«Արդյո՞ք ճիշտ է տարերային աղետները մեղքերի պատիժ համարելն ու ընդունելը»:
Սխալ է այն պնդումը, որ Աստված պատժում է մարդուն նրա կատարած չար գործերի համար։ Ճիշտ կլինի ասել, որ պատիժը հենց կատարած չար արարքն է: Եթե մարդը թույն է խմում ու մահանում, ապա սխալ կլինի պնդել, որ Տերն է պատժում նրան։
Մեր գործած բոլոր մեղքերն ունենում են ոչ միայն անձնական, այլև ընդհանրական հետևանքներ, սակայն մենք չգիտենք, թե դա կոնկրետ ինչպես է դրսևորվում: Մեղքի հետևանքները հստակ երևում են սկզբնական մեղքի օրինակով: Սուրբ Գիրքը մեջբերում է Աստծո ասած խոսքերն Ադամին. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն պտղից, որից միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (ԾՆՆ. 3,17-19):
Ահա թե ինչպես է Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը դա պարզաբանում. «Աստվածաշունչը ցույց է տալիս այս առաջին անհնազանդության եղերական հետևանքները: Ադամն ու Եվան անմիջապես կորցրնում են սկզբնական սրբության շնորհքը: Այս Աստծուց վախ ունեն, Նրա մասին սխալ պատկերացում կազմեցին՝ իբրև մի Աստծո, Ով նախանձախնդիր է Իր առանձնաշնորհումների հանդեպ: Այն ներդաշնակությունը, որի մեջ ապրում էին, ու որը գոյացել էր շնորհիվ սկզբնական արդարության, այժմ ահա կործանվում է. խորտակվում է հոգու հոգևոր կարողությունների տիրությունը՝ մարմնի վրա: Տղամարդու ու կնոջ միությունը դառնում է լարվածություն: Նրանց հարաբերությունները կրում են ընչաքաղցության ու տիրապետման դրոշմ: Արարչության հետ նրանց ունեցած ներդաշնակությունը խզվում է. տեսանելի արարչությունը մարդուն օտարոտի ու թշնամի է» (399-400):
Արարչության հետ ներդաշնակության բացակայությունը մեղքի հետևանք է, որը կործանեց կապը արարչության հետ։ Այսպիսով, տարերքի թշնամանքը շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության պառակտման դրսևորումն է։ Սակայն սխալ և անթույլատրելի է պնդումը, որ այս կամ այն իրադարձությունը պատիժ է որոշակի մարդկանց կամ ողջ ժողովրդի համար: Մենք պիտի հիշենք, որ մեր անձնական մեղքերը ևս՝ մեզ համար անհայտ կերպով, կարող են ազդել այլ մարդկանց հետ պատահող աղետների վրա: Այս մասին իր առաքելական «Reconciliatio et Paenitentia» հորդորում հիշատակում է Սբ. Հովհաննես Պողոս II պապը. «Ընդունել, որ ի դեմս մարդկային համերաշխության ուժի, որն այդքան առեղծվածային և աննշմարելի է, այդքան իրական և կոնկրետ է, յուրաքանչյուրի մեղքը ինչ-որ կերպ արտացոլվում է ուրիշների վրա, դա համերաշխության մյուս կողմն է, որը կրոնական մակարդակում վերածվում է սրբերի հաղորդության խորը և հիանալի խորհրդի, որի շնորհիվ կարելի է ասել, որ ամեն վեհ հոգի բարձրացնում է աշխարհը: Վերելքի այդ օրենքին, ցավոք, համապատասխանում է էջքի օրենքը, հետևաբար կարելի է նաև խոսել մեղքի մեջ հաղորդության մասին, որի միջոցով ամեն իջնող հոգի իր հետ միասին իջեցնում է Եկեղեցին և որոշ չափով ամբողջ աշխարհը։ Այլ կերպ ասած, գոյություն չունի այնպիսի մեղք, որն ինչքան էլ գաղտնի ու խիստ անձնական լինի, վերաբերի միայն այդ մեղքը գործողին: Ամեն մի մեղք այս կամ այն չափով, քիչ թե շատ վնասով, ազդում է Եկեղեցու ողջ կառուցվածքի և ամբողջ մարդկային ընտանիքի վրա: Այդ առաջին նշանակության համաձայն՝ յուրաքանչյուր մեղքի, անկասկած, կարելի է վերագրել սոցիալական մեղքի բնույթը» (16):
Մեր շուրջը տեղի ունեցող բազմաթիվ տարերային աղետները հորդորում են մեզ աղոթել. «Տե՛ր, ես մեղք եմ գործել, ողորմիր ինձ»: Սակայն սխալ է պնդել, որ տարերային աղետներն «ուղարկվում են» որպես պատիժ այս կամ այն մեղքի համար:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը