«Ողորմած սիրուց բխած բարեխոսության զորությունն է եկեղեցական առաքելությունների շարժիչ ուժը»:
Հունիսի 7-ին դիմելով հավատացյալներին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այսօրվա ընդհանուր ունկնդրությունը տեղի է ունենում Մանուկ Հիսուսի Սբ. Թերեզայի՝ առաքելությունների պահապան սրբուհու, մասունքների մոտ. «Սա շատ տեղին է, քանի որ մենք խորհում ենք առաքելական եռանդի մասին»։
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մեծաթիվ ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ թեև Թերեզան Լիզիեից առաքելությունների հովանավորն է, սակայն ինքն երբեք առաքելավայր չի մեկնել։ Նա կարմելացի միանձնուհի էր և մահացել է շատ երիտասարդ տարիքում: Չնայած աղջկա մարմինը տառապում էր հիվանդություններից, սակայն նրա սիրտը բոցավառված էր առաքելական եռանդով: Իր «Օրագրում» նա խոստովանել է միսիոներ դառնալու իր ցանկությունը: Նա ցանկանում էր այդպիսին լինել ոչ միայն մի քանի տարի, այլ իր ողջ կյանքի ընթացքում և նույնիսկ մինչև աշխարհի վերջը: Թերեզան շատ միսիոներների համար «հոգևոր քույր» է եղել: Նա վանքից ուղեկցում էր նրանց նամակներով, աղոթքներով և նրանց համար արված զոհողություններով: Սրբուհուն հաճախ չէին հասկանում մյուս միանձնուհիները, սակայն նա համբերությամբ ու սիրով դիմանում էր այդ ամենին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։
Մանուկ Հիսուսի Սբ. Թերեզայի առաքելական եռանդը, միսիոներական զորությունը և բարեխոսության բերկրանքը ամենից առաջ ուղղված էր «հեռավոր» մեղավորներին: Մի օր նա լսում է մի բանտարկյալի մասին, որը մահապատժի էր դատապարտվել սարսափելի հանցագործության համար, սակայն հանցագործը հրաժարվում է ընդունել հավատքի մխիթարությունը: Միանձնուհին դա սրտին շատ մոտ է ընդունում և ջերմեռանդորեն աղոթում է, որ ապաշխարության միջոցով այդ հանցագործն իր հոգում տեղ ազատի Աստծո ողորմության համար, որին Թերեզան խորապես հավատում էր: Մահապատժից հետո նա թերթում կարդում է, որ իր մահից առաջ այդ դատապարտված տղամարդը հանկարծ «բռնել է իրեն տրված խաչը և երեք անգամ համբուրել Հիսուսի սուրբ վերքերը»: Ահա այսպիսին է ողորմած սիրուց բխած բարեխոսության զորությունը, քանզի այլոց համար բարեխոսությունն է եկեղեցական առաքելությունների «շարժիչ ուժը», ընդգծեց Նորին Սրբությունը:
Ըստ Սրբազան Քահանայապետի, միսիոներները, որոնց պահապանն է Սբ. Թերեզան միայն նրանք չեն, ովքեր գնում են երկար ճանապարհորդությունների, սովորում են նոր լեզուներ, բարի գործեր անում և ոգեշնչող քարոզներ կարդում։ Ամենևին, որովհետև միսիոներ է «ամեն ոք, ով ապրում է, որտեղ էլ որ լինի, որպես Աստծո սիրո գործիք»: Մարդկանց գրավում է առաքելական եռանդը, ոչ թե դավանափոխությունը կամ հավատորսությունը, որովհետև մենք քրիստոնյա ենք դառնում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը մեզ ստիպում է, այլ այն պատճառով, որ մեզ դիպչում է սերը։ Այսօրվա Եկեղեցուն պետք են Սուրբ Թերեզայի սրտի նման սրտեր, որոնք հրապուրում են հոգիները և մոտեցնում Աստծուն, քան բազմաթիվ միջոցներն ու մեթոդները, որոնք երբեմն շեղում են մարդկանց ամենակարևորից:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին աղոթել՝ Մանուկ Հիսուսի Սբ. Թերեզայի բարեխոսության համար և հայցել մեր եսասիրությունը հաղթահարելու ու բարեխոսության գորով ունենալու շնորհ, որպեսզի երկրի վրա բոլոր մարդիկ ճանաչեն և սիրեն Հիսուսին:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը