• Սուրբ ընկերություն

    «Տղամարդն ու կինը կանգնած են միմյանց դիմաց, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր «ես»-ը, իր ինքնությունը»:


    «Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»» (Ծնդ. 2,18): Այստեղ գործածվող հին եբրայերեն տերմինը, որը նշանակում է «օգնություն», Սուրբ Գրքում շատ է հանդիպում և այն գրեթե միշտ կապված է Աստծո հետ, Ով աջակցում է Իր ժողովրդին: «Նրա նմանությամբ մի օգնական». «նմանությամբ» տերմինը նշանակում է գործընկեր, ով «դիմացդ է կանգնած»։ Այսպիսով, աստվածաշնչյան տեքստը, կարծես թե, դեմ դիմաց է կանգնեցնում երկու մարդու՝ տղամարդու և կնոջ, ովքեր կարող են նայել միմյանց աչքերի մեջ: Ընտրված բառերը չեն վերաբերում օգնության նյութական հարթությանը, քանզի ավելի խորը իմաստ են արտահայտում։ Տղամարդն ու կինը կանգնած են միմյանց դիմաց, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր «ես»-ը, իր ինքնությունը:

     

    Սակայն, պատմության ընթացքում արևմտյան հունա-լատինական մշակույթը այլ կերպ էր զարգանում՝ համաձայն տարբեր պարամետրերի և կնոջ կերպարի լրիվ այլ փոխըմբռմամբ, որն էլ  հանգեցնում է նրան, որ կնոջ և տղամարդու հարաբերություններն ընկալվում են ենթակարգության պրիզմայի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դեռևս քրիստոնեության առաջին դարերից մեզ արդեն հասել են վկայություններ որոշ տղամարդկանց և կանանց ընկերության մասին, ինչպիսիք են Հիերոնիմոսն ու Պավլա Հռոմեացին, Հովհաննես Ոսկեբերանն ու Օլիմպիան, Մելանիան և Ռուֆինը: Այս զույգերը, որոնք հաճախ դիտվում են որպես մեկ ամբողջություն, խորը միասնության փորձառություն են ապրել՝ չլինելով ամուսնական զույգեր: Դարեր շարունակ այս հոգևոր զույգերի նկատմամբ հետաքրքրությունը չի մարել, սակայն նրանց պատմությունները մեկնաբանելու համար անհրաժեշտ է տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների լրիվ այլ ընկալում, որը բացարձակապես տարբերվում է այն ամենից, ինչն այսօր համարվում է «նորմալ» տղամարդու և կնոջ հարաբերություններում:

     

    Այս պատմություններում մենք կտեսնենք փոխադարձության ուրախությունն ու հարստությունը այլության մեջ, որտեղ անհատականություններից յուրաքանչյուրն իրեն ամբողջությամբ հանձնում է Աստծուն և պատկանում է ուրիշին, սակայն չի պարփակվում նրա մեջ:

     

    Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոս կամ Դալմաթիանցի (մոտ. 345-419) գերազանց կրթություն է ստացել Հռոմում և գնացել Թրիեր՝ արքունիքում ծառայելու։ Հենց այստեղ էլ նա բացահայտում է վանականությունը՝ Սբ. Աթանասի ժառանգության շնորհիվ, որը թողել էր այդ քաղաքում՝ իր աքսորի ժամանակ: 370թ. Հիերոնիմոսը հրաժարվում է կարիերայից ու վանականի կյանքով ապրելու անհաջող փորձեր է անում Եվրոպայում և Սուրբ Երկրում: Նա շարունակում է իր կրթությունը և այս անգամ ուսումնասիրում է  քրիստոնյա դասականներին, կատարելագործում է իր հունարենը և սովորում եբրայերեն։ Բազմաթիվ կտրուկ շրջադարձերից հետո նա վերադառնում է Հռոմ և ստանում Դամասոս Պապի աջակցությունը, ով նրան իր քարտուղարն էր նշանակել: Հենց այդ ժամանակաշրջանում էլ Հիերոնիմոսը սկսում է շփվել Ավենտին բլրի ազնվական հռոմուհուների հետ, ովքեր ճգնավորական կյանքով էին ապրում և առանձնահատուկ եռանդով ուսումնասիրում Սուրբ Գիրքը։ Հիերոնիմոսը նախ ծանոթանում է պատվելի  Մարկելլայի, այնուհետև՝ Պավլա Հռոմեացու հետ:

     

    Իր բարդ բնավորության և կարգավիճակի պատճառով Հիերոնիմոսը շատ թշնամիներ էր ձեռք բերել, իսկ Դամասոս Պապի մահից հետո դրան էլ ավելի է նպաստում նրա սերտ ընկերական հարաբերությունները մի խումբ կանանց հետ: Հենց այդ պատճառով էլ 385թ. նա կրկին հեռանում է Հռոմից և գնում Պաղեստին։ Շուտով նրան կհետևի Պավլան, ով այրիացել էր: Իր հինգ երեխաների հետ, որոնցից մեկը շատ փոքր էր, Պավլան գնում է Հիերոնիմոսի հետևից: Պատվելի Պավլան թողնում է իր ընտանիքը՝ փոքրիկ Տոկսոտիային վստահելով իր ամուսնացած դուստրերից մեկին, և իր մյուս դստեր՝ Եվստոկիայի հետ միանում Հիերոնիմոսին: Նրանք միասին ուխտագնացության են գնում դեպի Սուրբ Երկիր։ Նպատակին հասնելով՝ նրանք որոշում են միասին գնալ Եգիպտոս և այցելել վանական անապատներ՝ վանական ապրելակերպի մասին ավելին իմանալու համար: 386թ. նրանք վերադառնում են Պաղեստին և մնում Բեթղեհեմում, որտեղ Պավլան կառուցում է ապաստան ուխտավորների համար և երկու վանք՝ տղամարդկանց ու կանանց: Վանքերում հիմնական գործունեությունը Սուրբ Գրքի ուսումնասիրությունն էր, որն էլ Հիերոնիմոսի և Պավլայի հոգևոր միասնության առիթը դարձավ:

     

    Մյուս հոգևոր զույգը, որն ինչ-որ առումով հիշեցնում է Հիերոնիմոսին և Պավլային, Հովհաննես Ոսկեբերանն ​​ու Օլիմպիան են: Նրանց ճանապարհները հատվում են միայն 398թ. Կոստանդնուպոլսում, որտեղ Անտիոքիայի քահանա Ոսկեբերանը զբաղեցնում է եպիսկոպոսական աթոռն ու դառնում պատրիարք: Հովհաննեսը Հիերոնիմոսի նման նախ ծառայել է արքունիքում, սակայն թողել է ծառայությունը և վերադարձել Անտիոք, որպեսզի այնուհետև մեկուսանար անապատում և ապրեր՝ որպես ճգնավոր։ Առողջական որոշ խնդիրներ ունենալու պատճառով Հովհաննեսը ստիպված է լինում վերադառնալ Անտիոք և ընդունել ձեռնադրությունը։ Այդ նույն ժամանակահատվածում հարուստ և ազնվական Օլիմպիան, ով Պավլայի նման այրիացել էր, սակայն երեխաներ չուներ, նշանակվում է սարկավագ (Հովհաննեսը դեռ Կոստանդնուպոլիս չէր տեղափոխվել): Օլիմպիան ևս վանք է հիմնադրում, որտեղ բացի ճգնությունից, ուսումնասիրում էին Աստծո Խոսքն ու եկեղեցական ծառայությունները:

     

    Հովհաննեսի և Օլիմպիայի հարաբերությունների հիմքում եղել է հավատարմությունը եկեղեցական ծառայությանը: Նրանց միավորում էր ընդհանուր շահերը. Հովհաննեսը ձգտում էր բարեփոխել եկեղեցական կյանքը և արմատախիլ անել չարաշահումները: Նա հստակ հրահանգներ էր թողել Օլիմպիային իր ունեցվածքի օգտագործման և բաշխման վերաբերյալ: Հովհաննեսը հրամայել էր այն բաժանել աղքատներին, այլ ոչ թե նրանց, ովքեր խնդրում էին, որպեսզի չնպաստեր  եկեղեցական ձրիակերությանը: Նոր եպիսկոպոսի վարքագիծը դժգոհություն է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր օգտվել էին Օլիմպիայի հետ նրա հարաբերություններից այնպես, ինչպես դա եղավ Հիերոնիմոսի և Ավենտին բլրի կանանց վանքի հռոմուհուների հետ հարաբերություններում: Ի վերջո Հովհաննես Ոսկեբերանին աքսորում են և 407թ. նա մահանում է: Հովհաննեսին հավատարիմ մնացած Օլիմպիան ևս աքսորվում է և մի տարի անց մահանում:

     

    Երբ կենսագրական գրություններում հանդիպում ենք «նրանց միջև ընկերական հարաբերություններ էին» արտահայտությանը, ապա չպետք է կարծել, թե խոսքը միանգամայն սովորական բանի մասին է։ Հենց այդ ընկերական հարաբերությունները լավ հասկանալու և հստակ պատկերացնելու համար մենք պետք է ավելի խորն ուսումնասիրենք, նախ՝ կնոջ դիրքն այդ դարաշրջանում, և երկրորդ՝ ընկերության բուն հասկացությունը հին ժամանակներում։ Ինչ վերաբերում է կանանց դիրքին ու կարգավիճակին, ապա պետք է նշել, որ քրիստոնեության շնորհիվ այն բավականին բարելավվել էր, սակայն Սուրբ Առաքյալների Ուսմունքում (2-րդ հարյուրամյակի առաջին կես) ասվում է, որ անպատշաճ է, որ կինը հռչակի Հիսուսի անունը և խոսի Քավության մասին, որովհետև «կինը չպետք է ուսուցանի, այլ պետք է աղոթի Տեր Աստծուն»: Այսպիսին էր Եկեղեցու դիրքորոշումը, թեև որոշ տեքստերում այն զուգորդվում էր բարոյական և հոգևոր ոլորտներում տղամարդկանց ու կանանց հավասարության հռչակումների հետ։

     

    Եթե ​​ուշադիր ուսումնասիրենք Սբ. Հիերոնիմոսի և Սբ. Հովհաննես Ոսկեբերանի տեքստերն ու կյանքը, ապա կտեսնենք մի յուրօրինակ հարակարծություն. նրանց գրություններում կա որոշակի մշակութային և երբեմն աստվածաբանական կնատյացություն, որը չի համապատասխանում այն հարաբերությունների որակին, որոնք նրանք ապրել են իրական կյանքում: Վերլուծենք Սբ. Հովհաննեսի այն գրությունը, որն արտահայտում է այդ դարաշրջանի քրիստոնեական աշխարհի մտածելակերպը։ Նա ամուսնությունը ներկայացում է որպես առաջին տղամարդու և առաջին կնոջ անկման հետևանք, և հենց այդ մեղքն է դառնում սեռերի անհավասարության պատճառը։ Կնոջը տրվում է երկրորդական դեր, իսկ նրա ներկայությունը մեկնաբանվում է ենթակայության տեսության տեսանկյունից: Հովհաննես Ոսկեբերանն իր գրություններում դատողություններ է անում տղամարդու նկատմամբ կնոջ հավասար դիրքի և նրա ենթակայության մասին՝ որպես Ասծտո ծրագրի մաս: Հովհաննեսն արտահայտում է իր դարաշրջանի աշխարհայացքը, ըստ որի՝ քաղաքական, հասարակական ոլորտները պատկանում են տղամարդուն, իսկ կինը պետք է զբաղվի տնային գործերով: Կանայք չեն կարող խոսել եկեղեցում, սակայն ինչպես պատահեց, որ հենց Հովհաննեսն է խրախուսում Օլիմպիային գործել, բացի այդ նրա գրվածքներում կան բազմաթիվ այլ դատողությունն կնոջ մասին, օրինակ. «Նայի՛ր, թե ինչպես է հենց Ինքը կանանց միջոցով քարոզում աշակերտներին, և որքան հաճախ եմ ես ասել, որ վերադարձնում է նվաստացած սեռի պատիվն ու բարի հույսերը և բժշկում է տկարներին»:

     

    Թեև Հիերոնիմոսն օժտված չէր նման գրական տաղանդով, սակայն նրա դատողություններում ևս կան հիշատակումներ կանանց առավել ցածր դիրքի ու կարգավիճակի մասին։ Օրինակ, նրա գրվածքներում հաճախ ենք հանդիպում «… թեպետ նրանք կանայք են» արտահայտությանը։ Միևնույն ժամանակ հենց ինքն այլ դատողություններ է անում մյուս գրություններում: Մի՞գուցե, նկատի ունենալով սրբի բարդ էությունը, միայն կանայք, ովքեր բացահայտում էին նրա լավագույն հատկանիշները, կարող էին տեսնել նրա իրական էությունը, և նա ինքն էլ ինչ-որ չափով գիտակցում էր դա:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց