«Վանականներն իրենց խոսքով, օրինակով, բարեխոսությամբ և ամենօրյա աշխատանքով բարեխոսության կամուրջ են բոլոր մարդկանց համար»:
Ապրիլի 26-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման վերաբերյալ և խորհրդածեց առաքելական եռանդի նշանավոր վկաների՝ վանականների և միանձնուհիների մասին:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, վանականները հրաժարվում են իրենք իրենցից և այս աշխարհիկ կյանքից, որպեսզի հետևեն Հիսուսին՝ աղքատությամբ, ողջախոհությամբ և հնազանդությամբ, ինչպես նաև անդադար բարեխոսեն բոլորի համար: Վանականներն քարոզչության բաբախող սիրտն են Եկեղեցում. նրանց աղոթքը թթվածին է բոլորի համար և անտեսանելի զորություն, նրանք առաքելության պահապաններն են: Պատահական չէ, որ առաքելությունների պաշտպանը միանձնուհի է՝ Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզան։ Նա հասկացել էր, որ եկեղեցին սիրտ ունի, որ միայն սերն է առաջնորդում Եկեղեցու անդամներին, իսկ եթե այն հանգչեր, ապա առաքյալները կդադարեին քարոզել ու հռչակել Ավետարանը, նահատակները կդադարեին հեղել իրենց արյունը: Նա գրում էր. «Օ՜ Հիսուս, իմ Սեր, ես վերջապես գտա իմ կոչումը. իմ կոչումը Սերն է: <…> Իմ Մայր Եկեղեցու սրտում ես սեր կլինեմ»: Այս սերը բոլորի հանդեպ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, ոգեշնչում է վանականների և միանձնուհիների հայեցողական կյանքը՝ արտահայտվելով նրանց բարեխոսական աղոթքներում։
Նորին Սրբությունը հիշատակեց նաև Հայազգի մեծ սուրբ Ս. Գրիգոր Նարեկացուն՝ աբբային և Եկեղեցու Ուսուցչին: Նա ողջ կյանքն անցկացրել է վանքի պատերի մեջ և այնտեղ սովորել է ուսումնասիրել մարդկային ոգու խորքերը. բանաստեղծությունն ու արձակը համադրելով՝ նա հասել է հայ գրականության ու ոգեղենության գագաթնակետին։ Սրբազան Քահանայապետն ասաց, որ իրեն ամենաշատը ցնցում է Նարեկացու տիեզերական համերաշխությունը։ Հենց այդպես էր վարվում Հիսուսը՝ իր վրա վերցնելով աշխարհի խնդիրները, դժվարությունները, հիվանդությունները։ Վանականները մեծ ավետարանողներ են և թեև նրանց կյանքը թաքնված է այս աշխարհի աչքից, սակայն իրենց խոսքով, օրինակով, բարեխոսությամբ և ամենօրյա աշխատանքով նրանք բարեխոսության կամուրջ են բոլոր մարդկանց համար։
«Նրանք արցունքներ են թափում իրենց սեփական մեղքերի համար, քանզի մենք բոլորս մեղավոր ենք, նրանք լաց են լինում ողջ աշխարհի մեղքերի համար, աղոթում են և ի սրտե բարեխոսում՝ ձեռքերը դեպի երկինք բարձրացրած: Եկե՛ք մտածենք Եկեղեցում ունեցած մեր այս հատուկ «պահուստի» մասին, քանզի դա իրական զորություն է, որ առաջ է մղում Աստծո Ժողովրդին: Հենց այստեղից մարդկանց՝ Աստծո Ժողովրդի մոտ ի հայտ է եկել հետևյալ սովորությունը. վանականի կամ միանձնուհու հանդիպելիս ասում են՝ «Աղոթիր ինձ համար»։ Մարդիկ գիտեն, թե ինչ է բարեխոսական աղոթքը: Մեզ համար օգտակար կլինի ինչ-որ վանք այցելել, քանզի այնտեղ աղոթում և աշխատում են: Ամեն մեկն իր պարտականությունն ունի, սակայն նրանց ձեռքերը միշտ զբաղված են աշխատանքով և աղոթքով: Թող Տերը մեզ պարգևի նոր վանքեր, վանականներ և միանձնուհիներ, որոնք իրենց բարեխոսությամբ կառաջնորդեն Եկեղեցին»։
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց.
«Իմ մտքերը՝ ուղղված երիտասարդներին, հիվանդներին, ծերերին և նորապսակներին, ոգեշնչված են Քրիստոսի երևմամբ Էմմավուսի երկու աշակերտներին (տես՝ Ղկ. 24,13-35): Սովորե՛ք հանդիպել Տեր Հիսուսին՝ աղոթելիս և խորհրդածելիս, և այդ ժամանակ ձեր սրտերը՝ դեպի Էմմավուս գնացող աշակերտների սրտերի նման, կբոցավառվեն ձգտումով, հիացմունքով և վստահությամբ, որը միայն Աստվածային Ուսուցիչը կարող է շնորհել: Եղբայրներ և քույրեր, եկեք չմոռանանք աղոթել բազմաչարչար Ուկրաինայի համար։ Իմ օրհնությունը բոլորին»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը