«Մեր Աստվածը սիրո հաղորդություն է»:
Հունիսի 4-ին՝ Սուրբ Երրորդության տոնին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց կիրակնօրյա Ավետարանը և խորհրդածեց Հիսուսի ու Նիկոդեմոսի միջև տեղի ունեցած երկխոսության շուրջ (տես՝ Հվհ. 3,16-18):
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Նիկոդեմոսը սինեդրիոնի անդամ էր, երկրպագելով Աստծուն՝ նա ընդունում է Հիսուսին, որպես Աստվածային ուսուցչի և գիշերը գաղտնի գնում Նրա հետ զրուցելու:
«Հիսուսը լսում է նրան և հասկանում, որ այս մարդը փնտրտուքի մեջ է: Հիսուս նախ զարմացնում է նրան՝ ասելով, որ Աստծո Արքայություն մտնելու համար պետք է վերստին ծնվել, ապա պարզաբանում խորհրդի իմաստն ու ասում, որ Աստված այնքան սիրեց մարդկությանը, որ Իր Որդուն աշխարհ ուղարկեց։ Հիսուսը՝ Որդին, խոսում է մեզ հետ Հոր և Նրա անսահման սիրո մասին»։
Խորհրդածելով Երկնային Հոր և Նրա անսահման սիրո խորհրդի մասին՝ Սրբազան Քահանայապետը ներկայացերց ընտանիքի կերպարը, որը ճշգրտում է Աստծո մասին մեր պատկերացումները.
«Հենց «Աստված» բառը մի վեհ ու հեռավոր իրականություն է մեզ համար, սակայն երբ մենք խոսում ենք Հոր և Որդու մասին, ապա տուն ենք պատկերացնում: Այո՛, մենք կարող ենք մտածել Աստծո մասին սեղանի շուրջ հավաքված ընտանիքի կերպարի միջոցով, որտեղ ամեն մեկը կիսվում է իր հոգսերով և խնդիրներով: Ավելին, սեղանը՝ խորանը, խորհրդանիշ է, որի օգնությամբ որոշ սրբապատկերներ ներկայացում են Սուրբ Երրորդությունը։ Այդ պատկերը մեզ ցույց է տալիս Աստծո միասնությունը: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին հաղորդություն են»:
Խոսքը միայն իլյուստրացիայի մասին չէ, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Սա իրականություն է, որովհետև Սուրբ Հոգին, Ում Հայրը փչեց մեր սրտերի մեջ Հիսուսի միջոցով (տես՝ Գաղ. 4,6), օգնում է մեզ ճաշակել, զգալ միշտ մոտ, կարեկից և քնքուշ Աստծո ներկայությունը: Սուրբ Հոգին մեզ հետ վարվում է այնպես, ինչպես Հիսուսը Նիկոդեմոսի հետ. Նա մեզ բացահայտում է նոր ծննդյան, հավատքի ծնունդի, քրիստոնեական կյանքի խորհուրդը, Նա բացում է Հոր սիրտը և մեզ գործակից դարձնում Աստծո կյանքին»:
Աստուծո կյանքին ընկերակից լինելը Աստուծոյ հետ սեղան նստելու հրավեր է՝ Նրա սերը կիսելու համար, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Հենց սա է տեղի ունենում յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ընթացքում՝ խորանի մոտ Հաղորդության ժամանակ, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Մեր Աստվածը սիրո հաղորդություն է: Հենց այդպիսին է Նրան մեզ ներկայացրել Հիսուս: Արդյո՞ք գիտեք, թե որն է լինելու սրա հավատարիմ հիշեցումը: Ամենապարզ ժեստը, որ սովորել ենք մանկության տարիներին՝ խաչակնքումը: Խաչակնքվելով՝ մենք հիշում ենք, թե որքան շատ Աստված սիրեց մեզ, որ Իր կյանքը տվեց մեզ համար: Մենք կրկնում ենք ինքներս մեզ, որ Նրա սերն ամբողջությամբ ողջագուրում է մեզ, որը երբեք չի լքում և հեռանում: Միևնույն ժամանակ, մենք պարտավորվում ենք վկայել Աստծո սիրո մասին՝ նպաստելով միասնությանը՝ հանուն Նրա անվան»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ.
«Արդյո՞ք մենք վկայում ենք սիրո Աստծո մասին, թե՞ սեր-Աստվածը այնքան հայտնի ու սովորական է դարձել մեզ համար, որ այլևս չի հուզում և չի նպաստում կյանքին: Եթե Աստված սեր է, ապա արդյո՞ք մեր համայնքները վկայում են այդ մասին: Արդյո՞ք նրանք կարող են սիրել: Արդյո՞ք նրանք նման են ընտանիքի: Արդյո՞ք մեր դռները միշտ բաց են: Արդյո՞ք մենք ունակ ենք բոլորին ընդունել, որպես եղբայրներ և քույրեր։ Արդյո՞ք մենք բոլորին ենք առաջարկում Աստծո ներման կերակուրը և Ավետարանի ուրախության գինին: <…> Աստված սեր է, Աստված Հայրն է, Որդին և Սուրբ Հոգին, և Նա Իր կյանքը տվեց մեզ համար, հենց դրա համար էլ մենք խաչակնքվում ենք»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը