• Մշակենք այն, ինչ տերը սերմանել է կյանքի արտերում

    «Որքա՞ն ազնիվ ենք մենք ինքներս մեզ հետ, երբ մեր մեջ որոմներ ենք փնտրում և պարտավորվում դրանք նետել Աստծո ողորմածության կրակի մեջ»:


    Հուլիսի 23-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց քրիստոնյաներին «մշակել կյանքի արտերը», տեսնել և գնահատել այն գեղեցկությունը, որը Տերը սերմանել է աշխարհում, մեր և ուրիշների մեջ, որպեսզի Աստծո ողորմածությունն աճի առատ բերքի համար:

     

    Իր խորհրդածության ժամանակ Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը. ցորենի և որոմների առակը (Մտթ. 13,24-43) պատմում է մի գյուղացու մասին, ով իր արտում բարի սերմ սերմանեց և հայտնաբերեց, որ թշնամին գիշերը այնտեղ որոմ է ցանել: Այս առակում Հիսուս մեր աշխարհը համեմատում է մի մեծ արտի հետ, որտեղ Աստված ցորեն է ցանում, իսկ չար մարդը՝ որոմ, և հենց այդ պատճառով է, որ բարին ու չարը միասին են աճում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Մենք այդ ամենը տեսնում ենք հասարակությունում, ընտանիքում, Եկեղեցում և նորություններ լսելիս: Ցորենի հետ որոմ տեսնելիս՝ մենք կարող ենք գայթակղվել և այն արմատախիլ անելու փորձեր անել, սակայն կատարյալ աշխարհ ստեղծելու ճանապարհին մեզ մի այլ վտանգ է սպառնում. արդյո՞ք արմատախիլ չենք անի և՛ չարը, և՛ բարին:

     

    Գոյություն ունի ևս մի արտ, որը մենք պիտի մաքրենք ու կարգի բերենք և դա մեր սրտի արտն է, շարունակեց Նորին Սրբությունը: Այնտեղ ևս կան ցորեն և որոմ, ավելին, հենց այդտեղից են դրանք տարածվում աշխարհի մեծ արտերում: Մեր սիրտը ազատության դաշտ է, բաց ու խոցելի մի տարածություն: Այն ճիշտ մշակելու համար անհրաժեշտ է, նախ, հոգ տանել բարու քնքուշ ծիլերի մասին, ապա ժամանակին հայտնաբերել ու արմատախիլ անել որոմները: Իսկ այդ հարցում մեզ կարող է օգնել  խղճի ամենօրյա քննությունը, երբ երեկոյան կհիշենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում, հուզել մեր սիրտը, որի հետևանքով էլ մենք կայացրել ենք այս կամ այն որոշումները: Աստծո լույսի ներքո մենք կտարբերենք որոմները բարի սերմից:

     

    Սակայն չպետք է մոռանալ մերձավորի դաշտի մասին, հավելեց Սրբազան Քահանայապետը. «Դրանք այն մարդիկ են, ում հետ մենք ամեն օր շփվում ենք և հաճախ դատապարտում։ Ի՜նչ արագությամբ ու հեշտությամբ ենք բացահայտում նրանց տարաձայնությունները, ինչքա՜ն շատ ենք սիրում ուրիշների մասին բամբասել: Եվ որքան դժվար է դրա հետ միաժամանակ տեսնել արդեն իսկ բողբոջող բարի սերմերը։ Հիշե՛նք, որ եթե ուզում ենք մշակել կյանքի արտերը, ապա առաջին հերթին պետք է առաջնորդվենք Աստծո գործերով. պետք է սովորենք աշխարհում, ուրիշների և մեր մեջ տեսնել Տիրոջ սերմանած գեղեցկությունը՝ արևի տակ շողշողացող ոսկե հասկերով ցորենը: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք աղոթենք, որպեսզի կարողանանք դա տեսնել ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների մեջ»։

     

    Նորին Սրբությունը կոչ արեց քրիստոնյաներին դիմակայել «բոլոր որոմները մի կապոցում հավաքելու» գայթակղությանը, քանի որ չի կարելի անխտիր ու անհիմն դատապարտել ուրիշներին: Պետք է տեսնել նաև այդ մարդկանց լավ հատկանիշները՝ իհարկե աչքաթող չանելով նրանց թերություններն ու սխալները: Սրբազան Քահանայապետը հորդորեց մտածել հետևյալ հարցի շուրջ. «Որքա՞ն ազնիվ ենք մենք ինքներս մեզ հետ, երբ մեր մեջ որոմներ ենք փնտրում և պարտավորվում «դրանք նետել Աստծո ողորմածության կրակի մեջ»: Արդյո՞ք մենք ունենք բավական իմաստություն՝ ուրիշների մեջ լավն ու բարին տեսնելու համար և մեզ չի  նյարդայնացնում նրանց սահմանափակ լինելն ու դանդաղկոտությունը»:

     

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ համբերատարությամբ մշակել այն, ինչ Տերը սերմանել է կյանքի, մեզանից յուրաքանչյուրի, մերձավորի, ամեն մի մարդու արտերում, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց