեցների Համաշխարհային Օրվա Ուղերձից)։ Կարիք կա դաշնակցության՝ երիտասարդների ու տարեցների միջև, չմոռանալու համար պատմության դասերը, գերազանցելու համար այս ժամանակվա բևեռացումներն ու ծայրահեղականությունները։
Եփեսոսի քրիստոնյաներին գրելիս, Պողոս Առաքյալն ավետում էր. «Դուք, որ մի ժամանակ հեռավորներ էիք, հանձինս Հիսուս Քրիստոսի դարձել եք մերձավորներ, շնորհիվ Քրիստոսի Արյան։ Նա, արդարև, մեր խաղաղությունն է, Նա, որ երկուսին մեկ դարձրեց, Իր Մարմնի միջոցով քանդելով բաժանման պատը, որ նրանց բաժանում էր, այսինքն՝ թշնամությունը» (Եփս 2, 13-14)։ Հիսուսն է Աստծո պատասխանը բոլոր ժամանակների մարդկության մարտահրավերների դիմաց։ Եվ այս պատասխանը Մարիամը կրում է իր մեջ, երբ ընդառաջ է գնում Եղիսաբեթին։ Ամենամեծ նվերը, որ Մարիամը տանում է իր տարեց ազգականուհուն, Հիսուսին նրա մոտ տանելն է։ Անշուշտ, նաև գործնական օգնությունն է խիստ արժեքավոր։ Բայց ոչինչ չէր կարող Զաքարիայի տունը լցնել այդքա՜ն մեծ բերկրանքով և այդքա՜ն լիառատ իմաստով, որքան Հիսուսի ներկայությունը Կույսի արգանդում, որը տապանակն էր դարձել Կենդանի Աստծո։ Այդ լեռնային երկրամասում Հիսուսը, սոսկ Իր ներկայությամբ, առանց մի խոսք ասելու, արտասանում է իր առաջին ”Լեռան Քարոզը”. լռելյայն հռչակում է երանությունը փոքրերի ու խոնարհների, որոնք ապավինում են Աստծո ողորմությանը։
Իմ ուղերձը ձեզ՝ երիտասարդներիդ, մեծ ուղերձը, որի կրողն է Եկեղեցին, Հիսուսն է։ Այո՛, Նա Ինքը, Իր անսահման սերը մեզնից յուրաքանչյուրի հանդեպ, Իր պարգևած փրկությունն ու նոր կյանքը, որ տվել է մեզ։ Եվ Մարիամը բնօրինակն է այն բանի, թե ինչպե՛ս է հարկավոր ընդունել այս վիթխարի պարգևը մեր կյանքից ներս և այն հաղորդել ուրիշների, մենք էլ մեր հերթին դառնալով Հիսուսին կրողներ, Իր կարեկցող սերը կրողներ, Իր վեհանձն ծառայությունը կրողներ՝ մարդկության հանդեպ, որ տառապում է։
Բոլորս միասին Լիզբո՛ն
Մարիամը մի երիտասարդ աղջիկ էր, ինչպես ձեզնից շատերը։ Մեզնից մեկն էր։ Նրա մասին այսպես էր գրում Եպիսկոպոս Թոնինո Բելլոն. «Սրբուհի Մարիամ, […] մենք քաջ գիտենք, որ դու սահմանված ես բաց ծովում նավարկելու։ Բայց եթե հարկադրում ենք քեզ ծովափին մոտ թիավարել, դա նրա համար չէ, որ ուզում ենք քեզ մեր փոքրիկ նավարկումների մակարդակին իջեցնել։ Այլ՝ որպեսզի, քեզ այսքա՜ն մոտիկ տեսնելով մեր վհատության ափերին, մեզ գրավել կարողանա գիտակցությունը, որ մենք էլ ենք կանչված արկածախնդրության նետվելու, ինչպես դու, ազատության օվկիանոսների մեջ» («Մարիամը՝ մեր օրերի կին» գրքից, 2012, էջ 12-13)։
Պորտուգալիայից – ինչպես հիշեցնում էի այս եռամասն պատգամի առաջին Ուղերձում – 15րդ և 16րդ դարերում բազմաթիվ երիտասարդներ – որոնց մեջ բազմաթիվ միսսիոներներ – մեկնեցին դեպի անհայտ աշխարհներ՝ նաև կիսելու համար Հիսուսի հետ ունեցած իրենց փորձառությունը ուրիշ ժողովուրդների ու ազգերի հետ (հմմտ. ԵՀՕ 2020 Ուղերձը)։ Եվ այդ երկրին, 20րդ դարի սկզբին, Մարիամը կամեցավ մի հատուկ այցելություն տալ, երբ Ֆաթիմայից բոլոր սերունդներին հղեց Աստծո սիրո հզոր ու զմայլելի պատգամը. Աստծո, Ով կանչում է դարձի, ճշմարիտ ազատության։ Ձեզնից յուրաքանչյուրի համար վերանորոգում եմ իմ ջերմագին հրավերը՝ մասնակցելու երիտասարդների միջմայրցամաքային մեծ ուխտագնացությանը, որն ավարտվելու է Լիզբոնում հաջորդ տարվա Օգոստոսին կայանալիք Երիտասարդների Համաշխարհային Օրվա տոնախմբմամբ։ Եվ հիշեցնում եմ ձեզ, որ այս տարվա Նոյեմբերի 20-ին, Քրիստոս Թագավորի հանդիսավոր Տոնի օրը, Երիտասարդների Համաշխարհային Օրը կատարելու ենք ամբողջ աշխարհով մեկ ցրված տեղական Եկեղեցիներում։ Այս առումով, «Աշխարհականների, Ընտանիքի և Կյանքի» հարցերով զբաղվող Քահանայապետական Հանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված փաստաթուղթը – «Հովվական կողմնորոշումներ՝ Տեղական Եկեղեցիներում ԵՀ Օրվա անցկացման համար» – կարող է մեծ օգնություն հանդիսանալ այն բոլոր անձանց համար, ովքեր հովվական ծառայություն են կատարում երիտասարդների հետ։
Թանկագին երիտասարդներ, երազում եմ, որ ԵՀ Օրվա ընթացքում կարողանաք կրկին փորձառությունն ունենալ այն բերկրանքի, որ ծնվում է Աստծո և եղբայրների ու քույրերի հետ հանդիպումից։ Հեռավորության ու կղզիացման երկարատև ժամանակամիջոցներից հետո, Լիզբոնում – Աստծո օգնությամբ – միասին կվերագտնենք եղբայրական գրկախառնության բերկրանքը ժողովուրդների միջև ու սերունդների միջև, գրկախառնությունը հաշտության ու խաղաղության, գրկախառնությունը մի նոր միսսիոներական եղբայրության։ Թող որ Սուրբ Հոգին վառի ձեր սրտերում վեր կենալու փափագը և բոլորս միասին քայլելու բերկրանքը, սինոդական-ժողովական ոճով, լքելով կեղծ սահմաններն ու պատնեշները։ Վեր կենալու ժամանակը հիմա՛ է։ Վեր կենանք աճապարանքով։ Եվ Մարիամի նման, կրենք Հիսուսին մեր մեջ՝ Նրան բոլորին հաղորդելու համար։ Ձեր կյանքի այս գեղեցկագույն տարիքում, առա՛ջ գնացեք, մի՛ հետաձգեցեք այն, ինչը որ Հոգին կարող է կատարել ձեզնում։ Սրտանց օրհնում եմ ձեր երազանքներն ու ձեր քայլերը։
Տրված՝ Հռոմում, Լաթերանյան Սուրբ Հովհաննես Մայր Տաճարում, 2022թ.ի Օգոստոսի 15-ին, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը
ՖՐԱՆՑԻՍԿՈՍ
Թարգմանեց՝ Գերհ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը