• Յիսուսի անունը եղաւ հայ ազգի զաւակների վերջին ճիչը.կարդինալ Սանդրի խօսքը հայ երգչախմբերին

    Յիսուսի անունը եղաւ հայ ազգի զաւակների վերջին ճիչը.կարդինալ Սանդրի խօսքը հայ երգչախմբերին


    Ապրիլի 12-ը հագեցած էր զանազան իրադարձութիւններով: Երեկոյեան պատրիարքական «Կռունկ» երգչախումբը եւ Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը հոգեւոր եւ դասական երաժշտութեան ելույթներ են ունեցել Հռոմի Լեւոնեան քահանայապետական վարժարանի Սբ. Նիկողայոս եկեղեցում: Համերգը տեղի է ունեցել Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հովանու ներքոյ: Ներկայ են եղել եկեղեցական եւ դիւանագիտական պաշտոնեաներ: Սուրբ Աթոռի Արեւելեան Եկեղեցիների հաստատութեան կառավարիչ կարդինալ Լէոնարդո Սանդրին, ով եւս ներկայ էր համերգին, իր խօսքում ասել է հետեւեալը.

    «Առ Աստուած ձեր գոհաբանական եւ փառաբանական ձայները լսելի եղան այս առաւոտեան Սբ. Պետրոսի տաճարում՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի եւ Սբ. Գրիգոր Նարեկացուն Ընդհանրական Եկեղեցւոյ Վարդապետ հռչակման առթիւ մատուցուած Սբ. Պատարագի ժամանակ…Երգերը դարձան աղօթք, իսկ ցեղասպանութեան յուզիչ եւ վրդովիչ վկայութիւնները ամրապնդեցին մեզ հաւատքի մէջ: Հայ ժողովրդի դարերով ապրած ու պահպանած հաւատքը, չարչարանքի ու տառապանքի պահին, երբ առ երեւոյթս Աստուած լուռ է մնում, յատկանշւում է նրանց սրտից ու շրթունքներից մրմնջացուող պաղատանքով, յոյսի ու ապաւինումի երգերով։ Յիսուսի անունը եղաւ հայ ազգի զաւակների վերջին ճիչը, ինչպէս վերջերս արեցին իրենց գլխատումից առաջ, քրիստոնեայ 21 ղպտիները, Միջերկրականի ծովեզերքում, ու նոյն կացութեան մատնուեցին Աֆրիկայի ու Միջին Արեւելքի քրիստոնեաները։ Թող Ամենասուրբ Կոյս Մարիամը, Ս. Գրիգոր Լուսաւորիչը ու Ընդհանրական Եկեղեցւոյ Նոր Վարդապետը հսկեն ազնիւ հայ ժողովրդին»։

Օրացույց

Օրացույց