«Եկե՛ք աջակցենք խաղաղության հաստատման ցանկացած փորձի՝ Հարուցյալ Տիրոջ պարգևն ու արդարության և երկխոսության պտուղներն աշխարհում տեսնելու համար»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց իր ուղերձն Աղքատների համաշխարհային VII օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 19-ին հետևյալ խորագրով՝ «Երեսդ չդարձնես աղքատներից» (Տոբիթ 4,7):
Աղքատ մարդու հայացքը փոխում է նրան հանդիպող մարդկանց կյանքի ուղղությունը և պետք է քաջություն ունենալ աչքերն այդ հայացքից չշեղելու և օգնելու համար, սակայն շարժառիթը չպետք է լինի մեր այս կամ այն կարիքները բավարարելու ցանկությունը, այլ այն, ինչն իրականում անհրաժեշտ է դիմացինին։ Նորին Սրբությունը կոչ է անում տեսնել Տեր Հիսուսի դեմքը տարբեր մաշկի գույն, սոցիալական կարգավիճակ և ծագմուն ունեցող ամենախոցելի մարդկանց մեջ: Ցավոք, ժամանակակից աշխարհը բարձր աղաղակով է նշանավորում բարեկեցությունը՝ խլացնելով աղքատների ձայնը, դրա համար էլ աղքատները դառնում են երերուն պատկերներ, «որոնք ընդամենը մի քանի վայրկյան կարող են հուզել մեզ, այդ իսկ պատճառով, երբ փողոցում հանդիպում ենք նրանց՝ միայն նյարդայնանում և անտեսում ենք»: Բարի սամարացու աստվածաշնչյան առակը մարտահրավեր է ժամանակակից աշխարհին, հետևաբար անձնական, անմիջական մասնակցությունն ամեն մի քրիստոնյայի կոչումն է, ընդգծում է Սրբազան Քահանայապետը:
Անդրադառնալով 60 տարի առաջ գրված Հովհաննես XXIII Pacem in Terris շրջաբերականին, Նորին Սրբությունն ընդգծում է, որ դեռ շատ անելիք կա Ռոնկալի Պապի խոսքերն իրականություն դարձնելու համար, որպեսզի ապահովվի բազմաթիվ մարդկանց արժանապատիվ կյանքը, «այդ թվում նաև՝ քաղաքական և օրենսդրական լուրջ ու արդյունավետ որոշումների միջոցով»։ Սրբազան Քահանայապետն ակնկալում է «մեծաթիվ քաղաքացիների համերաշխությունը և փոխադարձ օգնությունը, ովքեր հավատում են աղքատներին նվիրվելու կամավոր հանձնառության արժեքին»՝ չնայած համընդհանուր բարօրությանը ծառայելու քաղաքականության ձախողումներին: Սակայն, միևնույն ժամանակ, աղքատներն իրենք չպետք է կողքի կանգնեն՝ սպասելով «վերևից» ինչ-որ բան ստանալուն, այլ «մասնակցեն փոփոխությունների և պատասխանատվության գործընթացին»:
Նորին Սրբությունը խոսում է «նոր աղքատների»՝ երեխաների մասին, ովքեր ապրում են դժվարին ներկայում և պատերազմների պատճառով չեն տեսնում ապագան: «Ոչ ոք երբեք չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ. եկե՛ք աջակցենք խաղաղության հաստատման ցանկացած փորձի՝ Հարուցյալ Տիրոջ պարգևն ու արդարության և երկխոսության պտուղներն աշխարհում տեսնելու համար», – հորդորում է Սրբազան Քահանայապետը: Բազմաթիվ ընտանիքներ ու աշխատողներ նվաստացած են անբավարար աշխատավարձի և անորոշության պատճառով, «չափազանց շատ են դժբախտ պատահարների զոհերը, որն հաճախ արդյունք է այնպիսի մտածելակերպի, երբ գերադասում են անմիջական շահոյթը՝ անտեսելով անվտանգությունը»: Նորին Սրբությանը մտահոգում են այն երիտասարդները, ովքեր խաբված և հիասթափված են մշակույթից, որը նրանց համարում է անհաջողակներ: «Եկե՛ք օգնենք նրանց դիմակայելու այդ վնասակար սադրանքներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա գտնել դեպի ուժեղ և մեծահոգի ինքնության տանող ճանապարհը»:
Սրբազան Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին հացը կիսել աղքատների հետ՝ ի նշան եղբայրության և հորդորում աղոթել կամավորների համար, որպեսզի նրանց վկայությունն արգասաբեր լինի։
«Երեսդ չդարձնես աղքատներից» նշանակում է ձեռք բերել «ողորմության և սիրո օրհնություններ, որոնք իմաստով են լցնում ամբողջ քրիստոնեական կյանքը»՝ ուղերձի ավարտին ընդգծում է Նորին Սրբությունը և կոչ անում «մեր հայացքը միշտ ուղղել Հիսուսի մարդկային և Աստվածային դեմքին»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը