• Իր Համբարձմամբ Հիսուս մեզ ցույց է տալիս դեպի երկինք տանող ճանապարհը

    «Ի՞նչ է անում Հիսուս երկնքում»։


    Մայիսի 21-ին՝ Տիրոջ Համբարձման տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ այս իրադարձությամբ Հիսուս դեպի երկինք բարձրացրեց մեր մարդկային էությունը՝ որպես Հոր զավակներ հավիտենական կյանքի ճանապարհ բացելով դրախտում:

     

    Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մեծաթիվ ուխտավորներին՝ Նորին Սրբությունը խորհրդածեց այս տոնի երկու առանցքային կողմերի մասին, որն այդ օրը նշվեց Իտալիայում և աշխարհի շատ այլ երկրներում։

     

    Եվ այսպես, հարց առաջին. Ինչո՞ւ ենք մենք տոնում Հիսուսի հեռանալը երկրից: Չէ՞ որ Նրա հեռացումը պետք է տխրության, և ոչ թե՞ ուրախության պատճառ լիներ: Սակայն մենք տոնում ենք, քանզի Հիսուսի Համբարձմամբ տեղի ունեցավ մի ինչ-որ նոր ու գեղեցիկ բան, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. Հիսուս դեպի երկինք բարձրացրեց մեր մարդկային էությունը, որովհետև մարդկայնությունը, որը Նա ընդունեց երկրի վրա, «բարձրացավ դեպի Աստված», որտեղ այն այժմ մնում է հավիտյան: Մեզ մեր արժանի տեղն են հատկացրել, շարունակեց Նորին Սրբությունը և մեջբերեց Սբ. Գրիգոր Նյուսացու խոսքերը. «Օ՜ գեղեցիկ և բարի ավետում: Մեզ համար դառնալով մեր նման, որպեսզի, մեզ հարազատ լինելով՝ մեզ դարձնի Իր եղբայրները, Իր մարդկայնությունը բերում է ճշմարիտ Հոր մոտ, որպեսզի Իրենով գրավի բոլոր հարազատներին» (Առաջին Խոսքը Քրիստոսի Հարության մասին): Այսօր մենք տոնում ենք «երկնքի նվաճումը». Հիսուս վերադառնում է Հոր մոտ՝ իր մեջ կրելով մեր մարդկային էությունը, դրա համար էլ  երկինքն ինչ-որ առոմով նաև մերն է։ Տերը բացեց դուռը, և Նրա մարմինն արդեն այնտեղ է, ընդգծեց Նորին Սրբությունը և պատասխանեց երկրորդ հարցին. «Ի՞նչ է անում Հիսուս երկնքում»։ Նա կանգնած է Իր Հոր առջև՝ «մինչև աշխարհի վախճանը» ցույց տալով Նրան մեր մարդկայնությունը՝ այն վերքերը, որոնք Նա կրեց մեզ համար փրկության Խաչի վրա.

     

    «Հիսուս միշտ մեզ հետ է, Նա նայում է մեզ, «Նա միշտ կենդանի է՝  բարեխոս լինելու մեզ համար» (Եբր. 7,25), որպեսզի Հորը ցույց տա մեզ համար ստացած վերքերը: Այլ կերպ ասած, Հիսուս պաշտպանում է մեզ, Նա լավագույն «տեղում» է՝ Իր և մեր Հոր առջև, որպեսզի բարեխոսի մեզ համար»։

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հավատն առ այդ մեզ օգնում է չկորցնել հույսը և չընկճվել. «Հոր մոտ կա մեկը, Ով ցույց է տալիս Նրան վերքերը և բարեխոսում: Թո՛ղ Երկնքի Թագուհին օգնի մեզ, որպեսզի բարեխոսենք աղոթքի զորությամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց