«Արդյո՞ք մեր եղբայրներին ու քույրերին մենք ընդունում ենք որպես պարգևներ»:
«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որում Հիսուս ասում է. «Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա» (Մտթ. 10,41):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ ոմանք մարգարեին համարում են կախարդ, ով կանխատեսում է ապագան, սակայն դա սնահավատություն է, իսկ քրիստոնյաները սնահավատ չեն, որովհետև չեն հավատում մոգությանը, քարտերին, հորոսկոպներին և այլն: Մյուսների համար էլ մարգարեն հեռավոր անցյալի մի կերպար է, ով եղել է Քրիստոսից առաջ և կանխագուշակել Նրա գալուստը: Սակայն այսօր Հիսուս Ինքն խոսում է մարգարեներին ընդունելու անհրաժեշտության մասին, հետևաբար նրանք դեռ կան, բայց ովքե՞ր են նրանք:
Մեզանից յուրաքանչյուրը մարգարե է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, որովհետև Մկրտության Խորհրդի ժամանակ մենք բոլորս ստացել ենք մարգարեության շնորհն ու առաքելությունը։ Մարգարեն նա է, ով վկայում է Հիսուսի մասին, օգնում է ապրել ներկայով և կառուցել ապագան Աստծո ծրագրերի համաձայն: Հետևաբար, մենք բոլորս մարգարեներ ենք, Հիսուսի վկաները, «որպեսզի Ավետարանի զորությունը փայլի առօրյա, ընտանեկան և հասարակական կյանքում» (Lumen Gentium 35): Մարգարեն Աստծո մասին վկայող կենդանի նշան է, Քրիստոսի լույսի արտացոլումն է մերձավորների ճանապարհին: Սակայն Մկրտության Խորհրդի միջոցով «ընտրված մարգարեներս» արդյո՞ք վկայում ենք Հիսուսի մասին: Արդյո՞ք Նրա լույսն ու զորությունը տանում ենք ինչ-որ մեկի կյանք: Արդյո՞ք խորհում ենք, թե ինչպիսի վկաներ ու մարգարեներ ենք մենք:
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Ավետարանում Հիսուս խնդրում է ընդունել մարգարեներին, հետևաբար շատ կարևոր է միմյանց ընդունել որպես Աստծո պատգամի կրողներ՝ յուրաքանչյուրին ըստ իր կարգավիճակի ու կոչման, և դա անել հենց այնտեղ, որտեղ ապրում ենք՝ ընտանիքում, ծխական և վանական համայնքներում, Եկեղեցու և հասարակության այլ ոլորտներում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Սուրբ Հոգին մարգարեության պարգևները բաշխել է Աստծո սուրբ Ժողովրդին, ահա թե ինչու պետք է լսել բոլորին: Օրինակ կարևոր որոշում կայացնելու նախօրեին պետք է աղոթել, կանչել Սուրբ Հոգուն, այնուհետև ուշադիր լսել և երկխոսել: Պետք է հավատալ, որ ամեն ոք կարող է ինչ-որ կարևոր բան ասել, կիսվել մարգարեական պարգևով: Հենց այսպես է տեղի ունենում ճշմարտության որոնումը և Աստծուն ու եղբայրներին լսելու ունակության ձևավորումը, երբ մարդիկ իրենց ցանկալի են զգում ոչ միայն նրա համար, որ մեզ հաճելի բաներ են ասում, այլ զգում են, որ իրենց ընդունում և գնահատում են որպես պարգևներ»:
Բազմաթիվ հակամարտություններ կկանխվեին, եթե ուիշներին ունկնդրեինք հասկանալու անկեղծ ցանկությամբ, շարունակեց Նորին Սրբությունը: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մեր եղբայրներին ու քույրերին մենք ընդունում ենք որպես պարգևներ: Արդյո՞ք հարգանքով և որևէ բան սովորելու ցանկությամբ ենք ունկնդրում նրանց: Որովհետև մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի ուրիշներից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Խորհրդածության ավարտին՝ դիմելով ուխտավորներին, Նորին Սրբությունն աղոթեց, որպեսզի Սուրբ Կույս Մարիամը՝ մարգարեների Թագուհին, «օգնի մեզ տեսնել ու ընդունել բարին, որը Սուրբ Հոգին սերմանել է ուրիշների մեջ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը