«Ֆրանցիսկոս Պապը և Ղպտի Եկեղեցու Թավադրոս Բ Պատրիարքը ստորագրեցին իրենց նախորդների միջև հիսուն տարի առաջ տեղի ունեցած պատմական հանդիպման առիթով հրատարակված գրքի նախաբանը»։
Այս օրերին հիշատակվում է Պողոս Զ և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Շենուդա III միջև 1973թ. մայիսին տեղի ունեցած պատմական հանդիպման տարեդարձը, որի առթիվ մայիսի 10-ին լույս է ընծայվում հիշատակի գիրքը, որի վերնագիրն է «Կաթողիկէ Եկեղեցին և Ղպտի Ուղղափառ Եկեղեցին. Պողոս Զ և Պապ Շենուդա Գ (1973-2023) հանդիպման 50-ամյակը», որը պարունակում է հիմնական փաստաթղթերը, որոնք վկայում են Վատիկանի Տիեզերական Բ ժողովից ի վեր Կաթողիկէ և Ղպտի Ուղղափառ Եկեղեցիների միջև մերձեցման ուղևորությունը, և որի նախաբանը կրում է Ֆրանցիսկոս Պապի և Ղպտի Օրթոդոքս Եկեղեցու Թավադրոս Բ ստորագրությունը։ Գիրքը հրապարակել է Վատիկանի տպագրատունը՝ Քրիստոնյաների միության խթանման վերատեսչության նախաձեռնությամբ։
Ֆրանցիսկոս Պապ Թավադրոս Բ առաջին հանդիպումը
Ի դեպ մայիսի 10-ին նաև նշվում է «Ղպտի Ուղղափառ Եկեղեցու և Հռոմի Եկեղեցու միջև եղբայրական սիրո օրը», որը հիշատակում է Թավադրոս Բ Պատրիարքի Հռոմ կատարած առաջին ուղևորությունը և Ֆրանցիսկոս Պապի հետ առաջին հանդիպման տարեդարձը։ Եվ ահա այս երկու հոբելյանների առթիվ է, որ Թավադրոս Բ Պատրիարքը մայիսի 9-ին կժամանի Հռոմ վեցօրյա այցելությամբ։
Մայիսի 10-ին և 11-ին Ղպտի Եկեղեցու Պատրիարքը և Ֆրանցիսկոս Պապը միասնաբար պիտի տոնախմբեն իրենց նախորդների` Սուրբ Պողոս Զ և Շենուդա Պատրիարքի միջև տեղի ունեցած պատմական հանդիպման հիսուն ամյակը։ Արդարև մայիսի 10-ին Թավադրոս Բ Պատրիարքը պիտի մասնակցի Սուրբ Պետրոսի հրապարակում նախատեսված Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գլխավորած հրապարակային ընդհանուր ունկնդրությանը, իսկ մայիսի 11-ին առանձնական հանդիպում պիտի ունենայ Քահանայապետի հետ։ Հռոմում իր կեցության ընթացքում Ղպտի Եկեղեցու Պատրիարքը պիտի հանդիպի նաև Հռոմում բնակվող Ղպտի հասարակության հավատացյալների հետ, որոնց համար մայիսի 14-ին պատարագ պիտի մատուցի Լատերանի Սուրբ Հովհաննեսի անվան Քահանայապետական մայր տաճարում։
Ներշնչում քաղել միության առաջամարտիկներից
«Կաթողիկէ Եկեղեցին և Ղպտի Ուղղափառ Եկեղեցին. Պողոս Զ և Պապ Շենուդա III (1973-2023) հանդիպման 50-ամյակը» գրքի նախաբանի մեջ Ֆրանցիսկոս Պապը և Թավադրոս Բ Պատրիարքն ընդգծեցին «միասին քայլելու» և դեպի առաջ նայելու կարևորությունը, թեև, մատնանշեցին, որ «համամիութենական ուղևորության մեջ հարկավոր է նաև դեպի հետ նայել»՝ հույսը վերագտնելու համար, «ներշնչում քաղելով մեզ կանխող միության առաջամարտիկներից»։
«Մենք պետք է գոհություն հայտնենք Աստծուն՝ հիշելով կատարված քայլերը և արդեն իսկ կտրված ճանապարհը», ի միջի այլոց գրում են երկու եկեղեցապետերը նախաբանի մեջ՝ հաստատելով, որ «դա է գրքի նպատակը»։
Կարևորելով իրենց նախորդների միջև հիսուն տարի առաջ կայացած պատմական առաջին հանդիպումը՝ Ֆրանցիսկոս Պապն ու Թավադրոս Բ այդ հանդիպումը որակում են երկու եկեղեցիների միջև «անկյունաքար», որ վերջ դրեց «քրիստոսաբանության» հայող վեճերին՝ 1973թ. մայիսի 10-ի համատեղ հռչակագրի ստորագրությամբ:
Նախաբանի մեջ այնուհետև անդրադարձ է կատարվում այդ պատմական օրից մինչ օրս միության ի նպաստ արձանագրված քայլերի և համամիութենական ուղևորության պտուղներին, ինչպես նաև 2013թ. մայիսի 10-ին հաստատված՝ Ղպտիների և Կաթողիկէների միջև բարեկամության Օրվան, ապա մաղթում, որ այդ պատմական հանդիպումը շարունակի «ներշնչում լինել համամիութենական ուղևորության ու պատասխան Քրիստոսի աղոթքին. «Որպեսզի ամենքը մի լինեն» (Հվհ. 17,21)։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը