«Ատոմական էներգիայի օգտագործումը հանցագործություն է»:
Այս օրերին Հիրոսիմայում տեղի է ունենում G7-ի վեհաժողովը, այս առիթով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նամակ է հղել քաղաքի Եպիսկոպոսին, որի մեջ մաղթում է, որ միջազգային համապարփակ կայունության որոնումը լինի բազմակողմանի գործողության արդյունք՝ ընդգծելով, որ միջուկային զենքերը վախ ու կասկած են առաջացնում և ապագայի համար միակ ճանապարհը եղբայրական մոտեցումն է։
Չկա խաղաղություն և ոչ էլ միջազգային անվտանգություն առանց այս նպատակների համար պահանջված համապարփակ մոտեցման։ Մոտեցում, որը հիմնվում է միջազգային համաձայնեցված բազմակողմանի գործունեության վրա՝ քսաներորդ դարի բազմաբևեռ աշխարհը հատկանշող երևոյթների նկատմամբ, ինչպիսիք են ջրի, սննդի հասանելիությունն ու բոլորին կյանք և արժանապատվություն երաշխավորող կենսամիջոցները։
Քահանայապետն այս իր գաղափարներն արտահայտում է Յոթնյակի մեծ տնտեսությունների երկրների ներկայացուցիչներին, ովքեր այս օրերին համախմբված են Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում, և հենց այդ առիթով էլ Նորին Սրբությունը նամակ է հղել քաղաքի Եպիսկոպոս` գերապայծառ Ալեքսիս Միթսուրու Սիրահամային։
Ատոմական էներգիայի օգտագործումը հանցագործություն է
Սրբազան Քահանայապետի պատգամը հստակ է հնչում. Ատոմական էներգիայի օգտագործումը հանցագործություն է «այսօր առավել, քան երբևիցէ» և թշնամանք մեր ընդհանուր տան ապագայի բոլոր հնարավորորթյունների նկատմամբ:
Նորին Սրբությունը նամակի մեջ անդրադառնում է նաև այն տպավորություններին, որ ունեցել է 2019թ. Հիրոսիմա և Խաղաղության Հուշահամալիր այցելության ժամանակ, ընդգծելով, որ համավարակից հետո այժմ կա պատերազմ և հստակ է, որ «միայն միասին, եղբայրությամբ ու զորակցությամբ մեր մարդկային ընտանիքը կարող է դարմանել վերքերը և կառուցել արդար ու խաղաղ մի աշխարհ»։
Միայն միասին է հնարավոր դարմանել մարդկության վերքերը
Դա իրականացնելու համար Ֆրանցիսկոս Պապը առաջարկում է դիմել «համապարփակ համաշխարհային անվտանգության երաշխավորմանը», այսինքն համակարգ, որ «կարողանա ընդունել այնպիսի հարցեր, ինչպիսիք են սննդի և ջրի հասանելիությունը, հարգանքը առողջապահության և շրջակա միջավայրի նկատմամբ, էներգիայի աղբյուրների ու համաշխարհային բարիքների արդար բաշխումը»։
«Չենք կարող հաշվի չառնել աղետալի մարդասիրական և բնապահպանական ազդեցությունը, որ բխում է միջուկային զենքի կիրառումից, ինչպես նաև այդ ամենի զարգացման մեջ ներգրավված մարդկային և տնտեսական կենսամիջոցների վատնումն ու սխալ բաշխումը», ի միջի այլոց գրում է Սրբազան Քահանայապետը Հիրոսիմայի Եկեղեցու առաջնորդին ուղղված նամակում և հավելում, որ չի կարելի թերագնահատել «վախի և կասկածի շարունակական մթնոլորտի հետևանքները, որոնք առաջանում են միջուկային զենքերի տիրապետման հետևանքով», որը «սպառնում է փոխադարձ վստահության և երկխոսության մթնոլորտին»:
Կայուն խաղաղություն
Հետևաբար «միջուկային զենքերը և զանգվածային ոչնչացման մնացած բոլոր զենքերը վտանգի բազմապատկիչներ են, որոնք ներկայացնում են խաղաղության միայն պատրանքը», հաստատում է Նորին Սրբությունը և աղոթում, որ Հիրոսիմայի Վեհաժողովը «բացահայտի շրջահայաց մի տեսլական՝ մնայուն խաղաղության ու երկարաժամկետ կայուն անվտանգության հիմքերը դնելու համար»:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը