«Ե՞րբ ենք մենք վերջին անգամ վկայել Հիսուսի մասին»:
«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց մի դրվագի շուրջ, երբ զատկական օրվա լուսաբացին կանայք հանդիպեցին հարություն առած Հիսուսին։
Սա հիշեցում է այն մասին, որ հենց կին աշակերտներն առաջինը տեսան և հանդիպեցին Հիսուսին, պարզաբանեց Նորին Սրբությունը.
«Մենք կարող ենք հարց տալ ինքներս մեզ. ինչո՞ւ հենց նրանք։ Շատ պարզ պատճառով, քանի որ նրանք առաջինը գնացին գերեզման։ Ինչպես բոլոր աշակերտները, նրանք նույնպես տառապում էին այն մտքից, թե ինչպիսի ավարտ ունեցավ Հիսուսի պատմությունը. բայց, ի տարբերություն մնացածի, նրանք չմնացին տանը՝ թախիծով ու վախով համակված, այլ վաղ առավոտյան՝ արևածագին, նրանք գնացին պատվելու և անուշաբույր յուղերով օծելու Հիսուսի մարմինը: Գերեզմանը կնքված էր և նրանք մտածում էին, թե ով պիտի քարը մի կողմ գլորի (տես՝ Մկ. 16,1-3): Սակայն իրենց սերն արտահայտելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նրանք չեն ընկճվում և հաղթահարում են իրենց վախերն ու թախիծը: Հենց սա է Հարուցյալին ձեռք բերելու ճանապարհը»:
Մատթեոսի Ավետարանում նկարագրվում է, որ կանայք գալիս են, տեսնում դատարկ գերեզմանն ու «վախով և մեծ ուրախությամբ» վազում են «հռչակելու Նրա աշակերտներին» (տես՝ Մտթ. 28,8): Եվ երբ նրանք գնում են այդ լուրը հռչակելու, Հիսուս նրանց ընդառաջ է գալիս, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տերը գալիս է, երբ մենք հռչակում ենք Նրան: Ահա թե ինչ են սովորեցնում մեզ կանայք. Հիսուսին դիմավորում են՝ Նրա մասին վկայելով:
Եկե՛ք սա դիտարկենք օրինակով, շարունակեց Նորին Սրբությունը.
«Երբ մենք ինչ-որ լավ լուր ենք ստանում, օրինակ իմանում ենք, որ երեխա է ծնվել, ապա առաջին բանը, որ անում ենք, այդ լավ և ուրախալի լուրով ընկերների հետ կիսվելն է: Իսկ երբ նրանց ասում ենք այդ լուրը, մենք վերապրում ենք այդ ուրախությունը: Ահա թե ինչ է լինում, երբ մենք լսում ենք բարի լուրեր, սակայն Հիսուսի մասին լուրը մեզ անսահման մեծ ուրախություն է պատճառում, քանի որ Նա պարզապես բարի լուր կամ նույնիսկ կյանքի լավագույն լուրը չէ, այլ հենց կյանքն է. «հարություն և կյանք» (տես՝ Հվհ. 11, 25):
Մենք պետք է Նրան հռչակենք՝ ոչ թե մեր վկայությունը վերածելով քարոզչության կամ հավատորսության, այլ հարգանքով ու սիրով կիսվենք, որպես գեղեցիկ պարգև, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Եկե՛ք կրկին անդրադառնանք Ավետարանի կանանց, շարունակեց Նորին Սրբությունը.
«Գերեզմանը քարով կնքված էր, սակայն նրանք գնացին: Ամբողջ քաղաքը տեսել էր Հիսուսին խաչի վրա, բայց նրանք գնացին քաղաք, որպեսզի հռչակեին, որ Նա ողջ է: Երբ մենք հանդիպում ենք Հիսուսին, ապա ոչ մի խոչընդոտ չի կարող մեզ հետ պահել Նրան հռչակելուց: Իսկ եթե մենք չենք կիսվում այդ ուրախությամբ, ապա միայն այն պատճառով է, որ մենք դեռ իսկապես չենք հանդիպել Նրան»:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն հարցրեց.
Ե՞րբ ենք մենք վերջին անգամ վկայել Հիսուսի մասին: Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի մեզ հանդիպած մարդիկ ևս ուրախանան Նրա մասին հռչակումը լսելիս: Կարո՞ղ է որևէ մեկը՝ մտածելով մեր մասին, ասի. այս մարդիկ հանգիստ են, երջանիկ, բարի, որովհետև հանդիպել են Հիսուսին։ Եկե՛ք խնդրենք Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի օգնի մեզ լինել Ավետարանի ուրախ հռչակողները»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը