Հայաստան կատարած երկու օր տևող այս ճամփորդության ընթացքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը պիտի ունենա կարևոր հանդիպումներ: Հուլիսի 13-ին պիտի այցելի Գյումրու Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ առավոտյան ժամը 10:30-ին կմատուցի Սուրբ Պատարագ։
ՀՀ մոտ Սուրբ Աթոռի դեսպանության դիմատետրի վրա հրատարակված հայտարարության մեջ կարդում ենք, որ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Պետրո Պարոլինը հուլիսի 11-ից 13-ը կայցելի Հայաստան:
Հայաստան կատարած երկու օր տևող այս ճամփորդության ընթացքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը պիտի ունենա կարևոր հանդիպումներ: Հուլիսի 13-ին պիտի այցելի Գյումրու Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ առավոտյան ժամը 10:30-ին կմատուցի Սուրբ Պատարագ։
Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հուլիսի 12-ի առավոտյան Կարդինալ Պարոլինը Հայաստանում իր պաշտոնական օրակարգը սկսեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող ու թանգարան այցելությամբ: Թանգարանի ոսկյա մատյանում կատարեց գրառում և հայտնեց, որ մինչ ինքը «հարգանքի տուրք է մատուց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրում և այցելում Հայոց Ցեղասպանության թանգարան, տոգորված եմ խոր վշտի ու կսկիծի զգացումներով այստեղ հիշատակվող զոհերի համար»:
«Թող Տերը հավիտենական հանգիստ պարգևի բոլոր նրանց, որոնք իրենց կյանքը կորցրեցին և աջակցություն ցուցաբերեցին՝ արդարության հասնելու և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար՝ արդար ապագա կերտելու մղումով համակված» գրեց միշտ Կարդինալ Պարոլինը, ապա գրառումն ավարտեց հայցելով, որ «Ամենակարողն իր օրհնությունը բաշխի ողջ ազնիվ հայ ժողովրդին՝ մխիթարություն պարգևելով այստեղ ոգեկոչվող զոհերի ժառանգներին։
Ներկայացնում են նաև Հայոց Ցեղասպանության Թանգարանի կայքում այս առիթով հրատարկված գրառումը
Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պետրո Պարոլինն այցելեց Հայոց ցեղասպանության Հուշահամալիր
Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Կարդինալ Պետրո Պարոլինը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի այցի կապակցությամբ ՀՑԹԻ գիտական ֆոնդերից ի թիվս այլ նյութերի դուրս էր բերվել նաև Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի՝ 1915 թվականի սեպտեմբերի 10-ին Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-ին ուղղված նամակի կրկնօրինակը: Նամակում Հռոմի Պապը իր բողոքի ձայնն էր բարձրացրել հայերի հանդեր իրականացվող համատարած բռնությունների և ջարդերի դեմ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կատարվող զանգվածային հանցագործությունները: Թանգարանում շրջելուց հետոյ կարդինալ Պետրո Պարոլինը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարդինալին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին Կարդինալը Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրեց հուշամեդալ:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Կարդինալ Պետրո Պարոլինը ջրեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի 2001 թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016 թ.-ին տնկած եղևնիները:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը