• Սրբազան Քահանայապետի խոսքերը եղբայրության մասին. Երբեք չհոգնենք աղաղակել «ոչ պատերազմին»

    «Այնպես անենք, որ մեր այսօրվա ապրածը լինի ուղևորության առաջին քայլը և սկիզբ դնի եղբայրության գործընթացին»:


    Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած Մարդկային եղբայրությանը նվիրված համաշխարհային հավաքին իր մասնակցությունն ունեցավ նաև Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը: Այս կապակցությամբ նրա պատրաստած ուղերձը կարդաց կարդինալ Մաուրո Գամբետին՝ «Fratelli tutti» հիմնարկի նախագահը և Վատիկան քաղաքի Քահանայապետի տեղակալը։

     

    Բարով եք եկել

     

    «Չնայած չեմ կարող անձնապես հյուրընկալել բոլորիդ, սակայն ցանկանում եմ ձեզ հղել բարի գալուստի խոսքս և ի սրտե շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար» գրում է Սրբազան Քահանայապետը՝ «Not Alone» ձեռնարկի մասնակիցներին ուղղված իր պատգամում, որում նա մեկ անգամ ևս ընդգծում է ուրիշների մեջ եղբայր կամ քույր տեսնելու կարևորությունը:

     

    Եղբայրությունը հարաբերությունների կենտրոն

     

    «Բռնությունից և պատերազմից բզկտված մեր աշխարհում, բավարար չեն շտկումներն ու ճշգրտումները, որովհետև միայն հոգևոր և սոցիալական մեծ դաշինքը, որը բխում է սրտերից և պտտվում  եղբայրության շուրջը, կարող է մարդկային արժանապատվության սրբությունն ու անձեռնմխելիությունը վերադարձնել հարաբերությունների կենտրոն» գրում է Նորին Սրբությունն իր ուղերձում՝ հաստատելով, որ «Եղբայրությունն իրական կդառնա գործնական արարքների շնորհիվ, որոնք կօգնեն կառուցել «խաղաղության մշակույթ» և բոլորս կարող ենք սատարել այդ մեկին:

     

    Ոչ պատերազմին

     

    Սա մեկնաբանելով Սրբազան Քահանայապետը տալիս է հետևյալ հարցը. «ո՞րն է եղբայրության շոշափելի արարքը, որ կարող եմ կատարել», ապա խրախուսում է երբեք չհոգնել աղաղակել «ոչ պատերազմին», հանուն Աստուծո կամ ամեն մի մարդու, ով ձգտում է խաղաղության։ «Ուրիշին եղբայր կոչել նշանակում է ազատվել մենք մեզ միածին զավակներ զգալու գաղափարից, որպեսզի վեր բարձրանանք արյան ու ցեղային կաշկանդումներից, որոնք ճանաչում են միայն նմաններին և մերժում են տարբերվողներին» գրում է Նորին Սրբությունը:

     

    Ընտրել եղբայրությունը

     

    Այս առընչությամբ Սրբազան Քահանայապետը՝ որպես օրինակ ներկայացնում է բարի սամարացու առակը հաստատելով, որ երբ մարդիկ ու հասարակությունն ընտրում են եղբայրությունը քաղաքականությունը ևս փոխվում է և մարդը սկսում է գերակշռել շահին։

     

    Նորին Սրբությունը մատնանշում է «Մարդկային Եղբայրության մասին հայտարարությունը», որ առավոտյան պատրաստեցին 30 Նոբելյան մրցանակակիրները մաղթելով, որպեսզի այն լինի ամեն օր ապրելու և վկայելու ուղեցույց:

     

    Առաջին քայլ

     

    «Այնպես անենք, որ մեր այսօրվա ապրածը լինի ուղևորության առաջին քայլը և սկիզբ դնի եղբայրության գործընթացին» գրում է Սրբազան Քահանայապետը, ապա խրախուսում է. «առաջ ընթացեք»:

     

    Նորին Սրբության ուղերձն ավարտվում է մաղթանքով, որ հրապարակում տրված ողջագուրումը դառնա «կյանքի հանձնառում» «հույսի մարգարեություն»։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց