• Քրիստոնեան պէտք է անվա՛խ վկայի իր տեսածն ու լսածը.Սրբազան Պապի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 13 ապրիլի, 2015թ.

    Քրիստոնեան պէտք է անվա՛խ վկայի իր տեսածն ու լսածը.Սրբազան Պապի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 13 ապրիլի, 2015թ.


    Սրբազան Քահանայապետի ապրիլի 13-ի առաւոտեան Սբ. Պատարագի քարոզի խօսքերը, կարծէս, տրամաբանական շարունակութիւնը լինեին նախորդ օրը հայ ժողովրդի համար նրա արած պատմական քայլի եւ Սուրբ Հոգով լի ու անխռով պատասխանը՝ Թուրքիայի քաղաքական հիստերիային: «Մենք չենք կարող լուռ մնալ այն իրողութիւնների շուրջ, որ տեսել ու լսել ենք».ասել է Քահանայապետը: Նա իր միտքը կառուցել է օրուայ ընթերցուածի վրայ՝ Գործք առաքելոց գրքից (3-4 գլուխներ), որտեղ պատմւում է այն մասին, թէ ինչպէս Պետրոս եւ Հովհաննէս առաքեալները հրաշք գործեցին եւ ապա բանտ նետուեցին՝ Յիսուսի անունով այլեւս չքարոզելու սպառնալիքի տակ: Բայց նրանք չվախեցան, այլ Տիրոջից զորութիւն խնդրեցին՝ չփախչելու, այլ խօսելու բաց ու ազնւութեամբ, քաջութեամբ: «Այսօր էլ Եկեղեցու ուղերձը բա՛ց լինելու, քրիստոնէական քաջութեա՛ն ուղերձն է…այս երկու պարզ մարդիկ, որ անկիրթ էին, քաջութիւ՛ն ունեին»: Բայց Յիսուսի մասին ազնւօրէն եւ համարձակ խօսելու կարողութիւնը մարդկային չէ, այն Սուրբ Հոգու շնորհն է, միայն նա՛ կարող է տալ մեզ քաջութիւն՝ քարոզելու Յիսուս Քրիստոսին: Եվ հենց այս քաջութիւնն է մեր քարոզը տարբերում պրոզելիտիզմից՝ մարդկանց հարկադրաբար քրիստոնեաներ դարձնելուց: Մենք չե՛նք գովազդում Յիսուսին՝ աւելի շատ անդամներ ունենալու համար, դրա կարիքը չկայ, դա քրիստոնէական չէ, ասել է Քահանայապետը: Քրիստոնեայի գործը քաջութեամբ քարոզելն է, եւ Սուրբ Հոգու օգնութեամբ Յիսուս Քրիստոսին քարոզելը ապշահար է անում մարդկանց, եւ այդ զարմանքն է օգնում մեզ առաջ գնալ: Իրական առաջամարտիկն այստեղ Սուրբ Հոգին է:

     Աւետարանի հատուածը, որ ընթերցուեց Սբ. Պատարագի ընթացքում, Յիսուսի եւ Նիկոդեմոսի երկխօսութիւնն էր: Քահանայապետի համար սա լաւ օրինակ է՝ բացատրելու համար, որ նոր կեանքը, նոր ծնունդը Սուրբ Հոգով է, որը փոխում է մեզ, մեր կեցութիւնը:

     Շատ միջոցներ կան, որոնք կարող ենք օգտագործել՝ քաջ լինելու համար, բայց քրիստոնեայի քաջութիւնը, որը պսակւում է մարտիրոսութեամբ, միայն Սուրբ Հոգու՛ միջոցով է իմաստ ստանում: «Մենք շատ գործեր կարող ենք անել, բայց եթէ չկայ Սուրբ Հոգին, այդ ամէնն անօգուտ է… Զատկից յետոյ Եկեղեցին մեզ պատրաստում է ստանալու Սուրբ Հոգին, ուստի Տիրոջից «խնդրե՛նք շնորհը՝ ստանալու Սուրբ Հոգին, որպէսզի նա մեզ տայ ճշմարիտ համարձակութիւնը՝ քարոզելու Յիսուս Քրիստոսին».ասել է Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց