• Պատերազմը երբեք չի հեշտացրել մարդկանց կյանքը

    «Պատերազմը բերել է ավերածություններ, զոհեր, մարդկային կորուստներ, անհանդուրժողականություն, մինչև իսկ վաղվա օրվան վստահորեն նայելու կարելիության ժխտում»։


    Հովհաննես XXIII Pacem in Terris (1963) շրջաբերականը մինչ օրս էլ կառուցողական ուղերձ է, քանզի «խաղաղությունը մնում է ողջ մարդկային ընտանիքի, ամեն մի ազգի ու մարդու հոգում և սպասումներում»։ Այս մասին գրում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Խաղաղություն ազգերի միջև: Pacem in Terris 60-ամյակը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը կազմակերպվել է Լատերանի Քահանայապետական համալսարանի և Մարդկային համապարփակ զարգացմանն ի սպաս ծառայության Վերատեսչության նախաձեռնությամբ:

     

    «Երբեք, – ընդգծում է Նորին Սրությունը, – պատերազմը չի հեշտացրել մարդկանց կյանքը, երբեք չի հարթել նրանց ճանապարհը, երբեք չի կարողացել լուծել հակամարտություններն ու առճակատումները»: Պատերազմը բերել է ավերածություններ, զոհեր, մարդկային կորուստներ, անհանդուրժողականություն, մինչև իսկ վաղվա օրվան վստահորեն նայելու կարելիության ժխտում»։ Ահա թե ինչու ժամանակակից աշխարհը պետք է կառուցվի շրջաբերականի խոսքերի վրա հիմնված քաղաքականությամբ․ ճշմարտություն, արդարություն, սեր և ազատություն։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ Պապական փաստաթղթի հրապարակումից 60 տարի անց էլ «մարդկությունը կարծես չի հասկացել, թե որքան անհրաժեշտ է խաղաղությունը և որքան բարիք է այն բերում»։ Եսասիրությունը և քչերի սահմանափակ շահերը ստիպում են հավատալ, որ խնդիրների և հակամարտությունների լուծումը զենքն է: Եթե, ​​մի կողմից, միջազգային հարաբերությունները սահմանափակում են ուժի կիրառումը, ապա, մյուս կողմից, «իշխանության ձգտումը, ցավոք, դեռևս դատողության չափանիշ է և պետությունների հարաբերությունների միջև գործունեության տարր»։ Այս ամենը տեղի է ունենում մոլորակի տարբեր շրջաններում՝ կործանարար ազդեցություն ունենալով մարդկանց վրա՝ չխնայելով ոչ ենթակառուցվածքները, ոչ էլ շրջակա միջավայրը։

     

    Նորին Սրբությունն արձանագրում է սպառազինության համար նախատեսված տնտեսական ռեսուրսների, ինչպես նաև դրանց մրցավազքի ավելացում, որը «միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործիք է դառել», կարծես միայն զենքի վրա հիմնված խաղաղությունն է հնարավոր։ Այս պայմանները ծնում են վախ ու սարսափ, քանի որ կարող են պայթել առաջին իսկ կայծից:

     

    Նորին Սրբությունը խորը բարեփոխումների կոչ է անում այն բոլոր կառույցներում, որոնք ստեղծվել են պետությունների կողմից անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար, սակայն այսօր այդ կառույցները զրկված են իրենց ազատությունից և գործելու կարողությունից»։ Միայն խաղաղություն հռչակելը բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում կոնկրետ գործողություններով, քանզի «մասնավոր գործիքների» վերածվելու վտանգ կա, որոնք չեն կարող նպաստել համընդհանուր բարօրությանը: Անդրադառնալով Pacem in Terris շրջաբերականին՝ Սրբազան Քահանայապետը հիշեցնում է պետություններին, որ նրանք կոչված են ծառայելու իրենց համայնքներին, նրանք պարտավոր են գործել ազատությունն երաշխավորող մեթոդներով և արձագանքել արդարության պահանջներին», սակայն գիտակցելով, որ «հասարակական իրականությունը արդարադատության օբյեկտիվ պահանջներին հարմարեցնելու խնդիր կա, որը երբեք վերջնական լուծում չի ստանում»։

     

    «Ձեր համալսարանին եմ վստահում խաղաղության ոգով մեթոդական կրթությունը խորացնելու խնդիրը, որը պետք է լինի համարժեք և շարունակական», – ուղերձի ավարտին գրում է Նորին Սրբությունը։ Հարկավոր է երիտասարդ սերունդներին նախապատրաստել հենց այդ ճանապարհով քայլելուն՝ խթանելով հանդիպման մշակույթը, որը «եղբայրության օրինակով ստեղծված մադկային հասարակության հիմքն է, որն իր հերթին կդառնա խաղաղապահ գործողությունների նորմա»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց