«Առանց Հիսուս Քրիստոսի մենք չգիտենք, թե ինչ է մեր կյանքն ու մահը, ով է Աստված և մենք ինքներս»:
Ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի ծննդյան 400-ամյակի կապակցությամբ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց Sublimitas et miseria hominis առաքելական նամակը՝ նվիրված Պասկալի ժառանգությանը։
Նամակի սկզբում Նորին Սրբությունն ընդգծում է, որ հենց «մարդու մեծության և ոչնչության» հակադրությունն է գտնվում մեծ փիլիսոփայի, ֆիզիկոսի և մաթեմատիկոսի ուղերձի կենտրոնում, ով «իրեն դրսևորել է, որպես ճշմարտության անխոնջ փնտրող»՝ գիտության մեծ առաջընթացի և փիլիսոփայության ու կրոնի նկատմամբ աճող թերահավատության դարաշրջանում:
«Մարդն ի՞նչ է, որ հիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան». 8-րդ Սաղմոսի այս հարցը «դրոշմված է ամեն մի դարաշրջանի և վայրի, ցանկացած մշակույթի և կրոնի պատկանող յուրաքանչյուր մարդու սրտում», – գրում է Սրբազան Քահանայապետը: «Ի՞նչ է մարդը բնության մեջ: Այս հարցը ինքն իրեն տալիս էր Պասկալը: Ոչինչ՝ համեմատած անսահմանության հետ, ամեն ինչ՝ համեմատած ոչնչի հետ»:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ Պասկալի փիլիսոփայական որոնումները և «Քրիստոնեական հավատքը պաշտպանելու նրա արտասովոր մտավոր ջանքերը» նրան չհեռացրեցին հասարակական կյանքից։ Փիլիսոփան սրտաբաց էր մարդկանց և ողջ հասարակության առջև, և որպես վառ օրինակ կարող է ծառայել 1661թ. Փարիզի առաջին հասարակական տրանսպորտի ցանցը ստեղծելու նրա գաղափարը. խոսքը «հինգ սու կառքերի» մասին է։ Իր վերջին հիվանդության ժամանակ նա ասում է. «Եթե բժիշկները ճիշտ են ասում և Աստված թույլ կտա, որ ես կազդուրվեմ այս հիվանդությունից, ես որոշել եմ մինչև կյանքիս վերջն այլևս ոչնչով չզբաղվել, բացի աղքատներին ծառայելուց», իսկ մահվանից առաջ նա գրել է. «Սուրբ Գրքի միակ թեման սերն է»։
«Իր ծնունդից չորս դար անց Պասկալը մնում է ճշմարիտ երջանկության փնտրտուքի մեր ուղեկիցը՝ Տիրոջ հավատքի պարգևի համաձայն»:
Բլեզ Պասկալը մարդկային էության մասին իր մտորումներում անդրադառնում է բոլորին: Հիսուս Քրիստոսը և Սուրբ Գիրքը նրա մտքերի «հիմքն ու բանալին» են: «Եթե մենք գիտենք Աստծո մասին, ապա միայն Հիսուս Քրիստոսի միջոցով, սակայն ոչ միայն, քանզի մենք ինքներս մեզ ճանաչում ենք միայն Հիսուս Քրիստոսի միջոցով, պնդում էր Պասկալը: Մենք կյանքն ու մահը ճանաչում ենք միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Առանց Հիսուս Քրիստոսի մենք չգիտենք, թե ինչ է մեր կյանքն ու մահը, ով է Աստված և մենք ինքներս: Նույն կերպ, առանց Սուրբ Գրքի, որի միակ թեման Հիսուս Քրիստոսն է, մենք ոչինչ չենք իմանա և միայն խավար կտեսնենք»: Պասկալը համոզված էր, որ Աստված և ցանկացած ճշմարտություն անբաժանելի են, և նա Քրիստոսով է ընդունում «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», պարզաբանում է Սրբազան Քահանայապետը և հորդորում «լսել Բլեզ Պասկալին՝ արտասովոր խելքի տեր մարդուն, ով ցանկանում էր հիշեցնել, որ սիրո հեռանկարից դուրս արժեքավոր ճշմարտություն գոյություն չունի»։ Պասկալը նույնիսկ գրել է, որ կուռք կարող է ստեղծվել նաև հենց ճշմարտությունից, քանի որ «առանց սիրո ճշմարտությունն Աստված չէ, այլ Նրա պատկերն ու կուռքը, որին ոչ պետք է սիրել, ոչ էլ երկրպագել»։
Պասկալն ընդգծել է նաև ճանաչողության անհրաժեշտությունը. «Առանց ճանաչողության իմաստության մենք հեշտությամբ կարող ենք վերածվել խամաճիկների ակնթարթային տենդեցների ձեռքում»։
Նորին Սրբությունը գրում է առեղծվածային փորձառության մասին, որը Պասկալի հետ պատահել է 1654թ-ին՝ իսկական «կրակի գիշերը», որի մասին նա գրել է իր հայտնի «Մեմորիալում»։ Թեև մենք չգիտենք, թե ինչ է զգացել Պասկալն իր հոգում, սակայն հենց ինքն է այդ փորձառությունը նմանեցրել այրվող մորենու դիմաց կանգնած Մովսեսի փորձառությանը: Նա հանդիպել է «Աբրահամի Աստծուն, Իսահակի Աստծուն, Հակոբի Աստծուն», այլ «ոչ թե փիլիսոփաների և իմաստունների Աստծուն»: «Վստահություն, վստահություն, զգացողություն, ուրախություն, խաղաղություն: Հիսուս Քրիստոսի Աստվածը», – գրված է «Մեմորիալում»։
Առաքելական նամակում Սրբազան Քահանայապետը հիշատակում է նաև յանսենիզմի հետ Պասկալի բարդ հարաբերությունների մասին: Սակայն կյանքի վերջում Պասկալի վերջնական դիրքորոշումը լիովին համապատասխանել է կաթողիկէ վարդապետությանը, իսկ Սուրբ Խորհուրդները ստանալուց հետո՝ նրա վերջի խոսքերը եղել են. «Թո՛ղ Աստված երբեք չլքի ինձ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը