«Եկե՛ք չփակվենք խնդիրների ու անտարբերության մեջ»:
«Ես եկա, որպեսզի կյանք ունենան և՝ առավել ևս ունենան» (Հվհ. 10,10), Հիսուս Քրիստոսի այս խոսքերն արտահայտում են Իր առաքելության իմաստը: Բարի Հովվի կերպարով, Ով իր կյանքը տալիս է ոչխարների համար, այսպես սկսեց իր կիրակնօրյա քարոզը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Բուդապեշտի Լայոշ Կոշութա հրապարակում։
Նորին Սրբությունը մեկնաբանեց կիրակնօրյա ավետարանական ընթերցումը, որում Բարի Հովիվը հայտնվում է մեր առջև. «Նա իր ոչխարներին կանչում է անուններով և դուրս է հանում»։ Հենց այս երկու գործողությունների՝ «կանչելու» և «դուրս հանելու» շուրջ էլ Սրբազան Քահանայապետը սկսեց խորհրդածել։
Փրկության պատմությունը չի սկսվել մեզանից, մեր արժանիքներից, ունակություններից, քանզի հենց սկզբում եղել է Աստծո կանչը, մեզ մոտ լինելու և Իր ողորմությունը մեզ տալու Աստծո ցանկությունը: Մենք մոլորված ոչխարների էինք նման, սակայն Հիսուսն իր վրա վերցրեց մեր չարիքներն ու մեղքերը՝ մեզ վերադարձնելով Հոր սիրտը, ինչպես ասում է երկրորդ ծիսական ընթերցումը. «Մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը» (Ա Պետրոս 2,25). Եվ այսօր Նա կրկին գալիս է մեզ մոտ կյանքի ցանկացած իրավիճակում՝ որպես Բարի Հովիվ. Նա «կանչում է մեզ անունով, որպեսզի ասի, թե որքան կարևոր ենք մենք Նրա աչքում, որպեսզի բժշկի մեր վերքերն ու իր վրա վերցնի մեր թուլությունները, մեզ մոտեցնի Հորը և միմյանց»:
Մենք՝ որպես Աստծո սուրբ ժողովուրդ, Նրա կանչով ենք ծնվել, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Մենք բոլորս՝ քրիստոնյաներս, որոնց Բարի Հովիվը կանչում է անուններով, կոչված ենք ընդունելու և տարածելու Նրա սերը, որպեսզի Իր հոտը լինի ներառական և ոչ ոքի չբացառի»։
Անուն առ անուն կանչելով՝ Բարի Հովիվը «դուրս է» բերում նրանց: Նախ Տերը կանչում է նրանց իր հոտի մոտ, այնուհետև դուրս է բերում. սկզբում մենք հավաքվում ենք Աստծո ընտանիքում, որպեսզի դառնանք Նրա ժողովուրդը, սակայն հետո Աստված մեզ ուղարկում է աշխարհ՝ Ավետարանի անվախ ավետաբերներն ու Նրա սիրո վկաները դառնալու համար: Մուտքի և ելքի այս շարժումը մենք կարող ենք տեսնել Հիսուսի մեկ այլ կերպարում. «Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի»:
Այսպիսով, Հիսուսն այն դուռն է, որով մենք դուրս ենք գալիս և ընդառաջ գնում մեր եղբայրներին: Սրբազան Քահանայապետը նորից կարևորեց դեպի դուրս գնացող Եկեղեցի լինելու անհրաժեշտությունը, քանզի մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա բաց դուռ: «Տխուր և ցավալի է, որ դեռ փակ դռներ կան, – պարզաբանեց Նորին Սրբությունը. մեր եսասիրությամբ փակված դռները բոլոր նրանց առաջ, ովքեր ամեն օր քայլում են մեր կողքին, մեր անհատականության փակ դռները մի հասարակության մեջ, որին մենության մեջ հյուծվելու վտանգն է սպառնում, մեր անտարբերությամբ փակված դռները աղքատների, տառապյալների, օտարականների, գաղթականների և բոլոր նրանց առաջ, ովքեր տարբերվում են մեզանից: Եվ վերջապես, մեր եկեղեցական համայնքների փակ դռները միմյանցից, աշխարհից և նրանցից, ովքեր Աստծո ներումն են տենչում: Խնդրում եմ, եկե՛ք բացենք դռները», – ասաց Սրբազան Քահանայապետը` դիմելով բոլորին, ապա հատուկ կոչ ուղղեց եպիսկոպոսներին ու քահանաներին ասելով, որ պետք է լինել Աստծո շնորհի «միջնորդները», մոտիկության մասնագետները, պատրաստ կյանքը տալու, ինչպես դա արեց Հիսուս Քրիստոսը:
«Եկե՛ք չփակվենք խնդիրների ու անտարբերության մեջ», – իր խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը։ – «Թո՛ղ մեր հովիվը մեզ ուղեկցի, քանզի Նրա հետ մեր կյանքը, մեր ընտանիքները, մեր քրիստոնեական համայնքները և ողջ Հունգարիան կփայլեն նոր կյանքով»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը