«Քրիստոսի սերն այն ուժն էր, որը մղեց ջերմեռանդ միսիոներին գնալ աշխարհի ամենահեռավոր ծայրերը»:
Մայիսի 17-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ և այս անգամ խոսեց Սբ. Ֆրենսիս Քսավյենի մասին (1506-1552), ով «ժամանակակից դարաշրջանի մեծագույն առաքյալն է» և կաթողիկէ առաքելությունների երկնային հովանավորը:
Այս իսպանացի ճիզվիտը եղել է Հիսուսյանների միաբանության առաջին անդամներից և դեպի Հնդկաստան ուղարկված առաջին միսիոներներից մեկը: Այդ հեռավոր երկրում, չնայած մեծ դժվարություններին և վտանգներին, նա երկար տարիներ քարոզել է Ավետարանը այլ մշակույթ ունեցող մարդկանց, հիշեցրեց Նորին Սրբությունը: Սուրբը պատրաստ էր հաղթահարել բոլոր դժվարություններն ու վտանգները, հասնել չբացահայտված երկրներ և «հանդիպել բոլորովին անհայտ մշակույթներ ու լեզուներ ունեցող ժողովուրդներին», քանզի նրան առաջնորդում էր միայն Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանը հռչակելու մղումը, և նա «այդպիսով փրկում էր մարդկանց՝ նրանց ծանոթացնելով Աստծո հետ», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Այնուհետև, միսիոները գնաց հեռավոր Ինդոնեզիայի արշիպելագ և Մոլուքյան կղզիներում հիմնեց բազմաթիվ քրիստոնեական համայնքներ, քրիստոնեականը թարգմանեց տեղական լեզվով և սովորեցրեց նեոֆիտներին երգել այն՝ ավելի լավ հասկանալու համար:
Նրա հաջորդ հանգրվանը Ճապոնիան էր, ուր դեռ ոչ մի եվրոպացի միսիոներ երբևէ չէր եղել։ Չնայած բազմաթիվ դժվարություններին և լեզվի չիմացությանը, նրա ցանած սերմերը նշանակալի պտուղներ են տվել, ընդգծեց Նորին Սրբությունը: Ֆրենսիս Քսավյենին Ասիայի ավետարանացման համար ամենակարևորը երկիրը համարում էր Չինաստանը, որտեղ պետք է հռչակվեր Ավետարանը, սակայն նա, ցավոք, չհասցրեց իրականացնել այդ առաքելությունը, որովհետև 46 տարեկան հասակում մահացավ Շանչուան փոքրիկ կղզում։
Սրբի չափազանց բուռն միսիոներական գործունեությունը միշտ ուղեկցվում էր աղոթքով, թե՛ առեղծվածային, թե՛ հայեցողական: Ուր էլ որ սուրբը լիներ, նա հոգում էր հիվանդների, աղքատների և երեխաների կարիքները:
Քրիստոսի սերն այն ուժն էր, որը մղեց ջերմեռանդ միսիոներին գնալ աշխարհի ամենահեռավոր ծայրերը՝ հաղթահարելով դժվարությունները, վտանգները, անհաջողությունները և հուսահատությունը: Հենց Աստծո սերը տվեց Սբ. Ֆրենսիս Քսավյենին մխիթարություն և ուրախություն՝ Տիրոջը հետևելու և Նրան մինչև վերջ ծառայելու համար:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը