• Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի աստղագուշակությանը և հորոսկոպին:

    «Աստված կարող է ապագան հայտնել իր Իր մարգարեներին կամ նաև ուրիշ սրբերի»:


    Հենց սկզբում «աստղագուշակությունը» եղել է «աստղագիտության» հոմանիշը, որը գիտություն է աստղերի մասին: Այս երկու բառերը գործածվել են միևնույն իմաստով՝ մինչև քրիստոնեական դարաշրջանի առաջին հարյուրամյակը և նույնիսկ ավելի ուշ։

     

    Աստղագուշակությունը հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների հատկությունների և շարժման ազդեցությունը բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա, որոնք, իբր, բնորոշում են մարդու բնավորության գծերը, նրա որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև պատմական իրադարձությունները:

     

    Բաբելոնն է եղել աստղագուշակության օրրանը: Այդ մասին են վկայում Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ.թ.ա. 7-րդ դար) հազարավոր կավե տախտակները: Ասորեստանից աստղագուշակությունը լայնորեն տարածվել է Պարսկաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, իսկ ավելի ուշ ներթափանցել է նաև Հունաստան և Հռոմ:

     

    Հռոմեական կայսրությունը, իսկ հետո նաև Եկեղեցին, ակտիվորեն պայքարում էին աստղագուշակությունների դեմ: Աստղագուշակությունը կրկին ծաղկունք է ապրում Միջին դարերում՝ ամենից առաջ արաբների շնորհիվ:

     

    Ընդհուպ մինչև 18-րդ դարը աստղագուշակությունը լայն տարածում ուներ և կիրառվում էր հիմնականում հասարակ ժողովրդի շրջանում։

     

    Այսօր ևս շատերը հավատում են հորոսկոպներին և կարևորում տրվող կանխատեսումները:

     

    Աստղագուշակությունը կախարդության հնագույն մեթոդ է: Եկեղեցին հենց սկզբից դատապարտել է այս գործելաձևը: Տոլեդոյի տաճարը կայացրել էր հետևյալ որոշումը. «Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է հավատալ աստղագուշակությանը, ապա թող նզովյալ լինի»: Այն ենթադրում էր բավականին տարածված մտածելակերպ, որ մարդկային գործողությունները պետք է վերագրվեն աստղերին և, ի վերջո, Աստծուն: Այսպիսով, հերքվում էր մարդու ազատությունը: Սուրբ Օգոստինոս Երանելին այս մասին գրել է հետևյալը. «Աստղագուշակները պնդում են, որ երկնքում է մեղքի անխուսափելի պատճառը՝ լինի դա Վեներան, Սատուրնը կամ Մարսը, որոնք մեզ ստիպել են անել այս կամ այն ​​արարքը, որպեսզի արդարացնեն մարդուն և մեղադրեն Նրան, Ով ստեղծել և պահում է երկինքն ու աստղերը»։

     

    Կարևոր է հիշել հետևյալը. «Պետք է խոստովանել, որ աստղագուշակները ճշմարտությունն ասելիս գտնվում են ​​կախարդության ազդեցության տակ, որին ենթարկվում են մարդկային հոգիները՝ առանց դա գիտակցելու: Այս ամենն անում են պիղծ ոգիները մարդկանց խաբելու նպատակով, դրա համար էլ նրանք որոշակի տեղեկություններ ունեն երկրային երևույթների և գործընթացների մասին: Ահա թե ինչու բարի քրիստոնյան պետք է զգույշ լինի և հեռու մնա աստղագուշակներից և բոլոր նրանցից, ովքեր գուշակություններ են անում, հատկապես, երբ նրանք ճշմարտությունն են կանխագուշակում, որպեսզի քրիստոնյայի հոգին չհրապուրվի ու համաձայնության չգա դևերի հետ»:

     

    Անշուշտ երկնային մարմինները, և հատկապես Լուսինը, որոշակի ազդեցություն ունեն բնության վրա, (պարզապես եկեք հիշենք, թե որքան կարևոր են լուսնի փուլերը հողագործների համար, երբ նրանք պատրաստվում են ցանքի): Երկնային մարմինները կարող են ազդեցություն ունենալ նաև մարդու տրամադրության և ծննդաբերության վրա: Սակայն դրանք, ինչպես գրում է Սբ. Թովմա Աքվինացին, չեն կարող ուղղակիորեն ազդել մարդու բանականության և կամքի վրա. «Մարդն օժտված է դատելու և տրամաբանելու ունակությամբ, թե ինչ նա կարող է անել, և դա վերաբերում է ինչպես արտաքին իրերի օգտագործմանը, այնպես էլ ներքին կրքերը խրախուսելուն կամ մերժելուն: Անիմաստ կլիներ, եթե մեր կամքի դրսևորումը կախված լիներ աստղերից: Այսպիսով լուսատուները չեն կարող մեր կամքի որոշումների պատճառը լինել»:

     

    Հորոսկոպն աստղագուշակության ամենահայտնի ձևերից մեկն է: Շատերի համար դա պարզապես խաղ կամ նորաձևություն է: Իսկ մյուսների համար դա կյանքի իմաստ է, քանզի որոշումներ կայացնում են միայն հորոսկոպի ընթերցումից հետո:

     

    Ամենից հաճախ հորոսկոպով հրապուրվում են աշխարհիկ մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն և, առհասարակ, որևէ կրոն չեն դավանում: Հենց նրանց մասին է գրել է Պողոս առաքյալը. «Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում  և հիմարացան» (Հռոմ. 1,22):

     

    Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը խստորեն դատապարտում է աստղագուշակությունը.

     

    «Գուշակության բոլոր ձևերը մերժվելու են, ինչպես սատանային կամ դևերին դիմելը, մեռելների ոգեկոչումը կամ այլ գործելաձևեր, որոնք, իբր թե, «քողազերծում են» ապագան: Աստղագուշակության, աստղաբանության, ձեռնահմայության, երազի ու բախտի մեկնաբանության, երևույթների բախտագուշակության և հոգեհարցության դիմելը՝ այս բոլորն իրենց մեջ թաքցնում են ժամանակի, պատմության և վերջապես՝ մարդկանց վրա իշխելու մի կամք ու միաժամանակ ծածուկ զորությունների հետ լեզու գտնելու մի բաղձանք: Այս բոլորը հակասության մեջ են մեծարանքի, երկյուղախառն սիրո ու հարգանքի հետ, որոնք մենք պարտական ենք Աստծուն» (2116):

     

    «Աստված կարող է ապագան հայտնել իր Իր մարգարեներին կամ նաև ուրիշ սրբերի: Քրիստոնյա շիտակ կեցվածքը, սակայն, կայանում է ապագայի նկատմամբ ինքն իրեն վստահությամբ նախախնամության ձեռքերն հանձնելու մեջ և այս մասին մեկ կողմ դնելով ամեն վատառողջ հետաքրքրասիրություն» (2115):

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց