«Չմոռանանք Աստծո արարիչ զորության մասին, որն ընդունակ է հուսահատությունից հույս և մահից կյանք ստեղծել»:
Մայիսի 5-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց անչափահասների պաշտպանության Քահանայապետական հանձնաժողովի անդամներին, որը ստեղծվել է Հավատի Վարդապետության վերատեսչության ներքո՝ Կարդինալների խորհրդի առաջարկությամբ։
«Հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, ինչպես նաև Եկեղեցու առաջնորդների սխալ արձագանքը, դարձել են ժամանակակից Եկեղեցու ամենամեծ մարտահրավերներից մեկը», – ընդգծեց Նորին Սրբությունը: Արդյունավետ գործելու անկարողությունը՝ այս չարիքը կասեցնելու և տուժածներին օգնության հասնելու համար, խեղել է Աստծո սիրո մեր վկայությունը և դարձել է գայթակղության քար շատերի համար: Միևնույն ժամանակ, «մենք չենք լռել կամ անգործություն դրսևորել», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ անդրադառնալով Եկեղեցու վերջին փաստաթղթերին և տեղական Եկեղեցիների հետ համագործակցության փորձին:
Նորին Սրբությունը մատնանշեց Քահանայապետական հանձնախմբի աշխատանքին առաջնորդող որոշ սկզբունքներ՝ կոչ անելով դրանք դիտարկել որպես հատուցման հոգևորության մաս։ Ամենից առաջ պետք է միշտ հիշել «Աստծո արարիչ զորությունը, որն ընդունակ է հուսահատությունից հույս և մահից կյանք ստեղծել»։ Նույնիսկ եթե առաջիկա ճանապարհը դժվարին ու հոգնեցուցիչ է, մենք չպետք է կանգն առնենք, պետք է շարունակենք քարոզել՝ փորձելով վստահություն սերմանել բռնության ենթարկված մարդկանց մեջ։
Երկրորդ, առանց վաղեմության ժամկետի սեռական բռնությունը բաժանում է ընտանիքները, քայքայում և պառակտում է հասարակությունը։ Հետևաբար անհրաժեշտ է հույսով «կտորները հավաքել», քանզի պատմության պատառոտված հյուսվածքի վերականգնումը Տառապող ստրուկի քավիչ գործողությունն է, ով չխուսափեց ցավից, այլ ամբողջ մեղքը Իր վրա վերցրեց (տես՝ Եսայի 53,1-14)։ Հատուցման և փրկագնման ճանապարհը Քրիստոսի Խաչի ճանապարհն է, և, եթե հանդիպենք բռնության զոհերին և անկեղծ խոսենք նրանց հետ, ապա նրանք կարող են իրենց ցանկալի զգալ Եկեղեցում և հուսալ ապագայի համար:
Երրորդ, Քահանայապետական հանձնաժողովի անդամները կոչված են խոնարհությամբ կատարելու Աստծո հարգանքն ու բարությունը, կրելու «միմյանց բեռը» (տես՝ Գաղ. 6,1-2), քանզի «կենդանի Աստվածը չի սպառել ողորմածության և օրհնության Իր պաշարները»: Չարչարանքների վերքերը մնացել են հարություն առած Տիրոջ մարմնի վրա, սակայն ոչ որպես տառապանքի կամ ամոթի աղբյուր, այլ որպես ողորմածության և փոխակերպման նշաններ:
Ըստ Սրբազան Քահանայապետի, «եկել է ժամանակը վերականգնելու նախորդ սերունդներին և բոլոր նրանց հասցված վնասը, ովքեր շարունակում են տառապել». կարևոր է երբեք կանգ չառնել և միշտ առաջ գնալ: Սարսափելի վերքերը Եկեղեցում բուժելու համար պետք է անձնվիրաբար ծառայել տեղի Եկեղեցիներին, օգնել թեմերին, ծխերին, ճեմարաններին, կրթել ուսուցիչներին և այլ հովվական աշխատողներին: «Անչափահասների և խոցելի մարդկանց պաշտպանությունը պետք է լինի կանոն բոլորի համար»,- ընդգծեց Նորին Սրբությունը:
«Անարդար է, որ մոլորակի բարեկեցիկ շրջաններում կան լավ պատրաստված և առատաձեռնորեն ֆինանսավորվող պաշտպանության ծրագրեր, որոնք հարգում են զոհերին և նրանց ընտանիքներին, մինչդեռ աշխարհի այլ մասերում մարդիկ լուռ տառապում են: Շատ հնարավոր է, որ նրանց մերժում և խարանում են, երբ նրանք փորձում են պատմել ոտնձգությունների մասին, որոնց նրանք ենթարկվել են: Այս ոլորտում Եկեղեցին պետք է ձգտի դառնալ վստահության և ազնվության օրինակ»:
Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունը հայտնեց հանձնաժողովի անդամներին Վատիկանի ավետարանացման բաժանմունքի հետ համագործակցելու համար և առաքելական օրհնանք տվեց նրանց:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը