«Արի՛, Արարիչ Հոգի, մարդկության ներդաշնակություն, նորոգի՛ր երկրի երեսը»:
Մայիսի 28-ին Վատիկանի բազիլիկայում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց Հոգեգալստյան տոնի Սուրբ Պատարագը, որին մասնակցեցին ավելի քան հինգ հազար հավատացյալներ։
Նորին Սրբությունն իր քարոզում խորհրդածեց Սուրբ Հոգու պարգևների բազմազանության մասին, որոնք միշտ ներդաշնակություն են բերում։ Մենք փոխկապակցված ենք միմյանց հետ, սակայն մեզ փորձում են բաժանել տարաձայնությունները, անտարբերությունն ու միայնությունը։ Այսօր աշխարհում շատ են բաժանումները, պատերազմներն ու հակամարտությունները. «Չարիքը, որին ընդունակ է մարդը, անհավատալի է թվում»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ ընդգծելով, որ Սուրբ Հոգին տանում է միասնության, ինչդեռ չարը ձգտում է անարդարության, թշնամանքի, հակառակության, զրպարտության։
«Չարամիտ տարաձայնություններին ընդառաջ ներդաշնակություն ստեղծելու մեր ջանքերը բավարար չեն: Դրա համար էլ Տերը՝ Զատիկի գագաթնակետին փրկության ժամանակ, Իր բարի Սուրբ Հոգին հեղում է ստեղծված աշխարհի վրա, որը հակառակվում է բաժանման ոգուն, քանի որ Նա ներդաշնակություն է, միասնության Հոգի, որը խաղաղություն է բերում: Եկե՛ք ամեն օր նրան մեր աշխարհ կանչենք»։
Ըստ Նորին Սրբության, ներդաշնակությունը միօրինակության հոմանիշը չէ, քանզի Աստծո ներդաշնակությունը գնահատում և բարձրացնում է յուրաքանչյուր հավատացյալի անհատականությունը: Սուրբ Հոգու գործունեությունը սկսվում է առատ պարգևներով, ինչպես եղավ Պենտեկոստեի օրը: Այսպիսով, Եկեղեցու գործունեությունը պետք է սկսվի «ոչ թե ճշգրիտ և հստակ ձևակերպված ծրագրի հաստատմամբ, այլ Աստվածային միասնական սերը զգալով: Հենց այսպես է Սուրբ Հոգին ստեղծում ներդաշնակություն»:
Այս համատեքստում Սրբազան Քահանայապետը հիշատակեց սինհոդոսի ճանապարհը, որը պետք է կենդանանա Սուրբ Հոգու շնչով, քանզի անհրաժեշտ է միշտ խնդրել և ուշադիր լսել Սուրբ Հոգուն՝ Նրան դնելով «աշխատանքի սկզբում և սրտում»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Իր կենարար Հոգով Տերը վերակենդանացնում է հույսն ու ներդաշնակությունը Եկեղեցում: Առանց Սուրբ Հոգու Եկեղեցին անգործության է մատնված, հավատքը դառնում է սառը վարդապետություն, բարոյականությունը՝ պարզապես պարտականություն, իսկ հովվական ծառայությունը՝ ուղղակի աշխատանք:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին ամեն օր աղոթել Սուրբ Հոգու պարգևների համար, որը «բժշկում և բերում է չարից տանջված, վերքերից հյուծված, մեղքից փշրված սրտի ներդաշնակություն»:
«Եկե՛ք ժամանակ չկորցնենք ուրիշներին քննադատելու համար, չբարկանանք ինքներս մեզ վրա, այլ կանչենք Սուրբ Հոգուն»։
«Սուրբ Հոգի, Հիսուսի և Հոր Հոգի, ներդաշնակության անսպառ աղբյուր, քեզ ենք վստահում աշխարհը, քեզ ենք նվիրում Եկեղեցին և մեր սրտերը: Արի՛, Արարիչ Հոգի, մարդկության ներդաշնակություն, նորոգի՛ր երկրի երեսը: Արի, պարգևների Պարգև, Եկեղեցու ներդաշնակություն, մեզ մեկ դարձրու քո մեջ: Արի, ներողամտության և սրտի ներդաշնակության Հոգի, փոխակերպիր մեզ այնպես, ինչպես միայն Դու կարող ես՝ Մարիամի բարեխոսությամբ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը