«Երբեք մի սպանեք Աստծո անունով, քանի որ Նրա համար մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք»:
Ապրիլի 19-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման ու հավատացյալների առաքելական եռանդի վերաբերյալ, խորհրդածելով «մեծաթիվ նահատակների, տարբեր տարիքի, լեզուների և ժողովուրդների մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Քրիստոսի»։
Առաքյալների սերունդից հետո նահատակները Ավետարանի ամենանշանավոր «վկաներն» եղան, ընդգծեց Նորին Սրբությունը՝ հիշեցնելով, որ նրանցից առաջինը Ստեփանոս նախավկան էր: «Նահատակություն» բառն ունի հունարեն μαρτυρία ծագում, որը նշանակում է վկայություն, ցուցմունք, սակայն շուտով Եկեղեցին սկսեց «նահատակ» բառը գործածել՝ նկատի ունենալով մեկին, ով վկայում էր մինչև արյան հեղումը:
Այս համատեքստում Սրբազան Քահանայապետը մեջբերեց մի հատված Օգոստինոս Երանելիի քարոզից՝ գրված Սուրբ Լավրենտիոսի տոնի առթիվ. «Հռոմեական Եկեղեցում ծառայում էր որպես սարկավագ։ Նա Քրիստոսի արյան սպասավորն էր և իր արյունը հեղեց հանուն Քրիստոսի: Սուրբ Հովհաննես առաքյալը հստակորեն պարզաբանում է Տիրոջ ընթրիքի խորհուրդը՝ ասելով. «Ինչպես Քրիստոսն իր կյանքը տվեց մեզ համար, այնպես էլ մենք պետք է մեր կյանքը տանք մեր եղբայրների համար»։ Սուրբ Լավրենտիոսը հասկացել էր դա և հենց այդպես էլ վարվեց. այն, ինչ նա ճաշակեց Տիրոջ սեղանից, դա էլ ցանկացավ զոհաբերել: Նա սիրեց Քրիստոսին իր կյանքով, սիրեց Նրան իր մահով» (Խոսք 304):
Այսպիսի խոսքերով Սբ. Օգոստինոսը պարզաբանում է նահատակների ոգեշնչվածության հոգևոր գործունությունը, ընդգծեց Նորին Սրբությունը և կոչ արեց հավատացյալներին հիշել բոլոր նահատակներին, ովքեր եղել են Եկեղեցու կյանքի ուղեկիցը, քանզի մեր ժամանակներում նրանք ավելի շատ են, քան առաջին դարերում։ Վատիկանի Տիեզերական Երկրորդ ժողովը հիշեցնում է, որ «նահատակությունը, որով աշակերտը նմանվում է Ուսուցչին, ով հոժարակամ ընդունում է մահը՝ հանուն աշխարհի փրկության և համապատասխանում է Նրան՝ իր արյան հեղմամբ, Եկեղեցին մեծարում և երկրպագում է որպես թանկագին պարգև և սիրո բարձրագույն ապացույց» (Lumen gentium 42): Նահատակներն՝ ընդօրինակելով Հիսուսին և Նրա շնորհի զորությամբ, բարի լուրը մերժողների դաժանությունը վերածում են մեծագույն սիրո, որի շնորհիվ էլ ներում են իրենց տանջողներին:
Թեև միայն քչերն են նահատակ լինելու, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, սակայն «բոլորը պետք է պատրաստ լինեն խոստովանել Քրիստոսին մարդկանց առջև և հետևել Նրա խաչի ճանապարհին հալածանքների ժամանակ, որոնց Եկեղեցին միշտ ենթարկվում է»: Նահատակները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է կյանքով վկայելու, նույնիսկ եթե այն չի հասնում արյան հեղմանը. աշակերտն իրեն որպես պարգև մատուցում է Աստծուն և իր մերձավորներին՝ ընդօրինակելով իր Ուսուցչին:
Նորին Սրբությունը հիշեցրեց քրիստոնեական վկայության մասին, որն առկա է աշխարհի բոլոր անկյուններում և բերեց Եմենի օրինակը. «Եմենն արդեն երկար տարիներ սարսափելի, մոռացված պատերազմով վիրավորված է, որը մեծաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել և շատերին դեռ ստիպում է տառապել, հատկապես երեխաներին»: Հենց այդ երկրում կան հավատքի վառ վկայություններ, ինչպես օրինակ Գթասրտության միսիոներ քույրերի վկայությունները, որոնք մահացան չարագործների ձեռքով՝ իրենց մահմեդական աշխատակիցների հետ միասին. «Արյան վկայությունը կարող է միավորել տարբեր կրոնների պատկանող մարդկանց, և դա դիպչում է սրտին: Երբեք մի սպանեք Աստծո անունով, քանի որ Նրա համար մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք»:
Ընդհանուր ունկնդրության ավարտին՝ Սրբազան Քահանաայապետը կոչ արեց հավատացյալներին աղոթել տոկուն ավետարանական վկայության պարգևի համար, նույնիսկ նեղության ժամանակ.
«Թող բոլոր սրբերն ու սուրբ նահատակները լինեն խաղաղության և հաշտության սերմեր ժողովուրդների միջև՝ հանուն ավելի մարդասեր և եղբայրական աշխարհի՝ այն սպասումով, որ Երկնքի Արքայությունն հայտնվի իր լիությամբ, երբ Աստված կլինի ամեն ինչ ամենքի մեջ»:
Ողջունելով աշխարհի տարբեր ծայրերից Սուրբ Պետրոսի հրապարակ ժամանած հազարավոր ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ասաց.
«Եկեք հարատևենք հոգևոր մոտիկության մեջ և աղոթենք մեր սիրելի, տանջված Ուկրաինայի համար, որը դեռ սարսափելի տառապանքներ է կրում»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը