«Հիսուս գիտի, թե ինչպես մեր յուրաքանչյուր անկումը դարձնի քայլ դեպի առաջ»:
«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց և անդրադարձավ հարություն առած Հիսուսի հանդիպմանը Էմմավուսի աշակերտների հետ (տես՝ Ղկ. 24,13-35): «Համակերպվելով Ուսուցչի մահվան հետ՝ այս երկու աշակերտները Զատիկի օրով որոշում են հեռանալ Երուսաղեմից և վերադառնալ տուն։ Ճանապարհին են, երբ նրանք տխուր խոսում են կատարվածի մասին, Հիսուսը քայլում է նրանց կողքով, սակայն նրանք չեն ճանաչում Նրան», – հիշեցրեց Նորին Սրբությունը:
Տերն հարցնում է աշակերտներին, թե ինչու են նրանք այդքան տխուր, և նրանք պատասխանում են. «Երուսաղեմում միայն Դու՛ ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին» (Ղկ. 24,18): Եվ Հիսուս ասաց. «Ի՞նչ» (Ղկ. 24,19): «Հիսուսը խնդրում է նրանց պատմել այն, ինչ ինքն իրենցից լավ գիտի, սակայն չի ծաղրում նրանց, այլ ցանկանում է լսել իրադարձությունների իրենց վարկածը։ Այնուհետև, երբ նրանք քայլում են, Նա օգնում է նրանց վերաիմաստավորել փաստերը՝ Աստծո Խոսքի լույսի ներքո», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և ուշադրություն հրավիրեց հատկապես այդ հանգամանքի վրա:
Մեզ համար ևս կարևոր է Հիսուսի հետ վերընթերցել մեր պատմությունը՝ հիասթափությունների և հույսերի որոշակի շրջանի պատմությունը, ընդգծեց Նորին Սրբությունը. «Չէ որ, մեզ, ինչպես այդ աշակերտներին, կարող են շփոթեցնել իրադարձությունները և մենք կմնանք միայնության ու անորոշության մեջ՝ բազմաթիվ հարցերով ու մտահոգություններով անհանգստացած։ Այսօրվա Ավետարանը կոչ է անում ամեն ինչ անկեղծորեն պատմել Հիսուսին՝ չվախենալով Նրան անհանգստացնելուց, չվախենալով ինչ-որ սխալ ասելուց, չամաչելով այն ամենից, ինչը դժվարությամբ ենք ընկալում ու հասկանում: Տերն ուրախանում է, երբ մենք անկեղծանում ենք Նրա հետ, քանզի միայն այդ ժամանակ Նա կարող է բռնել մեր ձեռքը, ուղեկցել մեզ և նորից վառել մեր սրտերը (տես՝ Ղկ. 24,32): Հետևաբար մենք ևս, ինչպես Էմմավուսի աշակերտները, կանչված ենք խոսելու Նրա հետ և Նրան մեզ մոտ պահելու, որպեսզի երբ երեկո լինի, Նա մնա մեզ հետ (տես՝ Ղկ. 24,29):
Այդ ամենն անելու լավագույն միջոցը՝ ամեն երեկո խղճի հակիրճ ստուգում կատարելն է, պետք է օրվա իրադարձություններին նայել Հիսուսի աչքերով, սրտաբաց լինել Նրա հետ և ասել մեր որոշումների, վախերի, անհաջողությունների և հույսերի մասին: Այդպես մենք աստիճանաբար կսովորենք իրադարձություններին նայել Նրա աչքերով, այլ ոչ միայն մեր, և կկարողանանք ապրել ու զգալ այդ երկու աշակերտների փորձառությունը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Քրիստոսի սիրո առաջ, նույնիսկ դժվար և ձախողման դատապարտված բաները, կարող են այլ լույսի ներքո երևալ. խաչը, որն այնքան դժվար է ընդունել, ի պատասխան վիրավորանքի՝ ներելու որոշում կայացնելը, վրեժխնդրությունից հրաժարվելը, աշխատանքի դժվարությունները, թանկարժեք անկեղծությունը, ընտանեկան կյանքի փորձությունները՝ Հարուցյալ Խաչյալի լույսի շնորհիվ կարող են մեզ երևալ նոր լույսի ներքո: Հիսուս գիտի, թե ինչպես մեր յուրաքանչյուր անկումը դարձնի քայլ դեպի առաջ: Սակայն այդ ամենի համար անհրաժեշտ է ազատվել ինքնապաշտպանության բոլոր պատնեշներից, պետք է մեր ամբողջ ժամանակն ու տարածությունը տանք Հիսուսին, ոչինչ չթաքցնենք Նրանից, մեր տառապանքը կիսենք Նրա հետ, թույլ տանք, որ Նրա ճշմարտությունը ցավ պատճառի մեզ, իսկ սիրտը տրոփի Նրա Խոսքի շնչից»:
Հենց այսօր էլ կարող ենք սկսել. երեկոյան կաղոթենք, որի ընթացքում էլ կհարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս անցավ մեր օրը: Ինչպիսի՞ թաքնված մարգարիտներ կային այնտեղ, որոնց համար պետք է երախտապարտ լինել: Արդյո՞ք մեր արածի մեջ սեր կար: Որո՞նք են այն անկումները, վիշտը, կասկածներն ու վախերը, որ պետք է տալ Հիսուսին, որպեսզի Նա բացի նոր ճանապարհներ, բարձրացնի և խրախուսի:
Խորհրդածության ավարտին՝ Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Սուրբ Աստվածածինը.
«Մարիա՛մ, Իմաստության Կույս, օգնիր մեզ ճանաչելու մեզ հետ քայլող Հիսուսին և Նրա առջև վերընթերցելու մեր կյանքի ամեն մի օրը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը