• Հունգարիայի հավատացյալ ժողովուրդը կոչված է կամուրջներ կառուցելու

    «Լինե՛նք միասնության ու ներդաշնակության կամուրջներ կերտողներ»։


    Մայիսի 3-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց դեպի Հունգարիա առաքելական ճամփորդության մասին, որն արդեն իր 41-րդ միջազգային այցն է, այն տեղի է ունեցել ապրիլի 28-ից 30-ը՝ «Քրիստոսը մեր ապագան» կարգախոսով։

     

    Սուրբ Պետրոսի հրապարակում Նորին Սրբությունը նախ իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր նախապատրաստել էին այս ճամփորդությունը և հոգեպես ուղեկցել իրեն, քաղաքացիական և եկեղեցական իշխանություններին և ողջ հունգար ժողովրդին: Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ ինքը որպես ուխտավոր եղել է մի երկրում, որի պատմությունն, ըստ Հովհաննես Պողոս II, նշանավորված է «բազմաթիվ սրբերով և հերոսներով»։

     

    Հունգարացի սրբերը նահատակվել են իրենց ժողովրդի համար, վկայել Աստծո սիրո մասին, լույս եղել մթին ժամանակներում, իսկ այսօր նրանք մեզ կոչ են անում հաղթահարել վաղվա վախը՝ հիշեցնելով, որ մեր ապագան Հիսուս Քրիստոսն է:

     

    Հունգար ժողովրդի հավատքի ամուր արմատները փորձության ենթարկվեցին աթեիստական ​​հալածանքների ժամանակ, ընդգծեց Նորին Սրբությունը, շատ քրիստոնյաներ սպանվեցին կամ բանտ նետվեցին: Չնայած այս ամենին՝ չկարողացան վնասել քրիստոնեական հավատքի ծառի արմատները: Երկրում կոմունիստական ​​հետապնդումներին նախորդեցին նացիստական հալածանքները, հրեա բնակչության տեղահանության ողբերգությունը։ Այդ օրերին շատերն աչքի ընկնան իրենց տոկունությամբ և տուժածներին պաշտպանելու կարողությամբ: Սակայն այսօր ևս, ըստ Սրբազան Քահանայապետի, ազատությունը վտանգի տակ է ամենից առաջ սպառողական գաղափարախոսության պատճառով, որը բթացնում է զգայարաններն ու գիտակցությունը, քանի որ մարդը բավարարվում է նյութական բարեկեցությամբ՝ մոռանալով իր անցյալի մասին:

     

    «Սա խնդիր է ողջ Եվրոպայի համար, որտեղ նվիրվածությանը, համայնքային զգացողությանը, ընդհանուր երազանքների գեղեցկությանը և մեծ ընտանիքների ստեղծմանը սպառնում է  ճգնաժամը: Ամբողջ Եվրոպան է այս ճգնաժամի մեջ: Այսպիսով, եկե՛ք խորհենք արմատները պաշտպանելու կարևորության մասին, քանզի միայն խորքին հասնելով է, որ ծառը սկսում է բողբոջել և պտուղներ տալ:

     

    Առաքելական այցը Հունգարիա նաև հիշեցում էր կամուրջներ կառուցելու կարևորության մասին, քանի որ կամուրջներ կառուցելը Եվրոպայի կոչումներից մեկն է, որը, նկատի ունենալով տարբերությունները, պետք է հյուրասիրաբար ընդունի իր դռները թակողներին: Այս առումով հրաշալի է «մարդասիրական կամուրջը» ուկրաինացի բազմաթիվ փախստականների համար։ Հունգարիան նաև «վաղվա» համար կամուրջներ կառուցող երկիր է, հատկապես դա դրսևորվում է սերունդների միջև հարաբերություններով և ժամանակակից մարդուն՝ Քրիստոսի հռչակմամբ:

     

    Այս համատեքստում Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին լինել «միասնության ու ներդաշնակության կամուրջներ կերտողներ»։ Ունկնդրության ավարտին՝ ամփոփելով իր այցը Հունգարիա, Սրբազան Քահանայապետը աղոթք բարձրացրեց Ամենասուրբ Աստվածածնին.

     

    «Հունգարիայի Թագուհուն մենք վստահում ենք այս սիրելի երկիրը, աշխարհի Թագուհուն վստահում ենք, որպեսզի կամուրջներ կառուցի մեր աշխարհում, Երկնային Թագուհուն, որին մենք փառաբանում ենք այս Զատկի շրջանում, մենք վստահում ենք մեր սրտերը, որպեսզի նրանք արմատավորվեն Աստծո սիրո մեջ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց