• Սուրբ Հոգին ազատում է վախից

    «Թո՛ղ մեզ համար բարեխոսի Սուրբ Կույս Մարիամը, Ով առաջինը լցվեց Սուրբ Հոգով»:


    Սուրբ Հոգու պարգևն ազատում է առաքյալներին այն վախից, որը նրանց պահում է փակված իրենց տներում, իսկ հիմա նրանք կարող են դուրս գալ և դառնալ Ավետարանի վկաներն ու հռչակողները, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Հոգեգալստյան տոնին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Ավետարանում ասվում է, որ աշակերտները «վախից» փակվել էին վերնատանը (տես՝ Հվհ. 20,19), Նորին Սրբությունը պարզաբանեց. «Հիսուսի մահը վշտացրել է նրանց, փշրվել են նրանց երազանքները, նրանք հուսախաբ են: Նրանք պարփակվել են իրենք իրենց մեջ: Մենք ևս հաճախ ենք պարփակվում ինքներս մեր մեջ՝ ինչ-որ դժվարին իրավիճակների, անձնական կամ ընտանեկան խնդիրների, մեզ պատահած տառապանքների պատճառով» և հենց այդ ժամանակ էլ կորցնում ենք հույսը և առաջ գնալու քաջությունը:

     

    Այդ «պարփակումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ դժվարին իրավիճակներում մենք թույլ ենք տալիս, որ վախը հաղթահարի մեզ, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. մենք վախենում ենք ձախողվելուց, առօրյա խնդիրների հետ մենակ մնալուց: Վախը կաթվածահար է անում, մեկուսացնում և բաժանում, մենք սկսում ենք վախենալ այն մարդկանցից, ովքեր մեզանից տարբերվում են և այլ մտածելակերպ ունեն: Կարող է նույնիսկ վախ լինել Աստծուց, Նրա պատժից և բարկությունից: «Երբ մենք տրվում ենք այդ կեղծ վախերին, այդ ժամանակ փակվում են սրտի, հասարակության և նույնիսկ Եկեղեցու դռները: Քանզի այնտեղ, որտեղ վախ կա, սկսվում է պարփակումը, իսկ դա շատ վատ է»:

     

    Սակայն հարություն առած Քրիստոսը յուրաքանչյուրին առաջարկում է վախի բժշկում, որը պարգևում է Սուրբ Հոգին, ընդգեց Նորին Սրբությունը.

     

    «Լցվելով Սուրբ Հոգով՝ առաքյալները դուրս են գալիս վերնատնից և գնում՝ մեղքերը ներելու և Ավետարանը հռչակելու։ Աստծո Հոգու միջոցով հաղթահարվում են վախերը և լայնորեն բացվում են դռները: Հենց այդպես է վարվում Սուրբ Հոգին և մեզ թույլ տալիս զգալ Աստծո մոտիկությունը: Դրա համար էլ Նրա սերը հեռացնում է վախերը, լուսավորում է ճանապարհը, մխիթարում և աջակցում է դժվարությունների ժամանակ: Ինչպես ասել է Բենեդիկտոս XVI «Ուր էլ որ Աստծո Հոգին մտնում է, Նա հեռացնում է վախերը: Նա թույլ է տալիս մեզ հասկանալ և զգալ, որ մենք գտնվում ենք Ամենակարող սիրո ձեռքերում և ինչ էլ որ պատահի, Աստծո անսահման սերը մեզ չի լքի» (Հոգեգալստյան քարոզ, մայիսի 31, 2009)»:

     

    Սուրբ Պետրոսի հրապարակում իր խորհրդածության ավարտին՝ Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին.

     

    «Թո՛ղ նոր Պենտեկոստեն հեռու տանի մեր վախերը և նորից բորբոքի Աստծո սիրո կրակը: Թո՛ղ մեզ համար բարեխոսի Սուրբ Կույս Մարիամը, Ով առաջինը լցվեց Սուրբ Հոգով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց