«Տատիկների, պապիկների և բոլոր տարեցների Համաշխարհային օրը հույսի նշան է հենց իրենց և ամբողջ Եկեղեցու համար»:
Հունիսի 15-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանահայապետը հրապարակեց ուղերձ տատիկների, պապիկների և բոլոր տարեցների Համաշխարհային III օրվա կապակցությամբ, որը նշվելու է հուլիսի 23-ին և ունենալու է հետևյալ խորագիրը՝ «Նրա ողորմությունը սերնդից սերունդ է» (Ղկ. 1,50):
Նորին Սրբությունն ընդգծում է, որ ընտրված թեման հիշեցնում է Սուրբ Կույս Մարիամի և նրա տարեց ազգականուհի Եղիսաբեթի միջև հանդիպումը. Սուրբ Հոգով օրհնված Մարիամը օրհնաբանում է՝ ասելով «Magnificat» օրհներգը: Ավետարանական այս հանդիպումն ընդգծում է տարբեր սերունդների, հատկապես երիտասարդների և տարեցների միջև փոխգործակցության կարևորությունը:
Ըստ Սրբազան Քահանայապետի, Տերը ցանկանում է, որպեսզի երիտասարդներն ուրախացնեն և ջերմացնեն տարեցների սրտերն ու նրանցից իմաստություն սովորեն։ Շատ կարևոր է, որ տարեցները միշտ լինեն ուշադրության կենտրոնում և չանտեսվեն, ինչը, ցավոք սրտի, հաճախ է պատահում այսօր։ Նորին Սրբությունն ընդգծում է տատիկների և պապիկների ու Երիտասարդության համաշխարհային օրերի «գեղեցիկ հարևանությունը»՝ մոտիկությունը, որը տեղի է ունենալու Լիսաբոնում՝ օգոստոսի 1-ից 6-ը: Երկու իրադարձություններն էլ նվիրված են Մարիամի «շտապ» այցելությանը Եղիսաբեթին, և հենց սա էլ մտորումների տեղիք է տալիս երիտասարդների ու տարեցների միջև կապի մասին:
Երիտասարդությունը կանչված է խնամքով պահպանելու հիշողությունը՝ տարեցների հետ ընկերության միջոցով: Տարեցների համար երիտասարդության հետ շփումը հույս է, որ իրենց փորձառությունն անիմաստ չի կորչելու և իրենց երազանքներն իրականանալու են: Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, խոսում է այն մասին, որ միայնակ հնարավոր չէ փրկվել, և որ Աստծո միջամտությունը դրսևորվում է ժողովրդի պատմության մեջ։ Աստծո «միջամտությունն» ավելի լավ հասկանալո համար, անհրաժեշտ է ժամանակի լիարժեքության մեջ ապրել՝ գիտակցելով, որ մեծագույն իրողությունները և ամենագեղեցիկ երազանքները պահանջում են աճ և հասունացում: Հետևաբար, եսակենտրոնությունը և միայն տվյալ պահի համար մտահոգությունը հանգեցնում են Աստծո սիրո ծրագրի կորստին, որն ընդգրկում և միավորում է անցյալ, ներկա և ապագա սերունդներին:
Մարիամի և Եղիսաբեթի, այսինքն՝ երիտասարդության և ծերության հանդիպումը, բացահայտում է Աստծո փրկության և ողորմության ծրագիրը մարդկության պատմության մեջ: Շատ կարևոր է պատկերացնել Մարիամի և Եղիսաբեթի ողջագուրումը՝ «որպես սրտում շողշողացող մի սրբապատկեր», ապա վերադառնալ իրականություն ու գրկել տատիկներին, պապիկներին և տարեցներին՝ նրանց երբեք մենակ չթողնելու պայմանով: Նրանց ներկայությունն ընտանիքներում և համայնքներում անգնահատելի է, քանզի նրանք օգնում են գիտակցել ընդհանուր ժառանգության կարևորությունը:
Տատիկների, պապիկների և բոլոր տարեցների Համաշխարհային օրը հույսի նշան է հենց իրենց և ամբողջ Եկեղեցու համար, ընդգծում է Նորին Սրբությունը և հրավիրում ուրախությամբ նշելու «հորդաբուխ հանդիպման» այս տոնը, ինչպես թեմերում, այնպես էլ համայնքներում։ Սրբազան Քահանայապետը կոչ է անում երիտասարդներին այցելել իրենց տարեց հարազատներին և ստանալ նրանց օրհնությունները՝ Երիտասարդության համաշխարհային օրը նշելուց առաջ: Իսկ տարեցներն էլ իրենց հերթին կանչված են աղոթքով ուղեկցելու բոլոր այն երիտասարդ տղաներին ու աղջիկներին, ովքեր պիտի մեկնեն Լիսաբոն:
«Այդ երիտասարդներն Աստծո պատասխանն են ձեր խնդրանքներին, ձեր ցանքի պտուղները, նշանն այն բանի, որ Աստված չի թողնում Իր ժողովրդին, այլ միշտ երիտասարդացնում է՝ Սուրբ Հոգու հնարամտությամբ»:
Ուղերձի ավարտին Նորին Սրբությունը ցանկանում է, որ «Սուրբ Կույս Մարիամի և Եղիսաբեթի ողջագուրման օրհնությունը» խաղաղությամբ լցնի բոլոր պապիկների, տատիկների ու տարեցների սրտերը։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը