• Ավետարանը հռչակվում է շարժման մեջ, ճանապարհին

    «Ավետաբերները նման են Քրիստոսի մարմնի ոտքերին, որ է Եկեղեցին»:


    Ապրիլի 12-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման ու առաքելական եռանդի վերաբերյալ, որպես օրինակ բերելով Պողոս առաքյալին՝ հղում անելով նրա որոշ նամակներին։

     

    Իր փորձառության շնորհիվ Պողոսը քաջատեղյակ է «խեղաթյուրված եռանդի» վտանգի մասին, – ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի ապագա առաքյալը նախանձախնդիր է եղել կործանարար գործերի մեջ մինչև իր ճակատագրական անկումը՝ Դամասկոս տանող ճանապարհին։ Երբեմն մենք նույնպես գործ ենք ունենում անտեղի նախանձախնդրության հետ՝ համառորեն պահպանելով զուտ մարդկային և քրիստոնեական համայնքի հնացած կարգադրությունները: «Նրանք բարի դիտավորությամբ չէ, որ հետաքրքրվում են ձեզանով» (Գաղ. 4.17): Ցավոք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քրիստոնեական համայնքում ոմանք սխալ ճանապարհով են գնում՝ պարծենալով առաքելական կեղծ մղումով, սակայն իրականում բավարարելով իրենց փառամոլությունը, եսասիրությունը կամ ծառայելով սեփական գաղափարներին:

     

    «Որո՞նք են, ըստ Պողոսի առաքյալի, ճշմարիտ ավետարանական նախանձախնդրության հատկանիշները», – հարց տվեց Նորին Սրբությունը: Եփեսացիներին ուղղված նամակում առաքյալը տալիս է «սպառազինությունների» ցուցակը հոգևոր պատերազմի համար: Դրանց թվում է Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ «ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ»: Ինչպե՞ս է ավետարանացման եռանդը կապված այն ամենի հետ, ինչ մարդը կրում է իր ոտքերին: Այս փոխաբերությունը համեմատելի է Եսայի մարգարեի խոսքի հետ. «Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, որ խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ ասելով Սիոնին, թե՝ «Քեզ վրա թագավորելու է Աստվածը»» (52,7)։

     

    Այստեղ ևս, ընդգծեց Նորին Սրբությունը, մենք գտնում ենք հիշատակումներ բարի լուրն ավետողի ոտքերի մասին, քանզի քարոզիչը «պետք է շարժվի, պետք է քայլի»: Այս տեքստում Պողոս առաքյալը խոսում է կոշիկների մասին՝ որպես զրահի մաս, որով պետք է զինված լինի պատերազմ գնացող մարտիկը. մարտում չափազանց կարևոր է կայունությունը, մարտադաշտում թշնամու թակարդներից խուսափելը, վազելու և ճիշտ ուղղությամբ շարժվելու համար անհրաժեշտ ճարպկություն ունենալը։

     

    «Ավետարանական եռանդն այն սյունն է, որի վրա հիմնվում է հռչակումը, իսկ ավետաբերները նման են Քրիստոսի մարմնի ոտքերին, որ է Եկեղեցին: Հռչակումն անհնար է առանց շարժման, առանց «սեփական ցանկապատից այն կողմ դուրս գալու», առանց նախաձեռնության։ Դուք չեք կարող Ավետարանը հռչակել առանց շարժվելու՝ ձեր գրասենյակում փակված, ձեր գրասեղանի կամ համակարգչի մոտ՝ ստեղնաշարով առյուծների մարտեր վարելով և ավետարանական ստեղծագործությունները փոխարինելով տարբեր տեղերից վերցված գաղափարների copy-paste-ով: Բարի լուրը հռչակվում է շարժման մեջ, ճանապարհին»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Պողոս առաքյալն օգտագործում է հունարեն տերմին ավետաբերների կոշիկները բնորոշելու համար, որը նշանակում է պատրաստակամություն, պատրաստություն, շարժունություն: Այս բառը հակառակն է անփութության, որն անհամատեղելի է սիրո հետ։ Առաքյալը մեկ այլ տեղ ասում է. «ջանասիրության մեջ չլինել թուլասիրտ, հոգո՛վ եռացեք, Տիրո՛ջը ծառայեցեք (Հռոմ. 12,11)։ Հենց այսպիսի վերաբերմունք էր պահանջում ցուցաբերել Ելից Գիրքը զատկական ընթրիքին՝ գառին, Աստծո փրկության նշանին. «Եվ կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է: Այդ գիշեր ես պիտի անցնեմ երկրով» (Ելք 12,11-12):

     

    Ըստ Նորին Սրբության, իսկական ավետաբերը միշտ պատրաստ է ճանապարհ ընկնելու. նա գիտի, որ Տերն ամենաանսպասելի ձևով անցնում է կողքով. «Ուստի նա պետք է զերծ լինի կաղապարներից և պատրաստ անսպասելի ու նոր գործողությունների»։ Ավետարանի քարոզիչը «չի կարող քարանալ կանխատեսելիության շղթաներում» կամ պնդել, որ «միշտ այդպես է եղել». նա պետք է ընդօրինակի Պողոս առաքյալին, որն իր մասին ասում է . «Իմ խոսքը և քարոզությունը իմաստության ճարտար խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորությամբ, որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ՝ Աստծո զորությամբ» (Ա Կորնթ 2,4-5):

     

    Պետք է միշտ պատրաստ լինել Ավետարանը նորովի ներկայացնելու, նախաձեռնող լինելու և առաջին քայլն անելու համար: «Դա նշանակում է բաց չթողնել խաղաղության Ավետարանը հռչակելու հնարավորությունը», – ուղերձի ավարտին ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց