«Եկե՛ք չդադարենք երազել քրիստոնեական համայնքների միսիոներական նոր դարաշրջանի մասին»:
«Ամեն մի քրիստոնյա ստացել է Սուրբ Հոգու պարգևը և ուղարկվել է շարունակելու Հիսուսի գործը», ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ հունիսի 3-ին Հայրապետական միսիոներական ընկերությունների պատվիրակների հետ հանդիպման ժամանակ։
Նորին Սրբությունը կոչ արեց հյուրերին մտահայել և զննել խաչված Քրիստոսի Սիրտը։ Պետք է նորից բացահայտել Աստծո անսահման սերը, Ով միշտ սպասում է մեզ և ոչ ոքի չի մերժում: Ընդօրինակելով Տիրոջը՝ միսիոներները պետք է ողորմությամբ դիմեն ու վերաբերվեն յուրաքանչյուրին, ընդունեն բոլորին և իրենց կյանքը նվիրեն նրանց, որովհետև Եկեղեցու ողջ առաքելությունը բխում է Քրիստոսի Սուրբ Սրտից:
Ըստ Սրբազան Քահանայապետի, Հայրապետական միսիոներական ընկերություններն ամենևին էլ կարիքավորներին օգնելու գործակալություններ չեն, քանի որ «աջակցում են Ընդհանրական Եկեղեցու և տեղական Եկեղեցիների ավետարանացման առաքելությանը՝ Աստծո Ժողովրդի մեջ սնուցելով միսիոներական հոգին»: Սուրբ Հոգու հնարամտությամբ և համարձակությամբ Հայրապետական ընկերությունները պետք է խթանեն մկրտվածների միսիոներական պատասխանատվությունը, ամրապնդեն ազգային կառավարման ցանցը, ինչպես նոր ավետարանացված երկրներում, այնպես էլ հին քրիստոնեական ավանդույթի երկրներում, որտեղ հավատքի լուրջ ճգնաժամ և նոր ավետարանացման կարիք կա:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու «ամենամեծ երազանքը» միսիոներական սերտ համագործակցությունն է նրա բոլոր անդամների միջև, որովհետև բոլոր քրիստոնյաները կոչված են «թթխմոր դառնալու», ամրապնդելու միսիոներական ոճը, միասնությունն ու եղբայրությունը Եկեղեցում և աջակցելու ավետարանացման գործին։ Այս խնդիրն իրագործվում է աշխարհի բոլոր եպիսկոպոսությունների ու թեմերի ներքո ստեղծված կառույցների միջոցով՝ ի շահ Աստծո Ժողովրդի։ «Եկե՛ք չդադարենք երազել քրիստոնեական համայնքների միսիոներական նոր դարաշրջանի մասին», կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց միսիոներներին իրենց առատաշնորհ ծառայության համար.
«Ես ցանկանում եմ, որ դուք միշտ բոցավառված լինեք առաքելական եռանդով և մեծ խանդավառությամբ հռճակեք Ավետարանը, որպեսզի այն տարածվի ամբողջ աշխարհում, և թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը ուղեկցի ձեզ: Ես ի սրտե օրհնում եմ ձեզ և խնդրում աղոթել ինձ համար»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը