• Զորակցություն հիվանդությանը՝ Աստվածային մոտիկությամբ և կարեկցանքով

    «Տառապանքը մեզ սովորեցնում է ապրել մարդկային և քրիստոնեական համերաշխությամբ` Աստծո «ոգով»:


    Ապրիլի 20-ի առավոտյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում ընդունեց Աստվածաշնչի Քահանայապետական հանձնաժողովի պատվիրակներին՝ «Հիվանդությունն ու տառապանքը Աստվածաշնչում» թեմայով ամենամյա լիագումար նիստի մասնակիցներին:

     

    Հյուրերին տրված ելույթի տեքստում Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս թեման վերաբերում է և՛ հավատացյալներին, և՛ ոչ հավատացյալներին, քանզի մեղքից վիրավորված մարդկային բնությունը սահմանափակ է ու խոցելի։ Ժամանակակից մտածողությամբ հիվանդությունը հաճախ դիտվում է որպես կորուստ և անհանգստություն, որին պետք է դիմակայել, նվազագույնի հասցնել և ամեն գնով ոչնչացնել: Մարդը վախենում է հիվանդության բարոյական և էկզիստենցիալ հետևանքներից, սակայն բոլորը փնտրում են դրա պատճառները, որի արդյունքում մարդը կամ դառնում է ինքնամփոփ, հուսահատվում և ըմբոստանում է, կամ էլ ընդունում է տառապանքը՝ դա դիտարկելով որպես առիթ աճման և կյանքում ամենակարևոր բաների ըմբռնման հնարավորություն՝ մինչև Աստծո հետ հանդիպումը: Հենց սա է «հավատքի տեսունակությունն է, որը մենք գտնում ենք Սուրբ Գրքում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Հին Կտակարանում մարդն իր հիվանդության ժամանակ մտածում է Աստծո մասին. իրեն վստահում է Ամենակարողին, խնդրում է բժշկություն, դարձի է գալիս: Նոր Կտակարանում Քրիստոսը՝ Հոր ողորմության մարմնավորումը, անընդհատ փնտրում է վիրավոր ու հիվանդ մարդկանց և շփվում նրանց հետ. «Հրաշք բժշկությունները Նրա ծառայության հիմնական հատկանիշներից են», ընդգծեց Նորին Սրբությունը: Հիսուսի գործուն կարեկցանքը ցույց է տալիս, որ Աստված այցելել է Իր ժողովրդին և Երկնքի Արքայությունը մոտ է: Տերն իրեն նույնացնում է հիվանդների հետ՝ ասելով. «ես հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք» (Մտթ. 25,36), բացի այդ «Քրիստոսի խաչը դառնում է մեզ հետ Աստծո համերաշխության բացառիկ նշանը և միևնույն ժամանակ փրկության գործում Նրան միանալու հնարավորություն»։ Հարուցյալ Տերը հանձնարարում է աշակերտներին շարունակել Իր առաքելությունը՝ «բժշկել հիվանդներին՝ նրանց օրհնելով Իր անունով»:

     

    Այսպիսով, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, Աստվածաշունչը «հիվանդության և մահվան հարցին բանական կամ ուտոպիստական ​​պատասխան չի տալիս, ոչ էլ անհասկանալի աստվածային դատաստանով վճռված ճակատագրական արդարացում է վերագրում»: Ընդհակառակը, աստվածաշնչյան մարդը տառապանքը տեսնում է որպես հանդիպման վայր Աստծո մոտիկության և կարեկցանքի հետ՝ «բարի Հոր, Ով անսահման ողորմությամբ հոգ է տանում Իր վիրավոր արարածների մասին, որպեսզի բուժի, հարություն տա և փրկի նրանց»:

     

    Քրիստոսով նույնիսկ տառապանքը վերածվում է սիրո, և այս աշխարհում ամեն բանի վերջը դառնում է հարության և փրկության հույս: Քրիստոնյայի համար հիվանդությունը միասնության մեծագույն պարգև է, որով Աստված նրան մասնակից է դարձնում բարության լիությանը, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Այն, թե ինչպես ենք մենք զգում և հաղթահարում ցավը, խոսում է սիրելու մեր ունակության, ողորմության լույսի ներքո՝ կյանքի շրջադարձային իրադարձություններն իմաստավորելու մեր կարողության և սահմանափակումները՝ որպես աճի ու փրկագնման հնարավորություն ընդունելու մեր պատրաստակամության մասին: Հենց դա է ընդգծում Սբ. Հովհաննես Պողոս II, երբ, հիմք ընդունելով անձնական փորձառությունը, մատնանշում է տառապանքի ճանապարհը՝ որպես ավելի մեծ սիրո առաջ բացվելու միջոց»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ տառապանքը մեզ սովորեցնում է ապրել մարդկային և քրիստոնեական համերաշխությամբ` Աստծո «ոգով». «Աստծային մոտիկություն, կարեկցանք և քնքշություն»։ Բարի Սամարացու առակը հիշեցնում է մեզ, որ ուրիշների ցավի հանդեպ կարեկցանքը կամայական ընտրություն չէ, այլ, ավելի շուտ, «էական պայման մարդու լիարժեք աճի և ընդհանուր բարօրությանն ուղղված ներառական հասարակության ստեղծման համար»։

     

    Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Աստվածաշնչի Քահանայապետական հանձնաժողովի անդամներին՝ հետազոտության և ուսուցման միջոցով, Աստծո Խոսքին տքնաջան ծառայության համար. «Դուք ուսումնասիրում եք հավատքի ինկուլտուրացիայի ամենակարևոր ոլորտներից մեկը, որը Եկեղեցու առաքելության հիմնարար մասն է»: Ընդորում, աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի կաճի, երբ դուք ձեր իսկ հոգևոր կյանքում ընդունեք Մարդեղության խորհուրդը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց