«Եղբայրնե՜ր և քույրե՜ր, թո՛ղ այսօր մեզանից յուրաքանչյուրը հարցնի ինքն իրեն, թե որքանո՞վ ենք մենք հետևողական»:
Մայիսի 31-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ և այս անգամ խոսեց Հիսուսյան միաբանության իտալացի մեծ միսիոներ հայր Մատեո Ռիչչիի մասին (1552-1610):
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Մատեո Ռիչչիի մանրակրկիտ նախապատրաստման շնորհիվ միայն հնարավոր եղավ հասնել Չինաստան։ Պեկին տանող ճանապարհը երկար էր ու դժվարին, սակայն միսիոների համառությունն ու անսասան հավատքը թույլ տվեցին նրան հաղթահարել վտանգներն ու խոչընդոտները: Նրա կրթվածությունը, չինական սովորույթների և չինարեն լեզվի իմացությունը մեծ հետաքրքրություն ու հիացմունք էին առաջացրել։ Ըստ Սրբազան Քահանյապետի, սրբի մաթեմատիկական և աստղագիտական գիտելիքները նպաստեցին արևմտյան և արևելյան մշակույթների և գիտության արդյունավետ հանդիպմանը: Հայր Մատեո Ռիչչի հեղինակությունը, որը ձեռք էր բերվել գիտական երկխոսության ընթացքում, թույլ տվեց նրան հեռավոր երկրի բնակիչներին առաջարկել քրիստոնեական վարդապետության և բարոյականության ճշմարտությունները:
«Ցանկանալով դառնալ չինական մշակույթի և կյանքի մի մասը, սկզբում, տեղական սովորույթների համաձայն, նա հագնվում էր ինչպես բուդդիստ,սակայն հետո հասկացավ, որ ամենից լավ է ընդօրինակել գիտնականների և համալսարանի ուսուցիչների կենսակերպն ու հագուստը: Նա խորապես ուսումնասիրեց նրանց դասական տեքստերը՝ քրիստոնեությունը կոնֆուցիական իմաստության և չինական հասարակության սովորույթների ու ավանդույթների հետ դրական երկխոսության մեջ ներկայացնելու համար: Հենց սա էլ կոչվում է ինկուլտուրացիա»,- ասաց Նորին Սրբությունը:
Իտալացի սրբի բոլոր ջանքերի շարժառիթը Ավետարանի հռչակումն էր։ Նրա համար չափազանց կարևոր էին երկխոսությունն ու բարեկամությունը, ինչն էլ օգնեց նրան կիսվել քրիստոնեական հավատքով: Սակայն վարդապետությունից և իր գիտելիքներից առավել կարևոր էր հենց նրա հոգևոր ու վանական կյանքի, ողորմած սիրո, խոնարհության վկայությունը և պատիվների ու հարստության հանդեպ հետաքրքրության իսպառ բացակայությունը, և հենց դրա համար էլ նրա ուսանողներից ու ընկերներից շատերը ընդունեցին կաթողիկէ հավատքը: Սրբազան Քահանայապետը համեմատություն անցկացրեց Սուրբ Մատեոյի և Պողոս առաքյալի գործունեության միջև՝ ընդգծելով, որ նրանք երկուսն էլ ներշնչանքով են աշխատել հանուն Աստծո սիրո և չեն խնայել իրենց։ Իր ողջ կյանքը նվիրելով առաքելությանը, հայր Ռիչչին մահացավ Պեկինում 1610թ. 57 տարեկան հասակում, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Մատեո Ռիչչիի միսիոներական հոգին արդիական է նաև այսօր ինչպես և նրա սերը չինացի ժողովրդի հանդեպ: Մեր օրերում շատ կարևոր օրինակ է նրա հետևողականությունն ու քրիստոնեական կյանքի վկայությունը։ Նա քրիստոնեությունը տարավ Չինաստան: Նա հզոր է, քանի որ խիզախ մարդ է եղել, ականավոր գիտնական, ով գրել է բազմաթիվ գրքեր, սակայն ամենից առաջ նա հզոր է, որովհետև հետևողական էր իր կոչման մեջ, Հիսուս Քրիստոսին հետևելու փափագի մեջ: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, թո՛ղ այսօր մեզանից յուրաքանչյուրը հարցնի ինքն իրեն, թե որքանո՞վ ենք մենք հետևողական»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը