• Թովմա Աքվինացի – հոգևոր մեծ իմաստությամբ օժտված մարդ

    «Նա երբեք չհպարտացավ իր գիտունությամբ, նրա բոլոր գործերը ոգեշնչված էին ողորմած սիրով»:


    «Եկեղեցու մարդ», նրա Ուսուցիչը և քահանան, ով կիսվում էր իր «հոգևոր և մարդկային մեծ իմաստությամբ» աղոթքների և աշխատանքի միջոցով: Այսպիսի խոսքերով է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հուլիսի 11-ին լատիներեն լեզվով լույս տեսած հատուկ ուղերձում հիշում ականավոր աստվածաբան սուրբ Թովմա Աքվինացուն: Ուղերձում Նորին Սրբությունն ընդգծում է, որ Սրբերի դասի վերատեսչության վերատեսուչ կարդինալ Մարչելլո Սեմերարոյին նշանակել է հատուկ ներկայացուցիչ Թովմա Աքվինացու սրբադասման 700-ամյակի տոնակատարության արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Ֆոսսանովայի աբբայությունում:

     

    «Նա երբեք չհպարտացավ իր գիտունությամբ, նրա բոլոր գործերը ոգեշնչված էին ողորմած սիրով», ժամանակակիցներն այս դոմինիկյան վանականին անվանել են Doctor Angelicus («Հրեշտակային ուսուցիչ»): Սուրբ Թովմա Աքվինացին «հրաշալի մշակույթի» կրող էր, ընդգծում է Սրբազան Քահանայապետը. «Նա բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, մեծ ձեռքբերումներ ունի փիլիսոփայության ու աստվածաբանության ոլորտներում և ուսուցանել է շատ մարդկանց: Ունենալով խորաթափանց բանականություն և պարզություն՝ նա Աստվածային խորհուրդներն ակնածանքով էր հետազոտում և ուշադրությամբ ուսումնասիրում, նա մտահայում էր ջերմեռանդ հավատքով»:

     

    Նորին Սրբությունը հիշեցնում է Հրեշտակային ուսուցչի եռամյա հոբելյանի մասին. նշվելու է նրա սրբադասման 700-ամյակը, 2024թ. նրա մահվան 750-ամյակը, իսկ 2025թ-ին՝ ծննդյան 800-ամյակը։ «Մեծ հարգանքով և հոգևոր ուրախությամբ ընդունեցինք Եկեղեցու տարբեր ծրագրերը, որպեսզի արժանի կերպով մեծարենք Սրբության ամենապայծառ Վարդապետի եռանդն ու սուրբ վարդապետության ուսումնասիրությունները», գրում է Սրբազան Քահանայապետը:

     

    Կարդինալ Մարչելլո Սեմերարոն կգլխավորի Սուրբ Պատարագը Ֆոսսանովայի աբբայությունում, հնագույն դոմինիկյան վանքում, որտեղ 1274թ. սուրբ աստվածաբանը «ննջեց Տիրոջ մեջ»: «Այդ արարողության բոլոր մասնակիցները պիտի նոր զորությամբ և ոգևորվածությամբ հայտնեն իրենց հատուկ Սերն առ Քրիստոսն ու  Նրա Ավետարանին՝ աղոթքի միջոցով, ինչպես նաև առօրյա կյանքում  խանդավառ ու ջերմեռանդ հավատք դրսևորելով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց