Լույս տեսավ Եպիսկոպոսների Սինոդի առաջիկա աշխատանքների համար ուղեցույց հանդիսացող աշխատանքային թղթածրարը:
Այսօր՝ հունիսի 20-ին հրապարակվեց «Հանուն Սինհոդոսական Եկեղեցու. հաղորդություն, մասնակցություն, առաքելություն» բնաբանով Եպիսկոպոսների Սինոդի ԺԶ Ընդհանրական Ժողովի աշխատանքային թղթածրարը (Instrumentum laboris):
Ժողովի առաջին նստաշրջանը պիտի կայանա 2023թ. հոկտեմբերի 4-ից 29-ը՝ Վատիկանում և պիտի շարունակվի 2024թ-ին։
Այս սկզբնական փաստաթուղթն ամփոփում է ամբողջ աշխարհի թեմերի վերջին երկու տարիների փորձը՝ սկսած 2021թ. հոկտեմբերի 10-ից, երբ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկիզբ դրեց մի ուղու՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկված են «որպես սինոդալ Եկեղեցի աճի համար»։
Նույն օրը վերոնշյալ աշխատանքային թղթածրարը ներկայացվեց Վատիկանի Մամլո գրասենյակում: Այն կազմված է բովանդակային բաժիններից և տասնհինգ բացատրական թղթերից, որոնք բացահայտում են «Սինհոդոսականության» բուն հայեցակարգի տեսլականը:
Փաստաթղթի երկու մեծ Ա և Բ բաժիններից առաջինն անդրադառնում է «Հանուն Սինհոդոսական Եկեղեցու» ճանապարհի վերջին երկու տարիների կուտակած փորձին, իսկ երկրորդն ընդգծում է Սինոդի հոկտեմբերյան Ժողովի երեք առաջնահերթ խնդիրները. «հաղորդություն, մասնակցություն, առաքելություն»՝ երեք հիմնական նյութերով։
– աճել հաղորդության մեջ՝ ընդունելով բոլորին,
– ճանաչել և գնահատել յուրաքանչյուր մկրտված անձի ներդրումը առաքելության մէջ,
– բացահայտել կառավարման կառույցներն ու շարժողականությունը՝ ժամանակին հստակեցնելով միսիոներական սինոդալ Եկեղեցու մեջ մասնակցության ու իշխանության առնչվող հարցերը:
Այս համատեքստում է արմատավորվում «ավելի սինոդալ Եկեղեցի լինելու ցանկությունը նաև նրա հաստատություններում, կառույցներում և ընթացակարգերում»: Սինոդալ Եկեղեցին ամենից առաջ «ունկնդրող Եկեղեցի» է, որը «ցանկանում է խոնարհ լինել և գիտի, որ պետք է ներողություն խնդրի և սովորելու շատ բան ունի», գրված է աշխատանքային թղթածրարում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ «բազմաթիվ համատեքստերում սեռական, տնտեսական, իշխանության և խղճի չարաշահման հետ կապված ճգնաժամերը ստիպված են կատարել Եկեղեցու խղճի պահանջկոտ քննություն, որպեսզի Սուրբ Հոգու գործողության ներքո չդադարի նրա վերանորոգումը, ապաշխարության և դարձի ուղևորության ժամանակ, որը ուղիներ է բացում դեպի հաշտություն, բժշկություն և արդարություն»:
Սինոդալ Եկեղեցին նաև «հանդիպման և երկխոսության Եկեղեցի է» այլ կրոնների, այլ մշակույթների ու հասարակությունների հավատացյալների հետ:
«Եկեղեցի, որ «չի վախենում բազմազանությունից», այլ «գնահատում է այն՝ առանց միօրինակություն պարտադրելու»։ Եկեղեցի, որն անդադար սնվում է պատարագի ընթացքում մատուցված խորհրդով՝ ամեն օր արմատական միասնություն ապրելով նույն աղոթքի, ինչպես նաև լեզուների և ծեսերի բազմազանության մեջ» կարդում ենք Instrumentum laboris փաստաթղթում։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը