• Փնտրեք, գտեք և ընդունեք Աստծո թանկագին սերը

    «Արդյո՞ք մենք ամեն ինչ արել ենք, որ Տերը միշտ լինի մեր կյանքում, դառնա մեր ամենամեծ օրհնությունն այժմ և միշտ»:


    Հուլիսի 30-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որում Հիսուս առակ է պատմում թանկարժեք մարգարիտներ փնտրող մի վաճառականի մասին: Գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածը, որպեսզի գնի այն:

     

    Նորին Սրբությունը նկարագրեց «նախաձեռնող վաճառականի» երեք գործողությունները, որոնք յուրաքանչյուր քրիստոնյա կարող է կիրառել իր կյանքում: Առաջին գործողությունը թանկարժեք մարգարիտներ փնտրելն է, որը վկայում է «բարի և լավ երազանքներ մշակելու» և նոր բան փնտրելու ցանկության մասին, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Վաճառականը ոչ միայն բավարարված է ունեցածով, այլ նաև գիտի, որ ավելի մեծ հնարավորություններ կան։ Այս հետաքրքրասիրությունն ու ձգտումն անհրաժեշտ են «Տիրոջը նորից բացահայտելու համար, որովհետև Տերը չի կրկնում», այլ միշտ ամեն ինչ նորովի է անում, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Թանկարժեք մարգարիտներ որոնելիս՝ վաճառականը գտնում է այն, ինչ փնտրում էր, որովհետև նրա սուր աչքը կարողանում է ճանաչել և գնահատել բացառիկ արժեքավոր մարգարիտը, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Ուշադիր զննելու այս մեթոդական գործընթացը մի լավ դաս է, պարզաբանեց Նորին Սրբությունը. մենք ևս պետք է զանազանենք, թե ինչն է լավ ու արժեքավոր, սովորենք տեսնել կյանքի «թանկարժեք քարերը» և զատենք այն ամենից, ինչն օգուտ ու շահ չի բերում.

     

    «Եկե՛ք ժամանակն ու ազատությունը չվատնենք մանրուքների և այնպիսի գործողությունների վրա, որոնք միայն դատարկություն են բերում: Չէ որ կյանքն ամեն օր մեզ թանկարժեք մարգարիտներ է առաջարկում, այիսինքն՝ հանդիպում Աստծո և այլ մարդկանց հետ»:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը նկարագրում է վաճառականի վերջին արարքը. նա գնում է մարգարիտը՝ վաճառելով և զոհաբերելով այն ամենը, ինչ ունի, քանզի նա հասկանում է, որ այդ թանկարժեք մարգարիտը պետք է դառնա «իր միակ հարստությունը, ներկայի ու ապագայի իմաստը»:

     

    Այս արարքը վերաբերում է նաև մեզ, պարզաբանեց Նորին Սրբությունը, որովհետև մենք կանչված ենք Տեր Հիսուսին ընդունելու համար, քանզի Նա «կյանքի թանկարժեք մարգարիտն է, որը պետք է փնտրել, գտնել և դարձնել մեր սեփականությունը»: «Քրիստոսի հետ հանդիպելիս մարդու կյանքը փոխվում է և Աստվածային սիրո գրկում բարձրագույն իմաստ ստանում», ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ամփոփելով իմաստուն վաճառականի երեք գործողությունները՝ Սրբազան Քահանայապետը կոչ արեց քրիստոնյաներին խորհել հետևյալ հարցի շուրջ, թե իրականում մենք ինչ ենք փնտրում կյանքում, արդյոք ջանք գործադրում ենք Աստծուն փնտրելու և բարիք գործելու համար։ Նորին Սրբությունը խորհուրդ տվեց զանազանել, թե ինչն է բարի և Աստծուց տրված, իսկ այն ամենը, ինչը սրտում դատարկություն է թողնում, պետք է մի կողմ գցել: Մենք պետք է ուշադիր զննենք մեր սեփական կյանքն ու հարցնենք ինքներս մեզ, թե արդյոք ամեն ինչ արել ենք, որ Տերը միշտ լինի մեր կյանքում, դառնա մեր ամենամեծ օրհնությունն այժմ և միշտ:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը աղոթեց, որպեսզի Սուրբ Կույս Մաիրամն օգնի մեզ փնտրել, գտնել և ի սրտե ընդունել Հիսուսին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց