• Հավատքի գեղեցկությունը թանգարանային հուշանվեր չէ, այլ կյանքի վկայություն

    «Եկեղեցում մարդու վկայությունը շատ ավելի կարևոր է, քան նրա քարոզը»:


    Մայիսի 20-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մասնավոր ունկնդրության ժամանակ Պողոս VI սրահում ընդունեց շուրջ 1600 ուխտավորների Սպոլետոյի և Նորչայի արքեպիսկոպոսությունից, ովքեր ժամանել էին Վատիկան Սպոլետոյի Սանտա-Մարիա-Ասսունտա տաճարի օծման 825-ամյակի կապակցությամբ:

     

    «Հավատքի փոխանցումը պետք է կատարվի գեղեցիկ ձևով, քանի որ գեղեցկությունը ոչ թե բացատրվում է, այլ ցույց տրվում», – ասաց Նորին Սրբությունը՝ հիշելով Սպոլետոյի տաճարում պահվող արվեստի և հավատքի բազմաթիվ վկայությունները: Եկել է ժամանակը, որպեսզի Եկեղեցին կենտրոնանա իրական առաջնահերթությունների վրա, որոնք են աղոթքը, ողորմությունը, ավետարանացումը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: «Գեղեցկություն փնտրելը նշանակում է ընկալել իրողության էությունը», իսկ հովվական ծառայությունը պահանջում է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք սկսվում են ամենակարևորից:

     

    «Մի՛ վախեցեք թարմացնել, նորոգել ավետարանացման, հովվական ծառայության մեթոդները»:

     

    Նորին Սրբությունը նախազգուշացրեց հավատացյալներին «դժգոհությունների և դառն ափսոսանքի վիրուսների» մասին: «Եկեղեցում մարդու վկայությունը շատ ավելի կարևոր է, քան նրա քարոզը», – ասաց Սրբազան Քահանայապետն՝ ընդգծելով հավատքի և կյանքի ներդաշնակության կարևորությունը: Անհրաժեշտ է փնտրել գեղեցիկը և այդ գեղեցկությունը ցույց տալ բոլորին, «ինչպես դա անում է ռեստավրատորը, երբ վերականգնում և թարմացնում է հնագույն որմնանկարի գույները»։

     

    Կյանքում ամենաարժեքավոր բաները տեսանելի չեն, ինչպես օրինակ աղոթքը, լուռ բարեգործությունը, ներումը, մեր «հարևանությամբ ապրող մեծաթիվ սրբերի» կյանքը, ում անունները չեն հայտնվում թերթերի վերնագրերում, ասաց Նորին Սրբությունը և կոչ արեց ումբրիացի ուխտավորներին.

     

    «Ես ցանկանում եմ ձեզ, որպեզի լինեք գեղեցկության առաջին բացահայտողները, հավատքի գանձեր փնտրողները։ Կանգ չառնեք մակերևույթին, այլ ավելի խորասուզվեք, գնահատեք և ընդունեք սրբության ու ծառայության ժառանգությունը: Եկեղեցու հավատքը չի կարող մնալ անցյալի հիշողություններում, լինել «թանգարանային» ինչ-որ հուշանվեր, որովհետև այն միշտ ապրում է Ավետարանի ուրախության մեջ, մարդկային համայնքներում, բոլոր նրանց մոտ, ովքեր ողորմություն են զգում և շնորհի միջոցով միմյանց ընդունում են,  որպես եղբայրներ և քույրեր, ում սիրում է Տերը»:

     

    Հյուրերը Սրբազան Քահանայապետին նվիրեցին Սպոլետոյի տաճարում երկրպագվող սրբապատկերի կրկնօրինակը։ Սուրբ Աստվածածնի պատկերը վեր բարձրացրած ձեռքերով է, ինչը նշանակում է բարեխոսություն մարդկության համար, «սա խոսող սրբապատկեր է», ընդգծեց Նորին Սրբությունը: Սուրբ Մարիամի ձեռքին կա մի մագաղաթ է, որի վրա գրված է աղոթք, որում Մայրը Որդուց փրկություն է խնդրում նրանց համար, ովքեր չեն ցանկանում դիմել Աստծուն: Ամեն մի քրիստոնյա կանչված է բարեխոսության համար, որպեսզի Տիրոջ մոտ բերի նրանց, ովքեր դեռ չեն զգացել ու ճաշակել Աստծո սերը.

     

    «Բարեխոսող Եկեղեցին, որն աշխարհիկությունը բերում է դեպի Տերը և ինքն այդ ճանապարհին աշխարհիկ չի դառնում, միշտ կենդանի, ապրող ու գեղեցիկ Եկեղեցի է: Քրիստոնյան չի կարող խճճվել աշխարհիկ կյանքի հյուծող, հոգնեցնող կապանքների մեջ, նա պետք է վերագտնի շնորհված գեղեցկությունը և բարեխոսի»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց