• Սուրբ Հոգին ուղղում է մեր սխալները և պաշտպանում մեզ

    «Արդյո՞ք մենք հիշում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակն է»:


    Աստծո Հոգին նրբորեն ուղղում է մեր սխալները, ինչպես իսկական ընկեր, և միևնույն ժամանակ պաշտպանում է մեզ կեղծ մեղադրանքներից, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը, որում Սբ. Հովհաննեսը վկայակոչում է Հիսուսի խոստումը աշակերտներին. «մի  այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան բնակվի ձեզ հետ», Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Հիսուս Սուրբ Հոգուն անվանում է «Paraclete», որ նշանակում է և՛ «մխիթարիչ, և՛ փաստաբան»։

     

    «Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին մեզ մենակ չի թողնում։ Նա մեր կողքին է, ինչպես փաստաբանը, ով օգնում է մեղադրյալին՝ լինելով իր կողքին։ Նա հուշում է, թե ինչպես պետք է պաշտպանվել մեղադրողներից: Եկե՛ք չմոռանանք, որ հիմնական մեղադրողը միշտ սատանան է, ով մեզ մղում է մեղք գործելու, մեր մեջ սերմանում է չարիք գործելու ցանկությունը: Եկե՛ք մտածենք այս երկու ասպեկտների մասին. Սուրբ Հոգու մոտիկությունը մեզ և Նրա օգնությունը մեզ մեղադրողին», – հորդորեց Սրբազան Քահանայապետն ու ընդգծեց, որ «Paraclete» երբեք չի լքում հավատացյալներին.

     

    «Սուրբ Հոգին ցանկանում է մնալ մեզ հետ, քանի որ Նա պարզապես հյուր չէ, ով քաղաքավարության այց է կատարել: Նա ընկեր է, ով մշտապես ներկա է մեր կյանքում: Նա Հոգի է և ցանկանում է բնակվել մեր հոգում: Նա համբերատար է և մեզ հետ է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք վայր ենք ընկնում: Նա մնում է մեզ հետ, քանի որ իսկապես սիրում է մեզ և չի ձևացնում, որ սիրում է, որպեսզի հետո միայնակ թողնի դժվարին իրավիճակում։ Ոչ: Նա հավատարիմ է, Նա իրական է»:

     

    Սուրբ Հոգու մոտիկությունը դրսևորվում է նաև այն ժամանակ, երբ մենք հայտնվում ենք դժվարին իրավիճակում, Նա մխիթարում է մեզ՝ բերելով Աստծո ներումն ու զորությունը։ Նա մեծ նրբանկատությամբ ցույց է տալիս մեր սխալները և ուղղում, մեր սրտին ուղղված Նրա ձայնում միշտ կա քնքշանք և սիրո ջերմություն, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Իհարկե, Հոգի- Paraclete պահանջկոտ է, քանի որ Նա իսկական և հավատարիմ ընկեր է, ով ոչինչ չի թաքցնում, այլ հուշում է, թե ինչն է պետք փոխել և ինչպես զարգանալ: Սակայն, ուղղելով մեզ, Նա երբեք չի նվաստացնում կամ հուսահատեցնում մեզ, այլ ընդհակառակը, վստահություն է ներշնչում առ այն, որ Աստծո հետ մենք միշտ կարող ենք հաջողության հասնել: Հենց սա է Նրա մոտիկությունը:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հոգի- Paraclete հավատարիմ պաշտպան է, ով մեզ պաշտպանում է բոլոր նրանցից, ովքեր մեզ մեղադրում են: Նա նույնիսկ «մեզ մեզանից է պաշտպանում, երբ մենք ինքներս մեզ չենք սիրում և ներում, երբեմն այնքան հեռու գնալով, որ ինքներս մեզ անպետք պարտվողներ ենք անվանում»։ Սուրբ Հոգին պաշտպանում է մեզ «աշխարհից, որը մերժում է բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում իր ծրագրերին, սատանայից, որն ըստ էության, հենց «մեղադրողն է»: Նա միայն տարաձայնություններ է սերմանում և ամեն ինչ անում, որ մարդիկ իրենց անկարող ու դժբախտ զգան»:

     

    Սուրբ Հոգին հստակ ասում է, թե ինչպես պետք է պատասխանել մեղադրողին.

     

    «Նա մտաբերում է Ավետարանի խոսքերը և այդպիսով օգնում է չարի մեղադրանքներին պատասխանել ոչ թե մեր, այլ Տիրոջ խոսքերով։ Ամենից առաջ Նա հիշեցնում է մեզ, որ Քրիստոս միշտ խոսում էր Երկնային Հոր մասին, բացահայտում էր Նրան և Իր սերը մեր՝ Իր զավակների նկատմամբ: Սուրբ Հոգուն կանչելով՝ մենք սովորում ենք ընդունել և հիշել կյանքի ամենակարևոր բաները. <…> մենք Աստծո սիրելի զավակներն ենք: Սա ամենակարևոր ճշմարտությունն է, և Սուրբ Հոգին հիշեցնում է դա»:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք կանչում ենք Սուրբ Հոգուն, հաճա՞խ ենք աղոթում Նրան, չե՞նք մոռանում Նրան, լսո՞ւմ ենք Նրա ձայնը, երբ Նա մեզ քաջալերում կամ ուղղում է: Արդյո՞ք մենք հիշում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը Աստծո սիրելի զավակն է:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը մեզ հնազանդ դարձնի Սուրբ Հոգու ձայնին և զգայուն Նրա ներկայությանը», – ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց