• Մեր կյանքը լի է Աստծո հրաշքներով, պետք է սովորել դրանք տեսնել

    «Արդյո՞ք մենք երեխաների նման հիանում ենք բարությամբ, որը լուռ փոխում է աշխարհը»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց աղոթքի շուրջ, որով Հիսուս դիմում է Երկնային Հորը. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մտթ. 11,25): Ինչի՞ մասին է խոսում Հիսուսը: Ովքե՞ր են այս մանուկները, որոնց համար բացահայտվում է այն, ինչը փակ է իմաստունների և խելամիտների համար: Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին խորհել այդ հարցերի շուրջ:

     

    Տեր Հիսուսը փառաբանում է Հորը Նրա սիրո գործերի համար: «Աստված բացահայտում է Ինքն Իրեն՝ անշահախնդիր ու փրկարար սիրով ազատելով և բժշկելով մարդուն», – ասաց Սրբազան Քահանայապետը, պարզաբանելով, որ Աստծո սիրո այս ամբողջ մեծությունը մարդու հանդեպ չեն հասկանում և նկատում նրանք, ովքեր իրենք իրենց են մեծ համարում և Աստծո պատկերը ստեղծում  իրենց պատկերով ու նմանությամբ՝ տիրական, անկոտրում, վրիժառու: Այլ կերպ ասած, նա, ով ամբարտավան է, ինքնագոհ, հպարտ ու միայն իր սեփական շահերի մասին է մտահոգվում, համոզված է, որ ոչ մեկի կարիքը չունի. նա ունակ չէ Աստծուն որպես Հայր ընդունելու, ընդգծեց Նորին Սրբությունը: Որպես այդպիսի մարդկանց օրինակ Հիսուս մատնանշում է իր ժամանակի երեք հարուստ քաղաքների՝ Խորազինի, Վիֆսաիդայի և Կափառնայումի բնակիչներին: Նա մեծաթիվ բժշկություններ էր կատարել այդ քաղաքներում, սակայն տեղի բնակիչներն անտարբեր էին մնացել Նրա քարոզչությանը, որովհետև Հիսուսի հրաշքները նրանց համար միայն տպավորիչ իրադարձություններ էին, պարապ խոսակցությունների և բամբասանքների առիթ: Այդ մարդիկ արագ մոռացան Հիսուսի կատարած բժշկությունները՝ իրենց համար բամբասանքի նոր թեմա գտնելով: «Նրանք չկարողացան ընդունել Աստծո մեծ գործերը», – ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Հպարտ ու ամբարտավան մարդկանց հակառակ պատկերն են հասարակ ու խոնարհ մարդիկ: Հենց նրանց համար է Հիսուս շնորհակալություն հայտնում Հորը: «Միայն խոնարհամիտ մարդիկ, ինչպես փոքրիկները, զգում են ինչ-որ մեկի կարիքը: Հենց նրանք են սրտաբաց ընդունում Աստծուն և հիանում Նրա գործերով», – ասաց  Նորին Սրբությունը:

     

    Մեր կյանքը լի է հրաշքներով, այն լեցուն է Աստծո սիրո և բարության նշաններով, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Սակայն մենք նույնպես կարող են անտարբեր լինել երկնային պարգևների նկատմամբ՝ դրսևորելով զուտ հետաքրքրություն: Քրիստոնյաները պետք է «դրոշմեն» Աստծո հրաշքները իրենց սրտերում, ինչպես լուսանկարչական ժապավենը, ապա «հայտածեն» դրանք իրենց կյանքում՝ բարի գործեր անելով, որպեսզի Աստծո սիրո «լուսանկարները» ավելի ու ավելի հստակ դառնան մեր մեջ և մեր միջոցով:

     

    Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, կոչ արեց Նորին Սրբությունը, թե մենք կարո՞ղ ենք զարմանալ Աստծո կատարած մեծ գործերի վրա այնպես, ինչպես Հիսուսն է ցույց տալիս մեզ այսօր: Արդյո՞ք մենք երեխաների նման հիանում ենք բարությամբ, որը լուռ փոխում է աշխարհը, թե՞ մենք արդեն կորցրել ենք այդ ունակությունը։ Արդյո՞ք մենք ամեն օր փառաբանում ենք Երկնային Հորը Նրա գործերի համար: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ հիանալ Տիրոջ սիրով և պարզասրտորեն շնորհակալություն հայտնել Նրան, խորհրդածության ավարտին ասած Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց