«Սա հեղափոխություն չէ, այլ արժեք եկեղեցու համար, որն այն ավելիով է ամբողջացնում»:
Ապրիլի 26-ին Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակում Եպիսկոպոսների Սինոդի Ընդհանուր Քարտուղար Կարդինալ Մարիո Կրեկը և ընդհանուր զեկուցող Կարդինալ Ժան Կլոտ Հոլլերիխը ներկայացրեցին առաջիկա Հոկտեմբեր ամսին Վատիկանում կայանալիք Սինոդի Ընդհանրական Ժողովի նորություններն ու փոփոխությունները։
Նշենք, որ Եպիսկոպոսների Սինոդի հիմքը դրել էր Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2018թ-ին հաստատված Episcopalis Communio առաքելական սահմանադրությամբ։ Սինոդի Ընդհանրական Ժողովը պիտի ամփոփի սինհոդոսականության տարածաշրջանային փուլերը, որ իր աշխատանքները սկսել էր դեռևս 2021թ-ին և պիտի շարունակի նաև 2024թ-ին։
Նոր կանոնները
Փոփոխությունները չեն վերաբերվում ոչ բնույթին և ոչ էլ անվանը, որը պիտի շարունակվի կոչվել սինհոդոսականության վերաբերյալ «Եպիսկոպոսների Սինոդ»։ Սակայն պիտի փոխվի մասնակցողների կազմը․ Սինոդի հոկտեմբերյան Ժողովին պիտի մասնակցեն նաև «ոչ եպիսկոպոսներ», այսինքն քահանաներ, կրոնավորներ և աշխարհականներ, որոնք ուղղակիորեն պիտի նշանակվեն Սրբազան Քահանայապետի կողմից։
Բացի այդ, արտահայտելով Նորին Սրբության փափագը, ընտրության իրավունք ունեցող ոչ եպիսկոպոս մասնակիցների թիվը որոշված է՝ 70, որոնցից 50 առ հարյուրը կանայք պիտի լինեն, ինչպես նաև մեծ կարևորություն պիտի տրվի երիտասարդների մասնակցությանը։ Սրբազան Քահանայապետը ցանկանում է «ներքևից» սկսել՝ ժողովրդի ձայնը Աստծուն լսելի դարձնելու համար:
Վերոնշյալ Ժողովը, որ պիտի կազմակերպվի Սինոդի նոր դահլիճում, նախատեսված է ավելի քան 400 անձերի մասնակցությունը ապահովելու համար, որոնցից շուրջ 370 քվեարկելու իրավունք պիտի ունենան։ Նշենք, որ մինչ օրս շատ քիչ թիվ են կազմել ոչ եպիսկոպոս ընտրողները։
Եկեղեցին միշտ եղել է սինհոդոսական
Հավելենք նաև, որ Կարդինալ Հոլլերիխը, ով Հաղորդակցության Վերատեսչության Խմբագրական կազմի ընդհանուր տնօրենն է, Անդրեա Տորնիելլիին տված հարցազրույցի ընթացքում առավել մանրամասն և առարկայական կերպով ներկայացրեց Սինոդին առնչվող տարբեր հարցերը։
Նա նաև անդրադարձավ «Սինհոդոսականության մասին Սինոդ» տիտղոսին, նշելով, որ այն նշանակում է, որ «Եկեղեցին պիտի ապրի այնպես, ինչպես Աստված է ցանկանում մեր ժամանակների համար՝ Ավետարանը հռչակել աշխարհին, մեր ժամանակակիցներին»։ Կարդինալն ընդգծեց, որ «Եկեղեցին միշտ եղել սինհոդոսական», մինչդեռ Աստծո ողջ ժողովրդի մասնակցությունը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին մեզ այնպես է առաջնորդում, որ կարողանանք կյանքի կոչել այն, ինչ Վատիկանի Երկրորդ ժողովը հաստատել է»։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը