• Խաղաղություն՝ «Աստծո երազանքը մարդկության համար»

    «Խաղաղություն կառուցելու համար պետք է հրաժարվել պատերազմի օրինականության տրամաբանությունից»:


    Հունիսի 14-ին Պետությունների և Միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պաուլ Ռիչարդ Գալահերը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, կարդաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այդ կապակցությամբ հրապարակած ուղերձը:

     

    Ներկայիս իրավիճակը աշխարհում, գրում է Նորին Սրբությունը, բնորոշվում է հակամարտությունների և անկայունության աճով, որոնք սպառնում են ամբողջ մոլորակին, որովհետև այսօր մենք ապրում ենք մաս-մաս տեղի ունեցող և անընդհատ ընդլայնվող Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում:

     

    ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, «որի մանդատն է վերահսկել ամբողջ աշխարհի անվտանգությունն ու խաղաղությունը, երբեմն անզոր ու անդամալույծ է թվում ժողովրդի աչքում»։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքը կարևոր է խաղաղության ամրապնդման համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լուծել համընդհանուր խնդիրները՝ մի կողմ դնելով գաղափարախոսությունները, անջատվողականությունն ու սեփական շահերը և գործել համայն մարդկության բարօրության համար:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, ժամանանակակից համաշխարհայնացված աշխարհում մենք բոլորս էլ իրար մոտիկ ենք, սակայն եղբայրներ չենք: Մարդկությունը տառապում է եղբայրության ծարավից, որի պատճառը անարդարությունը, աղքատությունը, անհավասարությունը և համերաշխության մշակույթի բացակայությունն է: Անհատապաշտությամբ, եսակենտրոնությամբ և նյութապաշտական ​​սպառողականությամբ լի նոր գաղափարախոսությունները թուլացնում են սոցիալական կապերը և խթանում մերժման մտածելակերպը, որը հանգեցնում է ամենաթույլերի արհամարհանքին և մերժմանը, ընդգծում է Նորին Սրբությունը: Մարդկանց համակեցությունը վերածվում է պարզ եսասիրական փոխանակման, իսկ եղբայրության բացակայությունը հանգեցնում է զինված հակամարտությունների և պատերազմների, որոնք թշնամիներ են դարձնում ոչ միայն անհատների, այլև ազգերի՝ բացասական հետևանքներ ունենալով բազմաթիվ սերունդների համար:

     

    Թվում է, թե Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումը վկայում է, որ մարդկությունը դասեր է քաղել երկու համաշխարհային պատերազմների սարսափներից և ձգտում է ավելի կայուն աշխարհ կառուցել, գրում է Սրբազան Քահանայապետը: Սակայն, մենք կարծես թե հետընթացք ենք ապրում, քանի որ աշխարհում վերածնվում է ինքնապարփակ, լարված և ագրեսիվ ազգայնականությունը, որն էլ ավելի դաժան, երբեմն նույնիսկ անախրոնիկ հակամարտությունների է հանգեցնում։ Քրիստոնյաների խաղաղությունը՝ Աստծո երազանքն է մարդկության համար, սակայն, ցավոք, պատերազմի պատճառով այդ երազանքը վերածվում է մղձավանջի, ընդգծում է Նորին Սրբությունը: Պատերազմը տնտեսապես գայթակղիչ է, որովհետև նպաստում է մի հատվածի հարստացմանը՝ ժողովրդի բարեկեցության հաշվին, սակայն զենքի վաճառքից գոյացած գումարը պղծված է անմեղ մարդկանց արյունով։ Հետևաբար, պետք է քաջությամբ հրաժարվել հեշտ հարստանալու գաղափարից և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն խաղաղության ամբողջ աշխարհում:

     

    «Խաղաղություն կառուցելու համար պետք է հրաժարվել պատերազմի օրինականության տրամաբանությունից», քանի որ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերը մարտի դաշտը կարող են գրեթե անսահման դարձնել: Հետևաբար, եկել է պատերազմին վճռականորեն «ոչ» է ասելու ժամանակը: Այդ խաղաղությունը պետք է լինի կայուն ու  հարատև: Այն չպետք է հիմնված լինի զսպման վտանգավոր հավասարակշռության վրա, այլ հիմքում պետք է լինի բոլոր մարդկանց միավորող եղբայրությունը, քանի որ մենք բոլորս մի տան բնակիչներ ենք, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ուղղված ուղերձի ավարտին՝ նա մեջբերում է Հիսուսի խոսքերը Մատթեոսի Ավետարանից. «Երանի խաղաղարարներին» (Մտթ 5,9):

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց