• Անդադար սերմանել Աստծո Խոսքը

    «Արդյո՞ք մենք բարիք ենք սերմանում»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը, որը Մատթեոսի Ավետարանից վերցված սերմնացանի առակն էր և կոչ արեց հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին Աստծո Խոսքը «սերմանել» են մեր մեջ:

     

    Տեր Հիսուսը սերմանացանի կերպարով նկարագրում է Իր Խոսքի պարգևը, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Պատկերացնենք մի փոքրիկ սերմ, որն հազիվ նկատելի է, սակայն դրանից բույսեր են աճում և տեսանելի պտուղներ տալիս։ Հենց այդպիսին է Աստծո Խոսքը. եկե՛ք մտածենք Աստվածաշնչի մասին. մի փոքրիկ գրիք, պարզ և հասանելի բոլորին, որը նոր կյանք է ծնում այն ​​ընդունողների մեջ: Այսպիսով, եթե Խոսքը սերմն է, ապա մենք հողն ենք, որը կարող է ընդունել կամ չընդունել այն: Սակայն բարի սերմնացան Հիսուսը չի հոգնում այն ​​առատաձեռնորեն սերմանելուց: Նա շատ լավ գիտի մեր հողի բնույթը, գիտի, որ մեր անկայունության քարերն ու մեր արատների փշերը կարող են խեղդել Խոսքը, բայց Նա միշտ հույսով լի է, որ մենք կկարողանանք առատ պտուղներ տալ: Ահա թե ինչպես է վարվում Տերը, և մենք նույնպես կոչված ենք անխոնջ սերմանելու»:

     

    «Ինչպե՞ս առանց հոգնելու և անդադար սերմանել Աստծո Խոսքը», –  շարունակեց Սրբազան Քահանայապետը և առաջարկեց այս հարցը դիտարկել ծնողների, երիտասարդների, քահանաների և աշխարհականների օրինակով։

     

    Ծնողները սերմանում են Աստծո Խոսքը՝ հավատքը փոխանցելով իրենց երեխաներին, քանզի նրանք կոչված են դա անելու առանց վհատվելու և հոգնելու, նույնիսկ եթե թվում է, թե երեխաները չեն հասկանում իրենց կամ աշխարհի մտածելակերպը դեմ է նրանց, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Կարևորն այն է, որ բարի սերմը մնում է և իր ժամանակին այն արմատներ կգցի: Սակայն եթե հրաժարվեք ցանքից և երեխաներին թողնեք նորաձևության ու բջջային հեռախոսների քմահաճույքին, ժամանակ չհատկացնեք նրանց, չզբաղվեք նրանց դաստիարակությամբ, ապա պարարտ հողում կաճեն մոլախոտեր: Ծնողնե՛ր, մի՛ հոգնեք ձեր երեխաների մեջ բարի սերմ ցանելուց»։

     

    Երիտասարդները նույնպես կարող են առօրյա կյանքի ակոսներում աղոթքներով սերմանել Ավետարանը, շարունակեց Նորին Սրբությունը. «Հենց այդ փոքրիկ և դժվար տեսանելի սերմի շնորհիվ է, որ մենք մեր ամբողջ կյանքը վստահում ենք Հիսուսին, որպեսզի Նա այն հասուն դարձնի»:

     

    Աստծո Խոսքը կարելի է սերմանել նաև ժամանակ տրամադրելով ուրիշներին՝ հատկապես ամենակարիքավորներին. «Մենք դա կարող ենք ժամանակի կորուստ համարել, սակայն իրականում այն սուրբ ժամանակ է, մինչդեռ սպառողականությունից և հաճույքներից ստացած թվացյալ բավարարվածությունը մեզ թողնում է կոտրված տաշտակի առաջ»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշատակեց քահանաներին, վանականներին և աշխարհականներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Ավետարանը քարոզելուն և հորդորեց նրանց չվհատվել, եթե «տեսանելի հաջողություններ» չեն նկատում.

     

    «Աստծո Խոսքը հռչակելիս, եկե՛ք երբեք չմոռանանք, որ նույնիսկ այնտեղ, որտեղ թվում է, թե ոչինչ չի կատարվում, իրականում գործում է Սուրբ Հոգին և Աստծո Արքայությունն արդեն իսկ սերմեր է գցել՝ մեր ջանքերի շնորհիվ և դրանցից անկախ: Հետևաբար, ուրախությա՜մբ առաջ ընթանանք: Եկե՛ք հիշենք այն մարդկանց, ովքեր Աստծո Խոսքի սերմը ցանեցին մեր կյանքում, որովհետև գուցե այն արմատներ է գցել շատ տարիներ անց, սակայն դա տեղի է ունեցել հենց նրանց շնորհիվ»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք բարիք ենք սերմանում: Մենք սերմանու՞մ ենք ուրիշների համար, թե՞ դա անում ենք, որպեսզի ինքներս պտուղները քաղենք: Արդյո՞ք մենք սերմանում ենք Ավետարանը մեր առօրյա կյանքում: Արդյո՞ք մենք սերմանում ենք այնպես, ինչպես Հիսուսը, թե՞ հուսահատվում ենք արագ արդյունքներ չտեսնելով: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ լինել Բարի լուրի առատաձեռն և ուրախ սերմանողներ»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց