• Եկե՛ք Եկեղեցին դարձնենք բոլորին սրտաբաց հյուրընկալող տուն

    «Մայր Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, որում դեռևս և հավիտյան դրոշմված են Աստծո սիրո մեծագույն նշանները»:


    Աստվածային Ողորմության կիրակի օրը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց հարուցյալ Հիսուսի երկու երևումների մասին՝ աշակերտներին և, մասնավորապես, Թովմասին, «անհավատ առաքյալին» (տես՝ Հվհ. 20,24-29):

     

    Իրականում Թովմասը միակը չէ, ով դժվարանում է հավատալ, և այս առումով նա ներկայացնում է մեզ բոլորիս, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Հավատալը այնքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ մարդը Թովմաս առաքյալի նման խորը հիասթափություն է ապրել: Նա երկար ժամանակ հետևել է Հիսուսին, վտանգի ենթարկվելով և զրկանքներ կրելով, սակայն Ուսուցիչը՝ որպես հանցագործ  խաչվեց, և ոչ ոք չազատեց Նրան, ոչ ոք ոչինչ չարեց: Նա մահացավ և բոլորը վախենում են: Ինչպե՞ս կրկին վստահել»:

     

    Սակայն, Թովմասը քաջություն է ցուցաբերում. մինչ մյուսները թաքնվում են Երուսաղեմի վերնասենյակում, նա դուրս է գալիս՝ վտանգի ենթարկելով իր կյանքը, քանի որ իրեն կարող էին ճանաչել տեղեկացնել իր մասին և ձերբակալել։ Թերևս իր այդ քաջության շնորհիվ նա բոլորից ավելի արժանի էր հարություն առած Տիրոջ հետ հանդիպմանը: Սակայն հենց իր բացակայության պատճառով էր, որ նա բաց թողեց Հիսուսին տեսնելու հնարավորությունը, երբ Զատիկի երեկոյան Նա առաջին անգամ երևաց աշակերտներին: Ինչպե՞ս կարող է այս առաքյալը վերադարձնել Տիրոջը: Միայն ընտանիք վերադառնալով, որին նա թողել էր վախեցած ու տխուր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Երբ նա վերադառնում է, նրան ասում են, որ Հիսուսն արդեն եկել է, ինչին Թոմասը դժվարանում է հավատալ և նա ուզում է իր աչքերով տեսնել Ուսուցչի հարությունը։ Տերը լսում է նրան և ութ օր հետո Նա կրկին «երևում է աշակերտներին ու ցույց տալիս նրանց Իր վերքերը, Իր սիրո երաշխիքները, Իր ողորմության միշտ բաց խողովակները»:

     

    «Եկե՛ք խորհենք այս փաստերի շուրջ», քանզի հավատալու համար Թովմասը ցանկանում էր դիպչել վերքերին, շարունակեց Նորին Սրբությունը: Տերն Իր վերքերը ցույց է տալիս առաքյալին, սակայն համայնքում բոլորի առաջ կանգնած, կարծես ցանկանալով նրան ասել. «Եթե դու ուզում ես հանդիպել Ինձ, ապա հեռու տեղեր մի փնտրիր, մնա համայնքում, մյուսների հետ, մի գնա, աղոթիր նրանց հետ, հաց բեկանիր նրանց հետ: Հենց այնտեղ դու կգտնես Ինձ, հենց այնտեղ Ես ցույց կտամ քեզ Իմ մարմնի մեջ դրոշմված վերքերի նշանները. Սիրո նշանները, որոնք հաղթում են ատելությանը, Ներման նշանները, որոնք զինաթափում են անում վրեժը, Կյանքի նշանները, որոնք հաղթում են մահին: Հենց այնտեղ՝ համայնքում, դու կտեսնես Իմ դեմքը, երբ կասկածի ու վախի պահերը կկիսես քո եղբայրների և քույրերի հետ»:

     

    Թովմասին ուղղված հրավերը վերաբերում է նաև մեզ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Որտե՞ղ ենք մենք փնտրում Հարուցյալին: Ի՞նչ-որ հատուկ իրադարձություններում, ի՞նչ-որ տպավորիչ կամ զարմանալի կրոնական երևույթների մեջ, թե՞ բացառապես մեր հույզերում և զգացմունքներում: Կամ էլ համայնքու՞մ, Եկեղեցու՞մ, ընդունելով նրա հետ մնալու մարտահրավերը, նույնիսկ եթե այն կատարյալ չէ: Չնայած բոլոր սահմանափակումներին ու անկումներին, որոնք մեր սահմանափակումներն ու անկումներն են, մեր Մայր Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, որում դեռևս և հավիտյան դրոշմված են Աստծո սիրո մեծագույն նշանները: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք հանուն այդ սիրո, հանուն Հիսուսի վերքերի՝ գրկաբաց ընդունել բոլոր նրանց, ովքեր վիրավոր են կյանքից՝ ոչ մեկին չբացառելով Աստծո ողորմությունից, այլ ընդունելով յուրաքանչյուրին որպես եղբայր, որպես քույր»։

     

    «Թող ողորմության մայր Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ սիրել Եկեղեցին և այն դարձնի բոլորին սրտաբաց հյուրընկալող տուն», – եզրափակեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց