«Հասարակության հիմքը պետք է լինի պարգևի, այլ ոչ թե փոխանակման բարոյականությունը»։
«Աշխատել հանուն ապագայի, որտեղ բոլորը կարող են գտնել և զբաղեցնել իրենց տեղը», հունիսի 5-ի մասնավոր ունկնդրության ժամանակ Վատիկանում կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Վատիկանի հիմնադրամը ստեղծվել է երեսուն տարի առաջ. «Ամեն ինչ սկսվեց Հովհաննես Պողոս II շրջաբերականից հետո, որը գրվել է Leo XIII Rerum novarum պատմական փաստաթղթի հարյուրամյակի առթիվ»: Հիմնադրամի առաքելությունն է ուսումնասիրել և տարածել Եկեղեցու սոցիալական ուսմունքը՝ ցույց տալով, որ «դա սոսկ տեսություն չէ, այլ կարող է լինել առաքինի ապրելակերպ, որի օգնությամբ հասարակությունը արժանի կդառնա մարդուն»։ «Այս երեսուն տարիների ընթացքում մարդու կենտրոնականությունը, համընդհանուր բարօրությունը, համերաշխությունն ու օժանդակությունը ձեզ համար վերածվել են կոնկրետ գործողությունների և ոգեշնչել են շատ մարդկանց սրտերն ու գործողությունները: Շնորհակալ եմ հիմնադրամին և բոլորիդ կատարած արժեքավոր աշխատանքի համար»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Հիմնադրամի գործունեության կարևոր ասպեկտը հավատարմությունն է ամբողջական էկոլոգիային, ինչպես նաև պայքարը աղքատության, անհավասարության, գործազրկության, օրինական իրավունքների ոտնահարման, բռնի գաղթի, մարդկանց թրաֆիքինգի և զինվորական բռնության «կառուցվածքային պատճառների» դեմ։ Նորին Սրբությունն ընդգծեց «անառողջ տնտեսական վարքագծի» վտանգները, որոնք խրախուսում են «անտարբերությունը»։
«Որպեսզի հասարակությունն իսկապես դառնա մի վայր, որտեղ թույլ ու ձայնազուրկ մարդիկ կարող են լինել ցանկալի և լսելի, յուրաքանչյուրը պետք է կարողանա «տարածություն ազատել»՝ սեփական «էգոն» մի կողմ դնելով և թույլ տալով ուրիշների գոյակցությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակության հիմքը լինի պարգևի, այլ ոչ թե փոխանակման բարոյականությունը»։
Ըստ Սրբազան Քահանայապետի խոսքերի, «մենք բոլորս կարիք ունենք հասարակության, որը գիտի, թե ինչպես լսելի դարձնել ձայնազուրկներին, հենց դրա համար էլ Վատիկանի Centesimus Annus – Pro Pontifice կարող է և պետք է «խթանի գործողություններ, որոնք նպաստում են հասարակության զարգացմանը, որտեղ մենք կարող ենք միասին քայլել խաղաղության ճանապարհով»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը