• Նորին Սրբությունը կոչ է անում Եվրոպային և Արևմուտքին «փոխել ուղղությունը»

    «Ո՞ւր ես գնում, երբ կյանքի ցավի դիմաց առաջարկում ես հապճեպ ու սխալ որոշումներ, ինչպես հեշտամահը, սակայն իրականում ավելի դառն է, քան ծովի ջուրը»:


    Օգոստոսի 2-ի առավոտյան սկսվեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 42-րդ միջազգային առաքելական այցը Պորտուգալիա: Լիսաբոնի օդանավակայանում նրան դիմավորեցին առաքելական նվիրակ մոնսինյոր Իվո Սկապոլոն և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան:

     

    Օգոստոսի 2-ի կեսօրին Լիսաբոնի «Բելեն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Նորին Սրբության առաջին հրապարակային հանդիպումը, որին մասնակցեցին շուրջ հազար մարդ. Պորտուգալիայի իշխանությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների պատվիրակները, ձեռնարկատերեր, դիվանագետներ:

     

    Իր ելույթում Սրբազան Քահանայապետը Լիսաբոնն անվանեց  «հանդիպման քաղաք, որը ողջագուրանքով է ընդունում տարբեր ժողովուրդների ու մշակույթների, իսկ այս օրերին այն կդառնա էլ ավելի համապարփակ», քանի որ կվերածվի «աշխարհի մայրաքաղաքի»։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մշակութային և ազգային բազմազանության օրինակ է Մուրարիայի քաղաքային թաղամասը, որտեղ ավելի քան 60 երկրներից ժամանած մարդիկ ապրում են ներդաշնակության մեջ: Պատահական չէ, որ դարեր շարունակ հենց օվկիանոսի այս ափն է համարվել «աշխարհի ծայրամասը», ընդգծեց Նորին Սրբությունը: Իրականում օվկիանոսը միավորում է ոչ միայն ժողովուրդներ ու երկրներ, այլ նաև մայրցամաքներ, ահա թե ինչու է Լիսաբոնը՝ օվկիանոսի վրա գտնվող քաղաքը, մեզ հիշեցնում, թե որքան կարևոր է միասնական լինել և սահմաններն ընդունել ոչ թե որպես բաժանող եզրեր, այլ որպես շփման տարածքներ»:

     

    Սրբազան Քահանայապետը խոսեց ժամանակակից աշխարհի անմիաբանության մասին, որն անկարող է միավորված լուծել այն խնդիրները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում բոլոր մարդկանց վրա, և հենց Լիսաբոնն է, որ կարող է առաջարկել, թե ինչպես փոխել ընթացքը. այստեղ 2007թ. ստորագրվել է Եվրոպական միության բարեփոխումների պայմանագիրը, որում ասվում է, որ «Միությունն իր առջև նպատակ է դնում խթանել խաղաղությունը, իր արժեհամակարգը և իր ժողովուրդների բարեկեցությունը»: Փաստաթղթի տեքստում կարևոր կետեր կան մնացյալ աշխարհի հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնց հիմքում պետք է լինեն «խաղաղությունը, անվտանգությունը, Աշխարհի կայուն զարգացումը, համերաշխությունը, ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը, մարդու իրավունքների պաշտպանությունը»։

     

    Սակայն իրականում դեպի ո՞ւր է գնում Եվրոպան:

     

    «Երբ մենք տխրությամբ ու սիրով նայում ենք Եվրոպային, ապա իրեն բնորոշ երկխոսության ոգով, ուզում ենք հարցնել. ո՞ւր ես նավարկում, եթե չես առաջարկում խաղաղության նոր ուղիներ Ուկրաինայում և աշխարհի տարբեր մասերում բռնկված արյունալի պատերազմն ու հակամարտությունները դադարեցնելու համար»:

     

    Նորագույն տեխնոլոգիաները, բարդ զենքերն իրականում աղքատացնում են մարդկային կապիտալը և կրճատում ներդրումները կրթության, առողջապահության և սոցիալական բարեկեցության ոլորտներում: «Տագնապալի է, երբ կարդում ենք, որ շատ տեղերում անընդհատ ներդրումներ են կատարվում զենքերի արտադրության, այլ ոչ թե երեխաների ապագայի համար», ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Ես մտածում եմ բազմաթիվ չծնված երեխաների, ծերերի մասին, ովքեր մնացել են բախտի քմահաճույքին: Ինձ մտահոգում է նրանց ընդունելու, պաշտպանելու, առաջ մղելու և ինտեգրելու դժվարությունները, քանի որ նրանք եկել են հեռվից և թակում են դռները: Եվ ահա ես ուզում եմ հարցնել, թե դեպի ո՞ւր եք գնում Եվրոպա և Արևմուտք՝ մերժելով ծերերին, փշալարե պատեր կանգնեցնելով, երբ ծովում կան մեծաթիվ զոհվածներ և դատարկ օրորոցներ։ Ո՞ւր ես գնում, երբ կյանքի ցավի դիմաց առաջարկում ես հապճեպ ու սխալ որոշումներ, ինչպես հեշտամահը, սակայն իրականում ավելի դառն է, քան ծովի ջուրը»:

     

    Այնուամենայնիվ Լիսաբոնը հույս է ներշնչում, շարունակեց Սրբազան Քահանայապետը, որովհետև երիտասարդների մի ամբողջ օվկիանոս սլացել է դեպի այս հյուրընկալ քաղաք՝ ստիպելով մտածել «հույսի երեք նավաշինարանների մասին»: Շրջակա միջավայրի նավաշինարան. Պորտուգալիան արարչագործության պաշտպանության բազմաթիվ լավ օրինակներ է տալիս: Ապագայի նավաշինարան. սա հենց երիտասարդությունն է, որը հույս է ներշնչում, որ ժողովրդագրական կորը մի օր կփոխի ուղղությունը: Եղբայրության նավաշինարան. սա մենք՝ քրիստոնյաներս, սովորում ենք Տեր Հիսուս Քրիստոսից:

     

    Նորին Սրբությունը հորդորեց «աշխատել հանուն ընդհանուր բարօրության՝ մի կողմ թողնելով հակառակություններն ու տարաձայնությունները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց