• Շնորհակալություն բարոյական և հոգևոր աջակցության համար

    «Արդյո՞ ք մենք հավատում ենք, որ Աստված մոտ է, արդյո՞ք վստահում ենք Նրան»:


    Հունիսի 18-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որում Հիսուսը տալիս է տասներկու առաքյալների անունները և ուղարկում հռչակելու, որ Երկնքի Արքայությունը մոտ է:

     

    Նորին Սրբությունը հիշեցնում է, որ սա հենց այն լուրն է, որով Հիսուս սկսեց իր քարոզը. «Աստծո Արքայությունը, այսինքն՝ Նրա սիրո իշխանությունը մոտ է, այն մեր մեջ է։ Սա պարզապես հերթական լուրը չէ մյուս նորություններրի շարքում, այլ կյանքի համար ինչ-որ հիմնարար բան»: Եթե ​​երկնային Աստվածը մոտ է, ուրեմն մենք մենակ չենք երկրի վրա, և նույնիսկ դժվարությունների ժամանակ չենք կորցնում հավատը, ասաց Սրբազան Քահանայապետը: Աստված մեզանից չի հեռացել. Նա մեր Հայրն է, Ով ճանաչում և սիրում է մեզ: Նա միշտ բռնում է մեր ձեռքը, երբ մենք քայլում ենք զառիթափ արահետներով, երբ վայր ենք ընկնում և դժվարանում վեր կենալ: Ավելին, թուլության պահերին մենք առավել ուժգին ենք զգում Նրա ներկայությունը: Տերը գիտի ճանապարհը, Նա մեզ հետ է, Նա մեր Հայրն է, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին իրենց պատկերացնել որպես երեխաներ, ովքեր քայլում են իրենց հոր հետ ձեռք ձեռքի տված: Եվ այդ ժամանակ մեծ ու խորհրդավոր աշխարհը դառնում է ծանոթ և անվտանգ, քանզի երեխան գիտի, որ պաշտպանված է և այլևս չի վախենում: Հանդիպելով այլ մարդկանց՝ նա նոր ընկերներ է ձեռք բերում, ուրախությամբ սովորում այն, ինչ չգիտեր, իսկ հետո վերադառնում է տուն և բոլորին պատմում իր տեսածի մասին։ Նա ցանկանում է մեծանալ և անել այն բոլոր բաները, որ իր հայրն է անում: Ահա թե ինչու է Հիսուսն իր քարոզը սկսում հռչակելով Աստծո մոտիկությունը, որովհետև Աստծուն մոտ լինելով՝ մենք հաղթահարում ենք վախը, բացվում սիրո առաջ, բարիանում և զգում դրա մասին վկայելու կարիքը:

     

    Լավ առաքյալներ դառնալու համար՝ մենք պետք է նմանվենք երեխաներին և նստենք «Աստծո գիրկը» և այնտեղից նայենք աշխարհին՝ վստահությամբ և սիրով լի, որպեսզի վկայենք, որ Աստված Հայր է, որ միայն Նա է փոխակերպում սրտերն ու պարգևում այնպիսի խաղաղություն և ուրախություն, որը մենք միայնակ չենք կարող ձեռք բերել։

     

    «Ինչպե՞ս մենք պետք է հռչակենք, որ Աստված մոտ է» – հարց տվեց Նորին Սրբությունը: Հիսուսն Ավետարանում խորհուրդ է տալիս խուսափել շատախոսությունից ու կատարել սիրո և հույսի բազմաթիվ գործեր Տիրոջ անունով. «Հիվանդներին բժշկեցե՛ք, բորոտներին մաքրեցե՛ք, դևերին հանեցե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվե՛ք» (Մտթ. 10,8): Հռչակումն անձնուրաց վկայություն և ծառայաություն է:

     

    Սրբազան Քահանայապետը հորդորեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. Արդյո՞ ք մենք հավատում ենք, որ Աստված մոտ է, արդյո՞ք վստահում ենք Նրան: Արդյո՞ք մենք կարող ենք ապագային նայել երեխայի վստահությամբ, ով գիտի, որ հայրն իր ձեռքը բռնել է: Արդյո՞ք մենք կարող ենք նստել Հոր գիրկը և աղոթել, լսել Խոսքը: Եվ, վերջապես, Տիրոջը մոտ լինելով, կարո՞ղ ենք ուրիշներին քաջալերել, մոտ լինել նրանց, ովքեր տառապում են միայնակ են և հեռու, և նույնիսկ նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ:

     

    Իր խորհրդածության ավարտին՝ դիմելով ուխտավորներին Նորին Սրբությունը հիշատակեց իր վերջին հոսպիտալացման մասին և ասաց. «Այդ մի քանի օրերի ընթացքում մեծաթիվ մտերմության մաղթանքներ եմ ստացել: Դրա համար ես օրհնում եմ Աստծուն և երախտապարտ եմ ձեզ բոլորիդ, շնորհակալություն: Եկե՛ք աղոթենք Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա օգնի մեզ միմյանց փոխանցել վստահություն ու մտերմություն և սիրված զգալ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց