• Ամեն մի քրիստոնյա միսիոներ է

    «Քրիստոնյան իր էությամբ միսիոներ է և Հիսուսի վկան»:


    Մայիսի 24-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Ավետարանի նշանավոր վկաների՝ սրբերի առաքելական եռանդի մասին: Այս անգամ նա խոսեց նահատակ և կորեացի առաջին քահանա Սբ. Անդրեա Քիմ Տեգոնի մասին (1821-1846):

     

    Երկու հարյուր տարի առաջ Կորեան քրիստոնյաների նկատմամբ չափազանց դաժան հալածանքների թատերաբեմ էր. «հավատքն առ Հիսուս Քրիստոս նշանակում էր պատրաստակամություն վկայելու նույնիսկ մինչև մահ», – ասաց Նորին Սրբությունը, ընդգծելով Սբ. Անդրեի կյանքի առանցքային երկու կետերը:

     

    Ամենից առաջ, սպառնացող վտանգների պատճառով նա գաղտնի և միշտ ուրիշների ներկայությամբ էր զրուցում քրիստոնյաների հետ։ Զրուցակցի քրիստոնեական պատկանելությունը որոշելու համար սուրբը հաղորդակցվում էր նախապես պայմանավորված նշանների օգնությամբ՝ շշուկով հարցնելով. «Դու Հիսուսի աշակե՞րտն ես»: Այսպիսով, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, որ ըստ Անդրեա Քիմի՝ Հիսուսի դպրոցում աշակերտելը լիովին բնութագրում էր քրիստոնյայի անհատականությունը:

     

    «Իսկապես, լինել Տիրոջ աշակերտը նշանակում է հետևել Նրան, քայլել Նրա ճանապարհով: Քրիստոնյան իր էությամբ միսիոներ է և Հիսուսի վկան: Ամեն մի քրիստոնեական համայնք այս ինքնությունը ստանում է Սուրբ Հոգուց, ինչպես որ ամբողջ Եկեղեցին՝ Պենտեկոստեի օրվանից սկսած: Հենց Սուրբ Հոգուց էլ ծնվում է ավետարանացման և առաքելական եռանդի մղումը: <…> Այն հավերժական է, նույնիսկ եթե շուրջբոլորը անբարենպաստ պայմաններ են, ավելին, այդ ժամանակ այն ավելի արժեքավոր է դառնում։ Սուրբ Անդրեա Քիմը և կորեացի մյուս հավատացյալները ցույց տվեցին, որ հալածանքների ժամանակ Ավետարանի հռչակումն ու վկայությունը կարող են հոգևոր շատ պտուղներ տալ»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց կորեացի նահատակի կյանքի առանցքային ևս մի կետ. լինելով ճեմարանական Սբ. Անդրեյը գաղտնի ընդունում էր օտարերկրյա միսիոներ քահանաներին, ինչը խստիվ արգելված էր այդ դարաշրջանի Կորեայում: Մի անգամ այդ առաքելություններից մեկի ժամանակ նա շատ երկար քայլել էր ձյան վրայով: Ուժասպառ և քաղցած նա վայր է ընկնում, նրան սպառնում է գիտակցության կորուստն ու սառցահարումը, սակայն հանկարծ նա մի ձայն է լսում. «Վե՛ր կաց, գնա՛»։ Ոտքի կանգնելով՝ նա տեսնում է «իրեն առաջնորդող մեկի ստվերը»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ կորեացի միսիոների այս փորձառությունն օգնում է մեզ հասկանալ առաքելական եռանդի ամենակարևոր կողմը. ընկնելուց հետո ոտքի կանգնելու քաջություն պետք է ունենալ:

     

    «Որքան էլ դժվարին իրավիճակ լինի, նույնիսկ եթե թվա, որ ավետարանական պատգամի կարիք չկա, չպետք է հանձնվենք ու հրաժարվենք մեր քրիստոնեական կյանքի ամենակարևոր բանից՝ ավետարանացումից», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց