• Պարենը չպետք է դառնա զենք ամենաթույլերի դեմ

    «Չպետք սահմանափակել սննդի մատակարարումը հակամարտող բնակչությանը»:


    Մայիսի 13-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Իսպանիայից Վատիկան ժամանած Ագրարային ասոցիացիայի (Asociación Agraria – Jóvenes Agricultores) երիտասարդ պատվիրակների հետ։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտը շատ ավելի մեծ ներդրում ունի բնապահպանական շարժման մեջ, քան «փորձագետների իմաստուն ​​զեկույցները»: Հողագործները մեծ պատասխանատվություն ունեն, քանզի Արարիչը կոչ է արել նրանց լինել «համապարփակ բնապահպանության վկաները, որի կարիքն այսօր ունի աշխարհը», գործակիցներ արարչագործության մեջ՝ իրենց աշխատանքով (տես՝ Ծննդ. 1,28-31): Հողագործների գործունեության ոլորտը պետք է ժառանգություն լինի, որը նրանք կտակում են իրենց երեխաներին, որովհետև նրանց ձեռքերի պտուղները Տերն ուղարկում է Իր ժողովրդին, որպեսզի հագեցնի նրա քաղցն ու ծարավը: Այս քաղցը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, – «ոչ միայն հացի, այլ Աստծո համար է, Ով մարդուն կշտացնելու համար առանց վարանելու դարձավ կերակուր, միս, այդպիսով հասնելով մարդու սրտին» (տես՝ Մտթ. 4,3-4; Հվհ. 6,55-57).

     

    Այս առումով պատասխանատվություն են կրում նաև «սննդամթերքի արտադրության, վերամշակման և բաշխման բոլոր մասնակիցները»: Աստծո կողմից տրված այս մեծ շնորհը «չպետք է վերածվի զենքի, օրինակ՝ սահմանափակելով սննդի մատակարարումը հակամարտող բնակչությանը»: Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա «զեղծարարության, գնային ձեռնածության և ապրանքների շուկայավարման մեխանիզմ՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով»։ Նման չարաշահումները վիրավորում են գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին ու սպառողներին, վիրավորում են նաև հենց Աստծուն, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Հանդիպման ավարտին Սրբազան Քահանայապետը իսպանացի հյուրերի աշխատանքը վստահեց Սուրբ Աստվածածնին և հորդորեց նրանց լինել «իրենց երկրի բանաստեղծները» և միշտ մոտ զգալ Հիսուսին, «Ով Իր արյունը հեղեց Խաչի վրա, դարձավ ուտելիք ու կյանք՝ այն մեզ առատորեն տալու համար»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց