Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամէնի համար, որ ինձ տուեց: (Սաղմոս: 115, 12)
2023թ. ապրիլի 22-ին Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցում եւ նոյն թուականի ապրիլի 23-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ եկեղեցում Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը մատուցեց հրաժեշտի գոհաբանական Սուրբ Պատարագ:
Փանիկում Սուրբ Զոհը Գերյ. Վարդապետը մատուցեց առընթերակայութեամբ Արժ. Տէր Միքայէլ Քհն. Տօմպուրեանի եւ Տէր Ռուբէն Քհն. Միսսիսեանի, իսկ Գիւմրիում՝ Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Միքայէլ Քհն. Տօմպուրեանի:
Փանիկում Սուրբ եւ Անմահ Պատարագին ներկայ էին Հայաստանի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ հոգեւոր դասը, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան անդամները, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցները, Փանիկի Վարչական Կենտրոնի ղեկավարը եւ ներկայացուցիչները, միջնակարգ դպրոցի, արուեստի դպրոցի, առողջութեան կենտրոնի աշխատակիցները, տիկնանց եւ երիտասարդաց միութեան անդամները, ինչպէս նաեւ գիւղի հայ հաւատաւոր ժողովուրդը:
Գիւմրիում Սուրբ եւ Անմահ Պատարագին ներկայ էին Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ հոգեւոր դասը, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան անդամները, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի տնօրեն Հ. Մարիո Վրդ. Կուկարոլլոն, Գերպ. Հայր Պերճ Վրդ. Սապեն, Գերպ. Հայր Ակակի Չելիձեն, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ աշխատակիցներ, պաշտօնատար անձինք, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովրդի կուռ բազմութիւն:
Գիւմրիում հրաժեշտի խօսքով հանդէս եկաւ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէն, ով Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանին բարի ընթացք մաղթեց իր նոր առաքելավայրում:
Խօսք առաւ նաեւ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը, ով նախ ներկաներին ներկայացրեց այս տարիների ընթացքում Գերյ. Վարդապետի կատարած աշխատանքները, ապա շնորհակալութիւն յայտնեց նրա անմնացորդ ու բեղուն հոգեւոր ծառայութեան համար ի սպաս Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ եւ հայ ժողովրդի:
Երկար տարիների հոգեւոր ծառայութեան համար իրենց ջերմագին եւ հրաժեշտի գոհաբանական խօսքերով Փանիկում հանդէս եկան համայնքի պաշտօնատար անձինք, Հայ կաթողիկէ տիկնանց եւ երիտասարդաց միութեան ներկայացուցիչները:
Եւ վերջում, բոլորի սրտագին եւ յուզումնալից մաղթանքներից յետոյ, իր խօսքը ներկաներին յղեց Գերյ. Վարդապետը.
«Իմ շատ սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,
2014 թուականի Փետրուարի 7-ին, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի եւ Արեւելեան Եւրոպայի Առաջնորդ Հօր՝ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ եւ տնօրինութեամբ ժամանեցի Հայաստան:
Առաջին հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն ինձ ասաց. «Հայր Գառնիկ, Հայաստանը դժուար առաքելութեան վայր է, ծառայի՛ր սրտով ու հոգով, ես քո կողքին եմ: Վստայ եմ, որ պիտի յաջուես»։
Այս խօսքերն էին, որ դարձան իմ նոր առաքելութեան կարգախօսը, թէեւ սկիզբը դիւրին չէր, սակայն վստահելով Աստծոյ ուժին, Աստուածամօր բարեխօսութեանը, ինչպէս նաեւ իմ հոգեւոր եղբայրների օժանդակութեանը՝ այսօր անկասկած կարող եմ բարձրաձայն ասել, այո՛, կարողացայ լաւագոյն կերպով կատարել ինձ յանձուած բոլոր եկեղեցական ձեռնարկները՝ որպէս հոգեւոր հովիւ Փանիկում, որպէս Երիտասարդաց խմբի նախագահ եւ այլազան պարտականութիւններ ի սպաս Հայ Կաթողիկէ զաւակների եւ ի պայծառութիւն Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ:
Ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ երբ դուք մի բարի գործ կատարեք, մի մտածեք, որ մի ինչ-որ աւել բան արեցիք, այլ երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացեք, թե՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ (Ղկ 17:11) Տարիներ անցան, լաւ եւ բեղուն ժամանակներ անցան եւ ահա՛ ժամը հնչեց հրաժեշտի:
Որպէս պատգամ սիրելիներս, ուզում եմ ձեզ ասել հետեւեալը. «Ձեր կյանքում փնտրեցէ՛ք Քրիստոսին, սիրեցէ՛ք միմեանց, եղէ՛ք հլու եւ հնազանդ Եկեղեցու հովիւներին եւ շարունակ փնտրեցեք Քրիստոսի Անձը, որպէսզի Տիրոջով գտնէք յաւիտէնական լոյսն ու ուրախութիւնը»։
Սուրբ Պատարագի աւարտին, պատարագիչ քահանան իբրեւ վերջին խօսք՝ հաւատաւոր ժողովրդին ասում է Յովհան Ոսկեբերան հայրապետի աղօթքներից մէկը. «Ո՜վ Տէր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին, Ապրեցրո՛ւ քո ժողովրդին եւ օրհնիր քո ժառանգութիւնը։
Պահպանիր քո Եկեղեցու ամբողջութիւնը։ Սրբի՛ր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչութիւնը։ Փառավորի՛ր մեզ քո աստուածային զօրութեամբ եւ մի՜ լքիր քեզ հուսացողներին։
Խաղաղութիւն պարգեւիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնեայ թագաւորներին, հայրապետներին եւ հայոց ազգին, նրա զինվորեալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։
Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարեալ պարգեւները վերևից են իջել՝ Քեզանից, որ լոյսի Հայր ես, եւ Քեզ վայելում է փառք, իշխանութիւն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն» (Հակոբոս Ա 17)։
Խորին եւ սրտագին երախտագիտութիւնս նախեւառաջ ուզում եմ յայտնել Ամէն. եւ Գերերջ. Ռափայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով խոնարհութեան եւ հնազանդութեան, անմնացորդ նուիրումի, պարզ ու շիտակ կեանքով ապրող անձի օրինակ է: Իմ առանձնայատուկ շնորհակալութիւնն եմ ուզում յայտնել Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցւոյ ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ քահանայ Մկրտչեանին, Արեւիկի եւ Լանջիկի ժողովրդապետ Տէր Նարեկ քահանայ Թադեւոսեանին, Երեւանի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Հայր Մաշտոց Վրդ. Զահթերեանին, Արփենիի եւ Հովտուն համայնքների ժողովրդապետ Հայր Եղիա Վրդ. Դերձակեանին, Երեւանի Հայ Կաթողիկէ համայնքի փոխժողովրդապետ Տէր Կոմիտաս քհն. Դաւէեանին, Տէր Մաշտոց քհն. Ղազարեանին, Ազատանի եւ Ձիթհանքովի Հայ Կաթողիկէների փոխժողովրդապետ Արժ. Տէր Միքայէլ Քհն. Տօմպուրեանին, Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Բաւրայի, Սարագիւղի Հայ Կաթողիկէների ժողովրդապետ՝ Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանին, ինչպէս նաեւ Տէր Ռուբէն Քհն. Միսսիսեանին, ովքեր այս տարիների ընթացքում դարձան ինձ համար աւագ եղբայրներ, ընկերներ, իմաստուն ու լրջախոհ խորհրդատուներ:
Իմ խորին շնորհակալութիւնը նաեւ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէին, ում հետ միասին կիսեցինք հոգեւոր վերջին այս շրջանը:
Իմ սրտի ջերմագին խօսքն եմ ուզում յղել նաեւ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպութեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հաւատաւոր ժողովրդին, տիկնանց միութիւններին, երիտասարդաց խմբերին, խորանի սպասաւորներին, երգչախմբերին, Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդանի անձնակազմին, բոլորին անուն առ անուն, ովքեր այս տարիների ընթացքում միշտ եղել են իմ կողքին, քանզի նրանց շնորհիւ է, որ իմ հոգեւոր առաքելութիւնը Հայաստանում էլ աւելի յաջող ընթացք ունեցաւ:
Իմ սիրելի հոգեւոր եղբայրներ՝ գերապատիւ վարդապետներ, արժանապատիւ տէր հայրեր, առաքինազարդ քոյրեր, հաւատաւոր ժողովուրդ՝ Հայաստանում եղած այս տարիների ընթացքում դուք եղաք մշտապէս ինձ հետ, իմ կողքին, կիսեցիք ինձ հետ թէ դժուարին եւ թէ ուրախ պահերը:
Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամէնի համար, որ ինձ տուեց:
Իմ քահանայական սրբազան օծման բնաբանին հաւատարիմ մնալով՝ դարձեալ հաստատում եմ՝ իմ ամբողջ կեանքը նուիրում եմ Աստծուն եւ Եկեղեցու զաւակների հոգու փրկութեանը, եւ ձեզանից խնդրում եմ, որ աղօթէք Հայաստանից դուրս իմ նոր սկսուող առաքելութեան համար եւ թող Քրիստոսի սէրը, խաղաղութիւնը եւ անդորրութիւնը ձեզ հետ լինի յաւիտեանս յաւիտենից Ամէն։
Սիրտս յաւերժ Հայաստանում է»:
Ինչպէս Փանիկում, այնպէս էլ Գիւմրիում Սուրբ Պատարագից անմիջապէս յետոյ կազմակերպուեց հիւրասիրութիւն:
Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան