«Անհրաժեշտ է երաշխավորել ամեն մի մարդու «չարտագաղթելու իրավունքը, այսինքն՝ սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորություն ընձեռնել»։
«Ազատ ընտրություն. արտագաղթե՞լ, թե՞ մնալ». այս թեմայով ուղերձը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց գաղթականների և փախստականների 109-րդ Համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի նշվելու է սեպտեմբերի 24-ին։
Ըստ Նորին Սրբության խոսքերի, գաղթը միշտ պետք է լինի ազատ ընտրության իրավունք։ Ամեն մի գաղթական իրավունք ունի մնալու իր հայրենիքում, սակայն հալածանքները, պատերազմները, բնական աղետները կամ պարզապես իրենց հայրենիքում արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք վարելու անկարողությունը միլիոնավոր մարդկանց ստիպում են լքել այն և դառնալ գաղթական: Գաղթականները փախչում են աղքատությունից, վախից և հուսահատությունից, գրում է Սրբազան Քահանայապետն՝ ընդգծելով, որ խաղաղության և բարեկեցության կոնկրետ պայմաններ են անհրաժեշտ հարկադիր գաղթի պատճառներն արմատախիլ անելու համար: Համընդհանուր հանձնառություն է պահանջվում «սպառազինությունների մրցավազքը, տնտեսական գաղութատիրությունը, ուրիշների ռեսուրսների կողոպուտը, մեր ընդհանուր տան ավերումը կասեցնելու համար», ընդգծում է Նորին Սրբությունը.
«Որպեսզի գաղթը դառնա իսկապես ազատ ընտրության իրավունք, պետք է երաշխավորվի յուրաքանչյուրի համընդհանուր բարօրության արդար բաժինը, հիմնարար իրավունքների հարգումը և մարդկային ամբողջական զարգացման հասանելիությունը: Սա միակ ճանապարհն է, որով կարելի է բոլորին արժանավայել կյանքի ու կայացման հնարավորություն տալ»։
Գլխավոր խնդիրն այն է, որ հենց երկրներն ու նրանց իշխանություններն են կոչված իրականացնելու «թափանցիկ, ազնիվ, հեռատես քաղաքականություն և ծառայելու բոլորին, հատկապես ամենախոցելիներին»: Այնտեղ, որտեղ հանգամանքները թույլ են տալիս արտագաղթելու կամ մնալու որոշում կայացնել, ապա պետք է երաշխավորել գիտակցված ընտրություն կատարելու իրավունքը, որպեսզի շատ մարդիկ պատրանքներով չառաջնորդվեն և չդառնան անբարեխիղճ ստրկավաճառների զոհերը:
Որքան մոտենում է 2025թ. Սուրբ Տարվա հոբելյանը, այնքան օգտակար է հիշել դրա ավանդական ազատագրական բնույթի մասին: Երկրների և ողջ միջազգային հանրության համատեղ ջանքերի միջոցով անհրաժեշտ է երաշխավորել ամեն մի մարդու «չարտագաղթելու իրավունքը, այսինքն՝ սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորություն ընձեռնել»։ Այս իրավունքը, որը դեռևս միջազգային որևէ ձևակերպում չի ստացել, ունի հիմնարար նշանակություն, քանզի այդ ժամանակ բոլոր պետությունները կառաջնորդվեն «համատեղ պատասխանատվությամբ համընդհանուր բարօրության համար, որը չի ճանաչում ազգային սահմաններ»:
Սրբազան Քահանայապետը մեջբերում է Հիսուսի խոսքերը. «Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք խմելու, օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մտթ. 25,35-36). Սա «մի մշտական հիշեցում է մեր պարտքի մասին, որպեսզի գաղթականի մեջ տեսնենք ոչ միայն կարիքի մեջ գտնվող եղբայրների կամ քույրերի, այլ նաև Քրիստոսին, ով թակում է մեր դուռը», – ընդգծեց Նորին Սրբությունը: Ամեն մի գաղթականի արժանապատվությունը հնարավորինս հարգելը «նշանակում է լավագույն կերպով ուղեկցել և կարգավորել գաղթականների հոսքերը, կառուցել կամուրջներ, ոչ թե պատեր, ընդլայնել անվտանգ և կանոնավոր գաղթի ուղիները»:
Միայն միասին քայլելով մենք կարող ենք «հասնել մեր ճանապարհի ընդհանուր նպատակին», – ուղերձի ավարտին գրում է Սրբազան Քահանայապետը և աղոթում, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ Տերը մարդկանց սրտերում սերմանի «հանդիպման և հոգատարության մշակույթը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը